Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՅԻ ՍԵՐՄԸ ԼԱՎՆ Է, ԲԱՅՑ ՆԱԽԱՆՁԸ ՄԵԶ ԽԵՂԴՈՒՄ Է»

Սեպտեմբեր 23,2010 00:00

\"\"Ըստ բանակի նախկին բարձրաստիճան սպա Ալեքսան Մինասյանի, հայկական բանակի խնդիրները վատ դաստիարակության կամ դաստիարակության բացակայության հետեւանք են:

«Բանակը մեր հասարակության հայելային անդրադարձն է, եւ ինչպիսի հասարակություն ունենք, այնպիսին էլ բանակն է: Ո՞ւմ ենք բանակ ուղարկում: Այդ մասին մենք խուսափում ենք խոսել: Երիտասարդին ուղարկում ենք բանակ եւ ուզում ենք այնտեղից ստանալ արդեն կազմավորված եւ ձեւավորված հայ ընտանիքի հայր: Իսկ մենք ցանե՞լ ենք այն սերմը, ինչ բերքի որ սպասում ենք: Կարծում եմ՝ ոչ: Դա վերաբերում է եւ զինվորներին, եւ սպաներին»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ անդրադառնալով վերջին շրջանում հայկական բանակում եղած աղմկահարույց իրադարձություններին՝ ասաց «Մոնթե Մելքոնյան» ռազմական հաստատության հիմնադիր Ալեքսան Մինասյանը, ով իր լուման ունեցել է բանակաշինության գործում: Իր բազմամյա փորձից ելնելով՝ մեր զրուցակիցը գտնում է, որ երեխայի ճիշտ դաստիարակությամբ մենք չենք զբաղվում: Այն թողնվում է միայն դպրոցին, ինչը սխալ է, քանզի դպրոցը հիմնականում կրթական օջախ է, իսկ դաստիարակության խնդիրներն այնտեղ 5-10 տոկոսով են միայն լուծվում: Իր հիմնադրած «Ժայռ» կազմակերպության շրջանակներում, որին անդամակցում են մոտ 7 հազար երեխաներ ու պատանիներ, մեր զրուցակիցը փորձում է կյանքի կոչել իր պատկերացումները. «Դեռ մանկուց մենք պետք է սեր, հոգատարություն, միմյանց նկատմամբ ուշադրություն, արդարություն սերմանենք երեխայի մեջ, որ բանակում արդեն արդյունքը ստանանք: Երբ այս արժեքները դառնան գերակա եւ հաղթող, երբ «ներել, սիրել, արարել»-ը կլինի կարգախոս՝ խնդիրների մեծ մասը կվերանա: Հասարակությունն այստեղ մեծ գործ ունի անելու, ճիշտ չէ ամեն ինչ բանակի վրա գլորելը: Ես ԽՍՀՄ-ի ջերմեռանդ երկրպագուն չեմ, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո փլուզվեցին մանկական շատ կրթադաստիարակչական կազմակերպություններ, որոնք զբաղվում էին հենց այդ խնդիրներով: Շատ դեպքերում այդտեղ նաեւ պարտադրանքի տարր կար, բայց այդ պիոներ-պալատները՝ իրենց տարբեր խմբակներով, ամառային ճամբարները մեծ գործ էին անում երեխային հասարակության անդամ դաստիարակելու գործում: Եվ դա մշակված, համակարգված պետական ծրագիր էր: Մենք ամեն ինչ թողել ենք բախտի քմահաճույքին, բայց մեծ-մեծ պահանջներ ենք դնում: Մենք հասարակության դաստիարակության մեթոդոլոգիա չունենք, չենք էլ ուզում ունենալ»:
Մեր զրուցակցին վրդովեցնում է, որ բոլորն այսօր անտարբեր են դարձել ամեն ինչի նկատմամբ, մարդիկ անգամ զլանում են իրենց բակի, ասենք, փոսը լցնել՝ պահանջելով, որ դա մեկ ուրիշն անի, կամ դրա համար իրեն գումար տան՝ «քարը քարին չենք դնում, միայն խոսում ենք, պահանջում, փնովում ամենքին»: «Առավոտի» դիտարկմանը, որ թերեւս ճիշտ չէ հասարակ մահկանացուներին մեղադրել անտարբերության, հանրօգուտ հասարակական աշխատանք չկատարելու եւ նման բաների մեջ, քանի որ «վերեւներն» իրենց պահվածքով են հասարակությունն այս վիճակին հասցրել, նախկին պաշտոնյան նկատեց. «Մեծահասակները, մեր սերունդը, չեմ վիճում, անարդարություն, անհավասարություն, անազնվություն տեսել են, բայց երեխան չի տեսել: Անպայման կարգով պետք չէ կոտրել մեր միջի ինքնասպառման ինստինկտը: Եկեք այդ մատղաշ շիվը չկոտրենք, նրանց այլ արժեքներ սերմանենք: Մեր կազմակերպությունում մենք հենց դա էլ անում ենք: Կարող է՝ քիչ ենք, բայց սայլը պետք է մի օր մի տեղից շարժվի: Գուցե սխալվում ենք, հոգ չէ, մյուսները մեր սխալը չեն կրկնի, բայց այս համատարած անտարբերությամբ այլեւս անհնար է առաջ գնալ: Ես չեմ ամաչում ասել, որ իմ սերունդը գող է. դեռ սովետական տարիներից ով որտեղից ինչ հասցնում՝ գողանում էր, նրանց վրա հույս դնել չի լինի: Նոր սերունդը շատ ավելի լավն է, նաեւ կոտրված չէ, եւ ես վստահ եմ, որ հաջողելու է»: Այս ամենում մեր զրուցակիցը ոչ քաղաքականություն է դնում, ոչ նախանձախնդրություն: Ասում է, որ ոչ իշխանամետ են, ոչ ընդդիմադիր, ընդամենը ցանկանում են Հայաստանը հարատեւության մեջ տեսնել: Նրա կարծիքով, անկախ իշխանություններից եւ նրանց որակից, այս խնդիրները մեր հասարակության համար պետք է գերակա լինեն. «Անկախությունը պահպանելու համար ուժ է պետք, իսկ ուժը միաբանության մեջ է: Ուժ, տղամարդկություն պիտի ձեռք բերենք՝ իրականությանը նայելու: Պետք է վերջ դնենք հայրենակցականությանն ու միաբան լինենք: Հայրենակցականության գաղափարը ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը 47 թվականին  դրեց շրջանառության մեջ՝ պետությունները քանդելու համար: Հիմա մենք նման խնդիրներ ենք խաղացնում: Հրացանավոր ազգ ենք. պատերազմի ժամանակ միաբան գնում՝ հարցերը լուծում ենք, երբ ամեն ինչ վերջացել է, ու մեր հրացանը պիտի գնդացրի վերածենք, լենինականցի, արարատցի, ղարաբաղցի ենք խաղում: Համաձայն եմ, հայի սերմը շատ լավն է, բայց փաստ է, որ մեր երկիրը չենք կարողանում կառուցել, նախանձը մեզ խեղդում է: Եթե հզոր պետություն ենք ուզում, պետք է նախ հասարակություն դառնանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել