Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ՔԱՎՈՐԸ՝ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱ՞Հ

Սեպտեմբեր 23,2010 00:00

\"\"Հաջորդ շաբաթ պարզ կդառնա, թե ով կզբաղեցնի թափուր մնացած պաշտոնը

Ինչպես արդեն գրվել է լրատվամիջոցներում, ՀՀ Անկախության տոնից մեկ օր առաջ ԲՀԿ անդամ Արեւիկ Պետրոսյանը հրաժարվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնից՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դժգոհ էր նրա աշխատանքից: Նա դեռ ոչ մի խոսք չի ասել իր հրաժարականի պատճառների մասին, իսկ նրա կուսակիցները այդ թեմայով հարցերին ի պատասխան՝ բազմանշանակ ժպտում են, չեն ուզում որեւէ կարծիք հայտնել, հիմնականում ասում են հետեւյալը՝ դե, պա՞րզ չի, ինչու: Իրականում՝ այնքան էլ պարզ չէ. իրո՞ք, ինչպես ոմանք կարծում են, իր վերջին ելույթներից մեկում ՀՀ նախագահի խոսքերը մեջբերելու համար:
Հայտնի է նաեւ, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում մամուլը տեսնում էր Արամ Սաֆարյանին, Նաիրա Զոհրաբյանին եւ Սամվել Բալասանյանին:
Առաջին երկուսը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ իրենց մասով հերքումի պես մի քանի նախադասություն ասացին, իսկ Սամվել Բալասանյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե իր մասով ոչինչ չունի ասելու, նման առաջարկ չի ստացել, եւ խորհուրդ տվեց սպասել կուսակցության քաղխորհրդի նիստին, որի ժամանակ էլ, ըստ ամենայնի, պարզ կդառնա, թե ով է լինելու ԱԺ փոխնախագահը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը մեզ հետ զրույցում նույնպես կանխատեսեց, որ կուսակցության նախագահը եկող շաբաթ քաղխորհրդի անդամներին կասի այն մարդու անունը, ով լինելու է ԱԺ փոխնախագահը, եւ քաղխորհուրդը, իհարկե, հավանություն կտա այդ թեկնածությանը:
Սրանով էլ կարելի կլիներ թեման փակել, եթե երեկ, որպես Ազգային ժողովի փոխնախագահի հավանական թեկնածու, չտարածվեր նաեւ Վարդան Բոստանջյանի անունը: Հիշեցնենք, որ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը վերջերս աչքի էր ընկել խորհրդարանում հրապարակավ քավորությունից հրաժարական տալու իր բավականին օրիգինալ քայլով:
Մեր հեռախոսազանգերը ապարդյուն էին՝ Վարդան Բոստանջյանը երեկ անհասանելի էր, բայց, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, կարկառուն ԲՀԿ-ականներից մեկն արդեն զրուցել է պրոֆեսորի հետ եւ ասել է, թե հավանական է՝ իրեն առաջարկվի այդ պաշտոնը: Թե ինչպես կզարգանան կրքերը այս կուսակցության շուրջ, առայժմ անորոշ է: Բայց որ դեռ անակնկալներ կլինեն՝ անկասկած է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել