Այս համեմատությունն է երեկ ասուլիսում արել «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը
Երեկ «Հայելի» ակումբում բանավիճել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր, ԲՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Վահե Էնֆիաջյանը: Վերջինս անդրադառնալով «Զինապարտության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությանը՝ ասել է. «Ժամանակ առ ժամանակ, արդեն իսկ երրորդ անգամ այս օրենքը փորձում են շրջանառության մեջ մտցնել: Եվ աղմուկ է բարձրանում հատկապես շրջանավարտների մեջ, ավարտական կուրսերում գտնվող ուսանողների շրջանում կամ այն մարդկանց, ովքեր արդեն առաջիկայում պատրաստվում են գնալ ծառայության: Եվ 3 անգամ էլ այդ ձեւաչափով օրենքը չի անցնում ու չի մտնում շրջանառության մեջ»: Հիշեցրել է, թե դեռ 4 ամիս առաջ է ասուլիսում «Ժառանգությանն» առաջարկել հրապարակել ասպիրանտների ցուցակը, որ պարզ լինի, թե նրանց քանի տոկոսն է իրականում զբաղվում գիտությամբ. «Ես կարծում եմ, որ մի զգալի հատված չի զբաղվում գիտությամբ»:
Արմեն Մարտիրոսյանն ի պատասխան՝ ասել է. «Առաջին հերթին՝ ոչ միայն այն, թե գիտությամբ ովքեր են զբաղվում, այլ նաեւ կարծում եմ՝ շատ կարեւոր է, թե այսօր մեր իշխանական վերնախավում ո՛ր երիտասարդները կամ երիտասարդ կադրերն են, որոնք իբրեւ թե գիտությամբ զբաղվելու համար թեկնածուական են պաշտպանում ու անմիջապես դրանից հետո անցել են քաղաքական գործունեության: Մինչ այդ էլ քաղաքական գործունեությամբ էին զբաղվում, եւ, ըստ էության, գիտությամբ զբաղվելը դարձել է իրենց համար մի կարճ ժամանակահատվածում բանակից խուսափելու շատ լավ միջոց»:
«Հայելի» ակումբի վարողի հարցին, թե արդյոք որոշակի քայլ չի՞ լինի, եթե օրենսդրական նորմ սահմանվի, թե կուսակցությունները չպետք է բուհեր մտնեն՝ «Ժառանգության» պատգամավորն այսպես է պատասխանել. «Այդ խնդիրը կա ու շատ մեծ է: Բայց խնդիրը ոչ թե վերաբերում է նրան, որ կուսակցություններն են բուհեր մտած, այլ խնդիրն այն է, որ բացառապե՛ս իշխանական կուսակցություններն են բուհեր մտած՝ միմիա՛յն: Եվ նույնիսկ ուսանողության հետ հանդիպումներ կարող են միայն իրականացնել բացառապե՛ս իշխանության դաշտի ներկայացուցիչները: Ընդդիմությունից որեւէ մեկը՝ անկախ այն բանից՝ ինչ արժեք ունի իր կատարածը պետության համար, օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, չի կարող մուտք ունենալ որեւէ բուհ: Դա բացառապես իշխանական կոալիցիային տրված, այսպես ասած, մենաշնորհ է: Ինչպես բոլոր բնագավառներում՝ այստեղ եւս մենաշնորհային կարգավիճակ է»: Արմեն Մարտիրոսյանը հավելել է. «Բուհերի ԼԿԵՄ-ացումը (առաջ Կոմերիտմիությունն այդպես էր կոչվում), ես կարծում եմ՝ դրան տանելը բավականին սխալ քայլ է: Ու ընդհանրապես, մեր քաղաքական դաշտում տեսնում ենք, որ փորձում են ԽՄԿԿ-ի «հին, բարի» ավանդույթները վերականգնել: Եվ բոլոր պաշտոնյաները պետք է լինեն մեկ կուսակցությունից, ուսանողական առաջնորդները եւս պետք է մի կուսակցության երիտասարդական թեւը ներկայացնեն: Այս քաղաքականությունը, կարծում եմ, որոշակիորեն նաեւ ներքին մրցակցության բացառման ուղղությամբ է գնում. չէ՞ որ պետությունը կարող է կենսունակ լինել, երբ այնտեղ պայքարում են տարբեր գաղափարներ, տարբեր հոսանքներ, այդ գաղափարները եւ հոսանքները պայքարի արդյունքում կարողանում են կենսունակ դառնալ, այն գաղափարախոսությունը կամ այն ուղղությունը, հոսանքը, որն ավելի նպաստավոր է պետական քաղաքականության համար, հարթում է եւ առաջ է տանում նաեւ պետական քաղաքականությունը»:
«Ժառանգության» պատգամավորը համոզմունք է հայտնել, թե օրենքի շրջանակներում չի լուծվի այդ հարցը. «Չէ՞ որ մենք այսօր ունենք շատ ավելի խիստ օրենքներ՝ ուժային կառույցներում ապաքաղաքական, ապակուսակցական գործունեության վերաբերյալ, բայց տեսնում ենք, որ, օրինակ, ոստիկանապետն ասում է՝ ես նախագահի թիմի ներկայացուցիչ եմ: Անձնավորություն, որը պետք է, ըստ էության, ամբողջովին ապաքաղաքական լինի եւ բացառապես պետք է քրեական իրավունքին, օրինականությանը հետեւի՝ հեղափոխությունները բնում խեղդելու մասին է խոսում: Սա ցույց է տալիս, որ օրենքն, այնուամենայնիվ, չի գործում»: