Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՋՎԱԾՔԸ ԿՈՇԻԿ ՉԷ՝ ԴՈՒՐԴ ՉԳԱ, ՀԱՆԵՍ

Սեպտեմբեր 18,2010 00:00

Խնամեք ձեր մաշկը եւ մի օգտագործեք այն որպես նկարչական ալբոմ

Սույն թվականի օգոստոսի 20-ին «Առավոտում» հրապարակված «Ինտիմ դաջվածքներ ամենաինտիմ հատվածներում» հոդվածը կարդալուց հետո` միաժամանակ ապրեցի եւ զայրույթ, եւ ուրախություն: Զայրացա այն փաստի համար, որ Մոսկվայից ժամանած ոմն Ալեքս հայ աղջիկներին անվանում է հետամնաց, քանի որ նրանք հրաժարվում են դաջվածքներ անել իրենց մարմնի վրա, հատկապես ամենաինտիմ հատվածներում: Ալեքսը տեսնելով, որ Հայաստանում շահավետ բիզնես չի կարող ունենալ, չպետք է պիտակավորի հայ աղջիկներին, այլ փորձի իր բիզնեսը զարգացնել այլ երկրներում: Եվ, բնականաբար, ուրախացա, որ հայ աղջիկները խուսափում, հրաժարվում են նման ծառայությունից օգտվել: Չնայած այսօր ինչպես հետխորհրդային բազմաթիվ երկրներում, այնպես էլ Հայաստանում ազատամտության դրսեւորումները բազմաբնույթ են, ինչ-որ տեղ միանման, բայց կան երեւույթներ, որոնց հարկ է անդրադառնալ: Այդպիսի երեւույթների թվին են դասվում դաջվածքները: Դեռ խորհրդային տարիներին դաջվածքով անձը արդարանում էր հանրությանը (հասուն տարիքում), որ այն երիտասարդ տարիքի մոլորության հետեւանք է կամ էլ դաջվածքով մարդիկ հաճախ քրեական անցյալ ունեցողներն էին, որոնց համար հանրության կարծիքը ամենեւին էլ էական չէր:

Այսօր այլ են ժամանակները, դաջվածքների մասին հեռուստահաղորդումներ եւ հաղորդաշարեր են պատրաստվում, կան հատուկ գրասենյակներ, որտեղ մատուցում են տարբեր ծառայություններ: Իմ եւ էլի շատերի կարծիքով՝ դաջվածքը արվեստ չէ, ինչպես ոմանք են ներկայացնում: Դաջվածքի կողմնակիցների կարծիքով՝ այն իմիջ է ստեղծում: Բերենք դրան հակառակ փաստարկներ. արդյոք տեսե՞լ եք կոնգրեսականների, սենատորների, վարչապետների, նախագահների կամ գիտնականների… որոնց մարմինը լինի ասես նկարչական ալբոմ, որի վրա խզբզված լինեն ինտիմ, ոչ ինտիմ պատկերազարդումներ: Ինչ խոսք, Ալեքսի նման մարդիկ պնդում են, որ սա մոդայիկ է եւ պետք է հետեւել այս նորաձեւությանը: Սակայն չմոռանանք, որ դաջվածքը ոչ կոշիկ է, ոչ հագուստ, ոչ էլ մազի կտրվածք: Դաջվածքը արվում է մարդու մաշկի վրա, որը տարիների ընթացքում կորցնում է իր սկզբնական տեսքը եւ չափը, քանզի մարդու մաշկի էլաստիկությունը թուլանում է:

Իսկ եթե ցանկանաք դաջվածքից ձերբազատվել, ապա դա ամենեւին հեշտ չէ. այն կատարվում է լազերային միջամտությամբ եւ, բնականաբար, մաշկի տվյալ հատվածը 100%-ով նախկին տեսքը չի ընդունում: Իմ խորհուրդն է հայ երիտասարդներին՝ պահպանել առողջությունը, խնամել մաշկը եւ չօգտագործել այն որպես նկարչական ալբոմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել