ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ քսանիններորդ
ԳՐԵԼՈՎ ԵՎ ՋՆՋԵԼՈՎ
Եվ հիմա հորս հիշելով ու հորս հետ համեմատվելով՝ զարմանում եմ, որ իրենից էս մակարդակի ու էս կարգի մի հազվագյուտ փառասեր ծնվեց, եւ հիմա էս ասածիս մեջ ավելի խորանալով՝ սկսում եմ գիտակցել ու հասկանալ, որ ես Շենգավիթցի Ռաֆոյից ու Նոբելյան երազող բոլորից ավելի փառասեր եմ, ըստ այդմ էլ՝ էդ բոլորից ավելի հոգեկան, որովհետեւ իրենք ընդամենը Նոբելյան ստանալ են երազում, մինչդեռ նվաստս որոշել է աշխարհի ամենաերկար վեպի հեղինակը դառնալ. ընդ որում՝ ոչ միայն որոշել եմ, այլեւ քայլ առ քայլ ու հետեւողականորեն իրականացնում եմ փառասիրության իմաստով էդ բացառիկ ու աննախադեպ որոշումս, ու էս շարունակական գործընթացն ինձ էնքան է ոգեւորել, որ նույնիսկ մի պահ կանգ չեմ առնում՝ ճշտելու, թե՝ արդյո՞ք ինձնից առաջ որեւէ ուրիշը տասը հատորանոց վեպ չի գրել, ու կանգ չեմ առնում ու էդ հանգամանքը չեմ ճշտում ո՛չ միայն էն պատճառով, որ ամենեւին մտադիր չեմ էս տասը հատորներով սահմանափակվել, այլեւ հասկանում ու գիտակցում եմ, որ եթե նույնիսկ ինձնից առաջ էս վեպիցս մեծ վեպ չեն գրել, մի օր հաստատ կգրեն, որովհետեւ հնարավոր չի, որ երբեւէ ավելի համառ, ավելի փառասեր ու ավելի շեղված մեկն աշխարհ չգա, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում, թե ես արհեստականորեն եմ ձգում էս շարունակելին եւ արհեստականորեն եմ էս հատորներիս քանակությունն ավելացնում. ընդհակառակը. էս շարունակականությունն ինձ համար վաղուց արդեն բնական ընթացք է, եւ եթե էս աննախադեպ ծավալն ու հատորներիս քանակությունն արհեստականորեն ավելացնելու ցանկություն ու ձգտում ունենայի, վաղուց էս տասներորդս ավարտած ու տասնմեկերորդս սկսած կլինեի, մինչդեռ, ինչպես տեսնում եք, խոսքս շարունակ նոր խոսք է բերում, ու ես ամենեւին չեմ ջանում նոր խոսքս նոր հատոր տեղափոխել, ու էդ է պատճառը, որ էս հատորս էսքան երկար ստացվեց, ու էս հանգամանքը նաեւ վկայում է, որ ես ժամանակ առ ժամանակ փառասիրությունս հաղթահարելով՝ անկախ ինձանից խորանում ու սուզվում եմ ասելիքիս ու ասածներիս խորքերը. այսինքն, ես ժամանակ առ ժամանակ ո՛չ թե պարզապես գրում ու գրական ռեկորդս եմ թարմացնում, այլ շարունակում եմ ապրել, ընդ որում՝ գրելո՛վ ապրել, երբեմն նաեւ՝ ջնջելով. նաեւ ջնջելով, որովհետեւ երբեմն-երբեմն չափից ավելի անկեղծանալով՝ չափից ավելի եմ մոտենում իրականությանն ու ճշմարտությանը, բայց հընթացս հիշելով ու հասկանալով, որ դուք երբեւէ որեւէ ճշմարտախոսի չեք ներել, տողերիս արանքներից մեկ առ մեկ ճշմարտություններս հայտնաբերում, հանում ու աղբարկղն եմ գցում՝ հընթացս նաեւ հիշելով ու գիտակցելով, որ դուք՝ ընթերցողներդ ու չընթերցողներդ, ճշմարտությունն ավելի եք ատում, քան նույնիսկ՝ ճշմարտությունն ասողներին, որովհետեւ գոյություն չունի էնպիսի մի ճշմարտություն, որը ներսից ու դրսից չմերկացնի անխտիր բոլոր մահկանացուներիս՝ ներառյալ ամենաճշմարտասերներին, եւ հիմա որ էս ուղղությամբ ավելի եմ խորանում, սկսում եմ նաեւ հասկանալ, որ գրողներս չգրողներից առանձնապես չենք տարբերվում՝ էն իմաստով, որ չգրողները նույնպես շարունակաբար դիմացինին խնայում ու դիմացինի մասին իրենց մտածածը դիմացինի երեսին չեն շպրտում, իսկ ավելի ճշգրիտ՝ իրենք իրենց զսպելով՝ ո՛չ թե դիմացինին են խնայում, այլ՝ իրենք իրենց, եւ նույնն էլ շարունակաբար դիմացինն է անում, եւ նույնն էլ գրողներս ենք անում՝ ինքներս մեզ զսպելով ու չգրելով հատկապես էն՝ ինչը որ պիտի գրեինք, ու էս ասածս հավասարապես վերաբերում է մեծուփոքր բոլոր գրողներին եւ հատկապես մեծերին, որովհետեւ ճշմարտությունը չասելու հարցում հատկապես մեծերն են իրենց առավելագույնս զսպել, եւ զսպվածություն ասածը մեծերից անհամեմատ մեծ ջանքեր ու ճիգեր է քամում, քան՝ փոքրերից ու սովորականներից, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում, թե մեծերն ամբո՛ղջ ճշմարտությունն են թաքցրել ընթերցողներից ու չընթերցողներից, եւ քանի որ զսպվածություն կոչվածը հատկապես մեծերից է մեծ ջանքեր ու ճիգեր պահանջում ու խլում, մեծերը երբեմն-երբեմն վրիպում ու, անկախ իրենցից, որոշ ճշմարտություններ են բաց թողնում, ու էս որոշ ճշմարտություններն ընթերցողների ու չընթերցողների համար չափազանց երեւելի ու որոշակի են, որովհետեւ, չնայած մեջներիցս ամենափոքրն անգամ ողջ ճշմարտությունը գիտի, այդուհանդերձ, սովոր չի, որ մեջներիցս ամենամեծերն անգամ ճշմարտության թեկուզեւ չնչին մասն ասեն կամ գրեն, եւ երբ ամենամեծերն իրենց կամքից անկախ էդ չնչին մասն ասում կամ գրում են, էդ չնչինն էնքան մեծ է թվում, որ մեջներիս փոքրերն ու չնչիններն արդեն չեն ներում էդ մեծին, ավելի ճիշտ՝ իրենք իրե՛նց չեն ներում, որ էդքան ժամանակ հանդուրժել են էդ մեկին, եւ էդ չներելը հաճախ ավարտվում է սպանությամբ՝ հոգեկան կամ ֆիզիկական, հիմնականում՝ ե՛ւ հոգեկան, ե՛ւ ֆիզիկական, եւ չնայած փոքրերս ու չնչիններս բացարձակ մեծամասնություն ենք, այդուհանդերձ, ո՛չ բոլորս ենք մարդասպան դառնում, եւ դրա պատճառն էլ էն է, որ ճշմարտության ընդամենը չնչին մասն է մեծի կողմից ասված լինում, եւ չնայած ցանկացած՝ նույնիսկ ամենաչնչին ճշմարտությունն անխտիր բոլորիս է վերաբերում, այդուհանդերձ, ո՛չ բոլորն են էդ բանը գիտակցում ու հասկանում, որովհետեւ փոքրերս ու չնչիններս սովորաբար ճշմարտության երեւացող ու անձամբ մեզ վերաբերող երեսն ենք ճանաչում ու տեսնում, ընդ որում՝ ճշմարտության երեւացո՛ղ երեսն ու մակերեսը, եւ քանի որ մեջներիս ամենամեծերն իրենցից անկախ՝ ճշմարտության թեկուզեւ ամենաչնչին մասը ողջ խորությամբ են մատնանշում ու բացահայտում, շատ հաճախ փոքրերիս ու չնչիններիս կողմից չհասկացված են մնում, եւ իրենց էդ չհասկացվելը շատ դեպքերում իրենց համար ոչ թե դժբախտություն է, այլ՝ բացառիկ բախտ, որովհետեւ մեջներիս էդ ամենամեծերը երբեմն չհասկացված լինելու շնորհիվ են հաջողությամբ պլստում փոքրերիս մահացու նետերից, եւ չհասկացվելու շնորհիվ ոչ թե ժողովրդի ու մարդկության թշնամի են համարվում, այլ ընդամենը՝ հոգեկան հիվանդներ, եւ քանի որ մեջներիս ամենամեծերը սովորաբար օձի պես խորագետ են եւ աղավնու պես միամիտ, շատ հաճախ միամտորեն տանջվում ու տառապում են իրենց չհասկացված լինելու հանգամանքից եւ հաճախ էնքան խորությամբ են տանջվում ու տառապում, որ, ի վերջո, իսկապես հոգեկան են դառնում եւ իսկապես հոգեկան դառնալով՝ էդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ իրենց ապրելու եւ չզոհվելու միակ պատճառն իրենց չհասկացված լինելն էր, չնայած… հարցի մյուս կողմն էլ կա եւ հարցի մյուս կողմն էլ էն է, որ մեջներիս էդ մեծերից ամենամեծերը մահն անգամ գերադասում են չհասկացված լինելուց, որովհետեւ էդ մեծերից ամենամեծերը հիմնականում փոքրերի՛ս համար են ապրում, խոսում ու գործում, քան՝ իրենց, բայց հիմա որ էս ասածներիս մեջ ավելի եմ խորանում ու էս ասածներիս շուրջ ավելի ու ավելի եմ մտածում, սկսում եմ նաեւ հասկանալ, որ էս ասածներս Հավատացյալ Խորենի հետ որեւէ առնչություն չունեն՝ ոչ թե էն պատճառով, որ Խորենը մեջներիս մեծերից չէր, այլ, ընդհակառակը, ամենամեծն էր իմ ճանաչածներից ու տեսածներից. այդուհանդերձ, Հավատացյալ Խորենն իր չհասկացված լինելու մասին երբեւէ չմտածեց, առավել եւս՝ չտանջվեց ու չտառապեց էդ պատճառով, եւ, ըստ ամենայնի, ընդհանրապես չէր տանջվում ու չէր տառապում որեւէ պատճառով, այլ ընդամենն ապրում ու շռայլում էր իր անթիվ ու անհամար ժպիտներն ու ճշմարտությունները, եւ չնայած իրեն բացառություն արինք՝ չսպանեցինք ու հնարավորություն տվինք, որ իր բնական մահով հեռանա, ինքը մեր էդ շռայլությունն էլ էր անկարող ընկալել, որովհետեւ իր համար մահն ընդամենը կյանքի շարունակությունն էր, ընդ որում՝ միանգամայն բնակա՛ն շարունակությունն էր, եւ չնայած շատերն իրեն էլ էին հոգեկան հիվանդ համարում, եւ չնայած իմ պիղծ մտքով էլ է երբեմն-երբեմն էդ բանն անցել, այդուհանդերձ, էդ հանգամանքն իրեն բացարձակապես չէր հետաքրքրում ու անհանգստացնում, եւ եթե երբեւէ անհանգստանում էր, միայն ու միայն մե՛զ համար էր անհանգստանում, որովհետեւ մենք էինք մահից ու ամեն ինչից վախեցածները, եւ ձեզանից քչերն էս ասածներիս կհավատան, որովհետեւ ձեզանից քչերին է բախտ վիճակվել տեսնել ու լսել Հավատացյալ Խորենին, ու ես էդ բախտավոր քչերից եմ, որ տեսա, լսեցի, ճանաչեցի ու հասկացա իրեն։ Հետմահու, իհարկե։
ՎԵՐՋ ՏԱՍՆԵՐՈՐԴ ԳՐՔԻ
Էս տասնմեկերորդ գիրքս միանգամայն հանգիստ խղճով եմ սկսում, որովհետեւ արդեն վերջնականապես եմ համոզվել, որ իմ էս անվերջանալին ու անվերջ շարունակելին ոչ թե ինչ-որ գիրք կամ վեպ է, այլ ընդամենը՝ ճակատագիր, եւ չնայած էս անվերջանալին ու շարունակելին շարունակում է նյարդայնացնել ոմանց, էդ հանգամանքն արդեն ինձ առանձնապես չի անհանգստացնում, որովհետեւ արդեն վերջնականապես եմ տրամադրվել ու համակերպվել ճակատագրիս էս վերջնական տարբերակին, եւ նյարդայնացնողներին էլ խորհուրդ կտամ չնյարդայնանալ եւ վատագույն դեպքում համակերպվել էն տհաճ իրողության հետ, որ էս անվերջանալին ու անիմանալին ոչ միայն ի՛մ ճակատագիրն է, այլեւ՝ իրենցը, ու էս ասածս, հավատացած եմ, վաղ թե ուշ տեղ կհասնի, որովհետեւ ճակատագիր կոչվածն իր մեջ ավելի շատ բացասական, քան դրական բովանդակություն է պարունակում, եւ հատկապես ու առանձնապես հայերիս մտապատկերի մեջ է բացասական բովանդակություն պարունակում, եւ հայերս հիմնականում ձախորդություններն ու մահվան ելքով պատահարներն ենք ճակատագիր անվանում, եւ եթե մեկը հարուստ, չաղ ու բախտավոր է, համարում ենք, որ էդ մեկի հարստությունը, չաղությունն ու բախտավորությունը ոչ թե էդ մեկի ճակատագիրն է, այլ՝ բախտը. այսինքն, մենք ճակատագիր բառի մեջ հիմնականում բացասական իմաստներ ենք ներարկում եւ բախտ բառի մեջ՝ հիմնականում դրական, ու վերստին էս անվերջանալիիս վերադառնալով ու անդրադառնալով՝ կարող եմ վստահորեն ասել, որ էս վեպիս գոյությունը Գեւուշի, Արիսի, Արոյի, Արշոյի, Սուրենի, Գեւորի, Հովիկի, Վաչոյի, Սաքոյի, Հակոբի, հորաքրոջս ու հատկապես Շեկոյան ու Փարվանյան ազգականներիս համար ոչ թե ճակատագիր է, այլ՝ իսկական բախտ, որովհետեւ էս թվարկվածները սրտատրոփ ու անհամբերությամբ են սպասում «Առավոտի» էս շաբաթօրյա համարներին, ու էս անվերջանալին ճակատագիր է բոլոր նրանց համար, ովքեր առանձնահատուկ զզվանքով ու արգահատանքով են վերաբերվում շաբաթօրյա «Առավոտի» էս զույգ էջերիս ու հատկապես աջ կողմի կրկնվող լուսանկարներիս, եւ որոշների մոտ էս կանոնավոր ու պարբերական զզվանքն արդեն թշնամության է վերաճել, եւ չնայած ամբողջ կյանքում կարծել եմ, թե թշնամիներ չունեմ, հիմա արդեն սկսում եմ հակառակը կարծել, որովհետեւ էս ընթացքում ահագին թշնամիներ ձեռք բերեցի էս անվերջանալիիս շնորհիվ, ավելի ճիշտ՝ էս անվերջանալիիս պատճառով, եւ հիմա, երբ էս վերջին նախադասությունն ավարտեցի, մտածում եմ, որ հայերս նաեւ պատճառով ու շնորհիվ բառերն ենք հաճախ սխալ օգտագործում, եւ գրողների մեջ էլ էս երկու բառերը շփոթողներ կան, ու էդ շփոթողներից մեկի մասին Հրանտ Մաթեւոսյանը կատակով ասում էր՝ «շատ ուժեղ գրող ա, բայց ափսոս՝ պատճառովն ու շնորհիվն իրարից չի տարբերում», եւ էդ մեկի մասին Հրանտը հաճախ էր իր էդ կատակն ասում՝ առանց իմանալու, որ տարիներ հետո հենց էդ մեկն է Հրանտ Մաթեւոսյանի անվան գրական մրցանակին արժանանալու, եւ էդ մեկն էդ մրցանակին արժանացավ ոչ էնքան էդ մրցանակը շնորհող հանձնաժողովի անդամների շնորհիվ, այլ՝ Հրանտից երկար ապրելու պատճառով, որովհետեւ եթե Հրանտ Մաթեւոսյանի անվան գրական մրցանակի դափնեկիրները Հրանտից երկար չապրեին, էդ մրցանակին հաստատ չէին արժանանա՝ էն պարզ պատճառով, որ էդ մրցանակը, ինչպես Նոբելյանը, տրվում է միայն կենդանի ու ապրող մարդկանց, եւ եթե Հրանտը ժամանակին կռահած լիներ, որ իր անվան մրցանակը երբեւէ կարող է բաժին հասնել էդ մեկին, հաստատ էդ մեկի հասցեին իր էդ չափազանցված ու շարունակական կատակը չէր անի, եւ ընդհանրապես՝ եթե Հրանտը ժամանակին պատկերացներ, որ իր անունը կրող մրցանակը բաժին է հասնելու մեր գրողներից ոմանց, երեւի ծխելը կտրուկ պակասեցներ ու մինչեւ էսօր ապրեր, որպեսզի իր անունը կրող էդ մրցանակն ընդհանրապես գոյություն չունենար, եւ էս գրածս կարդալով՝ հիմի էլ սկսելու են ինձ քննադատել, ասելով, թե՝ Հրանտի անվան մրցանակը ստացողներին եմ նախանձում, եւ շատ ճիշտ կասեն, որովհետեւ, ինչ մեղքս թաքցնեմ, ամենից ավելի հենց էդ մրցանակը կուզեի ստանալ, քանի որ համոզված եմ՝ Հրանտն ինքն էլ շատ կուզեր, որ իր անունը կրող մրցանակն անձամբ ինձ բաժին հասներ, որովհետեւ ես էն քչերից էի, որոնց հետ Հրանտը ոչ միայն գրականությունից էր խոսում, այլեւ՝ կյանքից ու ամեն ինչից, եւ Համո Սահյանն էլ էր հետս գրականությունից ու ամեն ինչից խոսում, եւ եթե Համո Սահյանի անվան գրական մրցանակ գոյություն ունենար, էդ մրցանակի գծով էլ էի ամենաարժանավորն ինձ համարելու, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Հրանտի անվան գրական մրցանակին, էդ մրցանակից միգուցե հրաժարվեի՝ հասկանալով ու գիտակցելով, որ էդ մրցանակն առաջին հերթին Վանոյին է հասնում, որովհետեւ Հրանտը մշտապես հիացած էր Վանոյի գրականությամբ ու Վանոյի անձով, իսկ ինչ վերաբերում է Հրանտի՝ իմ հանդեպ վերաբերմունքին, համոզված եմ, որ ինքը դեմ չէր լինի, որ իր անունը կրող մրցանակը մի անգամ էլ ինձ բաժին հասներ, բայց միայն՝ Վանոյից հետո, եւ հիմա շարունակելով երեւակայությանս զոռ տալ՝ պատկերացնում եմ, որ մահիցս հետո իմ անունը կրող գրական մրցանակը բաժին է հասնում էս վեպիցս զզվողներից նրանց, որոնք, զզվելով հանդերձ, համառորեն ու պնդաճակատորեն շարունակում են կարդալ իմ էս անվերջանալին՝ չհասկանալով, որ իրենցից ավելի համառ ու պնդաճակատ եմ եւ էնքան եմ գրելու ու շարունակելու, մինչեւ հոգնեն ու սկսեն չկարդալ, ու էս նպատակս նպատակներիցս ամենավեհն է, որովհետեւ արդեն վերջնականապես եմ համոզվել, որ էդ մարդկանց տառաճանաչ լինելն ու կարդալ իմանալը չափազանց վտանգավոր են մեր ազգի ու մեր հասարակության համար. այսինքն, էդ մարդկանց կողմից կարդացված լինելը ոչ միայն ինձ համար է վտանգավոր, այլեւ՝ ժողովրդի, ու էդ վտանգավորները մշտապես կարդալով ու մշտապես վտանգ հանդիսանալով՝ շարունակաբար քթներն ամեն ծակ խոթում ու ամենուր ժողովրդի թշնամիներ են հայտնաբերում, եւ, ի դեմս ինձ, ժողովրդի թշնամի շատագիր մեկին էլ են գտել, եւ չնայած Հրանտն էլ շատագիր գրողներին չէր սիրում, բայց, ի տարբերություն սրանց, Հրանտն ընդամենը շատագիր գրողներին չէր սիրում, այլ ոչ թե՝ չափազանց շատագիրներին, որովհետեւ իր կյանքի օրոք իմ էս չափազանցը դեռեւս չէր սկսվել, որ սիրեր կամ չսիրեր, եւ, հիշում եմ, մի անգամ ինձ ասաց՝ «մեջներս թափով մեկը չեղավ, որ ռուսների պես մի քսան հատոր շրխկացներ ու մեր գրապահարաններն իրենով աներ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «թեկուզ էդ հատորները դատարկություն պարունակեին», ու էդ ասելիս՝ Հրանտը չէր էլ կարող ենթադրել, որ էդ մեկը ես եմ լինելու, ընդ որում՝ ընդամենը մի քանի տարի հետո, ընդ որում՝ թե՛ հատորների քանակության եւ թե՛ դատարկության իմաստներով, ու էդ պահին ինքս էլ չէի կարող ենթադրել, որ էդ մեկն ինքս եմ լինելու, եւ հիմա՝ Հրանտի էդ ասածից շուրջ տասը տարի անց, արդեն էս տասնմեկերորդս եմ սկսում, եւ էս տասնմեկերորդս սկսելով՝ Հրանտի էդ ասածը հիշեցի, եւ Հրանտի էդ ասածը հիշելով՝ հիմա մտածում եմ, որ Հրանտի պատկերացրած քսանից տասն արդեն գրել եմ՝ չհաշված պոեզիաներս ու անտիպոեզիաներս ու «Մետաքսի ճանապարհը», չհաշված՝ «Առավոտի» վերջին էջին տարիներ շարունակ տպագրված հանապազօրյա հումորներս, որոնք Հրանտը շատ էր հավանում, ինչպես նաեւ՝ Կարեն Սերոբիչը, ինչպես նաեւ բոլորը՝ չնչին բացառություններով, եւ եթե բոլոր գրածներս ի մի բերելով՝ բազմահատոր հրատարակեմ, եւ եթե մեր ունեւորներից մեկնումեկն էդ հատորներիս հրատարակության ծախսերը հանձն առնի, Հրանտի պատկերացրած էդ քսան հատորներն իմ ու ձեր գրապահարաններում հեշտուհանգիստ կարող ենք ունենալ, եւ Հրանտի էդ ասածը վերստին հիշելով՝ վերստին հիշում ու հիշեցնում եմ, որ անգրական եւ նույնիսկ հակագրական էս վերջին քսան տարիներին միանգամայն գրական ու գրողական կյանքով եմ ապրել. այսինքն, գրել եմ, ընդ որում՝ ահավոր շատ եմ գրել, չհաշված՝ զանազան հոդվածներս եւ անթիվ ու անհամար խմբագրականներս, եւ եթե հաշվի առնենք նաեւ, որ դասականների հատորները հրատարակելիս՝ նրանց հոդվածները, սիրային ու ոչ սիրային նամակներն էլ են հրապարակում, ապա կարող էի մտածել, որ հատորներիս քանակն էսօրվա դրությամբ քսանհինգից էլ կարող էր անցնել, բայց էս պահին էդպես չեմ մտածում, որովհետեւ միշտ ու հիմա էլ կարծում եմ, որ լրագրությունն ու հրապարակախոսությունը ոչ միայն գրականություն չեն, այլեւ՝ գրականությանը հակառակ եւ նույնիսկ գրականությանը թշնամի երեւույթներ են, իսկ ինչ վերաբերում է սիրային ու ոչ սիրային նամակներին, ես նամակներ գրելու սեր չունեմ ու երբեւէ չեմ էլ ունեցել, եւ չնայած սիրային նամակներ ստանալ սիրում էի, եւ չնայած էդ սիրայինները գրասեղանիս ամենաներքեւի դարակում առանձնացրած պահում ու երբեմն-երբեմն հաճույքով աչքի էի անցկացնում, ամուսնությունիցս մի քանի օր առաջ էդ բոլոր սիրայիններն իզութոզով կորցրի, որովհետեւ միանգամայն նոր կյանք էի սկսում, ավելի ճիշտ՝ իմ կյանքում միանգամայն նոր ժամանակ էր սկսվում, եւ չնայած ամուսնանալուցս ընդամենը մի քանի ամիս անց՝ ութսունութից բոլորի՛ համար միանգամայն նոր ժամանակ սկսվեց, ես շարունակեցի ու հիմա էլ համառորեն շարունակում եմ գրել, եւ չնայած գրելուս պատճառով բազմիցս եմ նախատինքների արժանացել, համառորեն գրում ու գրում եմ, եւ ինչքան նախատինքներն ու նախատողները շատանում են, էնքան ավելի շատ եմ գրում, եւ չնայած բանավոր ու գրավոր նախատողները չափազանց թունդ ու չափազանց անկեղծ են նախատում, ես համառորեն շարունակում եմ գրել եւ գրելս շարունակելով՝ շարունակում եմ ավելի ու ավելի համոզվել, որ էս տարաբախտ ժողովրդի ամենաանբախտ զավակները գրողներս ենք, որովհետեւ մեր հասարակությանն ու նույնիսկ մեր ընթերցողներին չափազանց ու մշտապես նյարդայնացնում են մեր գրողներն ընդհանրապես եւ մեր գրողների գրելն առանձնապես, եւ իմ առումով միշտ է էդպես եղել, եւ երբ Սովետի օրոք ոտանավորներ էի գրում, դիսիդենտներն ինձ կշտամբելով ասում էին՝ «փոխանակ Սովետի դեմ պայքարեք, նստել՝ ձեր քեֆին ոտանավորներ եք գրում», եւ չնայած էդ ասողների ասածներից սիրտս նեղվում էր, այդուհանդերձ, էդ ասածները լուրջ չէի ընդունում, որովհետեւ էդ ասողները ոչ թե իսկական, այլ պապլավոկյան դիսիդենտներ էին, որոնք մեզանից ու բոլորից թաքուն գրում էին, հիմնականում՝ բանաստեղծություններ, բայց չէին տպագրվում ու էդ բնագավառում միանգամայն անհաջողակ էին, մինչդեռ իսկական ու իրական դիսիդենտները՝ Աշոտը, Պարույրը, Ազատն ու մյուսները հեռավոր ու դժնի կալանավայրերում մեր բանաստեղծություններն էին ըմբոշխնում ու վայելում, որովհետեւ վայելելու այլ բան չունեին եւ Հայաստանից մեծ դժվարությամբ «Գարուն» ու «Գրական թերթ» էին ստանում, եւ էդ ամսագիրն ու էդ թերթը մեծ դժվարությամբ ստանալով՝ էդ ամսագիրն ու էդ թերթը ծայրեծայր ու մի քանի անգամ կարդում էին, եւ, բնականաբար, նաեւ էդ ամսագրում ու էդ թերթում տպագրվող նվաստիս ոտանավորներն էլ էին կարդում, ու էդ մասին ոչ միայն Արշակյան Ազատից եմ լսել, այլեւ՝ Նավասարդյան Աշոտից:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ