Այն չի տրամադրվել Սոչիում շինարարություն իրականացնելու համար: Բայց վարկի մի մասը տրվել է «ՀայՌուսգազարդին»
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հուլիսի 1-ին գրավոր հարցով դիմել էր ՀՀ կառավարությանը. «Ըստ 2009 թվականի հունիսի 26-ի Կառավարության Ն 717-Ա որոշման՝ Ռուսաստանի Դաշնության կողմից 2009 թվականին տրամադրված 500 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներից հաստատվեց տնտեսության կայունացման վարկավորման ծրագիրը, որի համաձայն ֆինանսավորվելու էին 3 բաղադրիչներ՝
1. Ֆինանսաբանկային համակարգի վարկավորում՝ 60.5 մլրդ դրամ
2. Փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորում՝ 6.4 մլրդ դրամ
3. Համակարգաստեղծ կամ խոշոր ենթակառուցվածքների գործունեություն ապահովող տնտեսվարող սուբյեկտների վարկավորում՝ 23.1 մլրդ դրամ:
Սրանով ռուսական 500 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վարկային միջոցներից հատկացվում է 90 մլրդ դրամ:
1. Ի՞նչ ծրագրեր է նախատեսում իրականացնել կառավարությունը մնացած վարկային միջոցների հաշվին:
2. Խնդրում եմ ներկայացնել այդ ծրագրերի նախահաշվարկը եւ ժամանակացույցը (կամ դրանց նախագծերը)՝ կապված տեղաբաշխման եւ օգտագործման հետ:
3. Համապատասխանո՞ւմ են արդյոք իրականությանը այն շրջանառվող լուրերը, համաձայն որոնց՝ նշված վարկային ռեսուրսներից շուրջ 100 մլն-ը ծախսվելու է ՌԴ Սոչի քաղաքում շինարարություն իրականացնելու վրա»:
Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով՝ այդ լուրերը «Ժառանգությանն» էր հայտնել ՀԱԿ անդամ տնտեսագետներից մեկը:
Հուլիսի 29-ին ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը պատասխանելով այս հարցմանը՝ հայտնել է. «ՀՀ վարչապետի 2009 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությանը Ռուսաստանի Դաշնության կողմից 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցների օգտագործման ուղղությունների մասին» թիվ 476-Ա որոշմամբ սահմանվել են պետական վարկի միջոցների օգտագործման հետեւյալ ուղղությունները.
1) ՀՀ պետական բյուջեից աղետի գոտում իրականացվող վերականգնողական ծրագրի գծով ծախսերի ֆինանսավորում,
2) «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցով փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտի վարկավորում,
3) Կայունացման հիմնադրամի ձեւավորում, որի միջոցները նախատեսվում է ուղղել տնտեսության, այդ թվում՝ համակարգաստեղծ ձեռնարկությունների վարկավորման, ազգային հիպոթեքային ընկերության աջակցության, պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման եւ, ըստ անհրաժեշտության՝ օրենքով կամ ՀՀ կառավարության կողմից սահմանվող այլ ուղղություններով օգտագործելու համար»:
Տիգրան Դավթյանը նշել է. «2010 թվականի վերջում նախատեսվում է կայունացման հիմնադրամի հաշվին ունենալ 17.15 մլրդ դրամ, որի հետագա օգտագործումը որոշվելու է ըստ անհրաժեշտության, որի առնչությամբ կընդունվի Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշում»: Նաեւ հավելել է. «Նշված վարկային ռեսուրսներից շուրջ 100 մլն դոլարը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում շինարարություն իրականացնելու համար ծախսելու մասին շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում»:
Ի դեպ, հարցմանը կից ներկայացված է տեղեկանք՝ ՌԴ կողմից 500 մլն դոլար վարկի միջոցների 2009-2010 թվականների փաստացի եւ պլանավորված օգտագործումների վերաբերյալ: Ըստ այդ տեղեկանքի, մասնավորապես՝ պարզվում է, որ շուրջ 40 մլն դոլար տրամադրվել է «ՀայՌուսգազարդ» ընկերության վարկավորմանը՝ 15,608 մլն դրամ:
Ռուսական վարկից 1,532 մլն դրամ էլ նախատեսվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գծով առաջացած պարտավորությունները վճարելու համար:
Իսկ աղետի գոտում անօթեւան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար այդ վարկից նախատեսվել է տրամադրել 49,950 մլն դրամ, եւ արդեն իսկ իրականացվել է 45,471 մլն դրամի ֆինանսավորում: