Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱՖԱՅԵԼԻ ՆԿԱՐՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԿՈՉԵԼ ՄԵԿ ԲԱՌՈՎ՝ ՍԵՐ

Սեպտեմբեր 18,2010 00:00

\"\"Որպես սկիզբ ասեմ՝ ինքս էլ զարմացած եմ, որ գրում եմ արվեստի, գեղանկարչության թեմայով: Երբեք ինձնից չէի սպասի: Նախապես հայցում եմ բոլոր արվեստից հասկացողների, պրոֆեսիոնալ գնահատողների, քննադատների, արվեստաբանների ներողամտությունը:

Չեմ հավակնում խլել նրանց գործը, պարզապես այս անգամ այսպես ստացվեց եւ սա իր նախապատմությունն ունի:

Ամիսներ առաջ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մելիքյանի հետ ԵԽԽՎ-ի հերթական նիստի մասին հարցազրույց էի վարում, նրա աշխատասենյակում մի նկար կար, որն ինձ շարունակ «խանգարում» էր, մի տեսակ չէի կենտրոնանում եւ ստիպված ընդհատելով հարցազրույցը, հարցրի՝ ո՞վ է նկարի հեղինակը, ո՞ւմ նկարն է, որը զգում եմ անգամ թիկունքից: Պատգամավորը մի քիչ զարմացավ հանկարծակի հարցից, բայց եւ հպարտությամբ ասաց՝ «Որդուս ստեղծագործությունն է»: Հետո մեր հարցազրույցը վերածվեց նրա որդու՝ նկարիչ Ռաֆայել Մելիքյանի մասին զրույցի: Դեռ այն ժամանակ պարոն Մելիքյանն ասաց, թե սեպտեմբերին որդին հերթական անհատական ցուցահանդեսն է ունենալու Երեւանում եւ ինձ հրավիրեց այդ ցուցահանդեսին:

Արդեն սեպտեմբեր է, եւ Հայաստանի անկախության օրից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 20-ին Նկարիչների միության ցուցասրահում կբացվի նկարիչ Ռաֆայել Մելիքյանի նկարների անհատական ցուցահանդեսը: Առաջինը չէ, էլի են եղել, կարծեմ՝ վեցը, սա ուրեմն յոթերորդն է: Ռաֆայելը ցուցադրվող նկարիչ է, նա բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել ոչ միայն Երեւանում, նաեւ՝ Նյու Յորքում, Կանադայում, Փարիզում, Լոնդոնում, էլի այլ տեղերում:

Ռաֆայելի նկարները նախապես տեսնելու համար ցուցահանդեսից մի քանի օր առաջ այցելեցի նրան: Ինքս նկարների մասին ունեմ զուտ զգայական կարծիք եւ հնարավոր է հաճախ չպատկերացնեմ՝ տվյալ նկարը ինչ «իզմի» կրող է, լա՞վն է, թե՞ վառելու բան է: Ընդհանրապես գեղանկարիչները եւ երաժիշտները ինձ համար արտասովոր, ոչ մարդկային մարդիկ են, մի տեսակ՝ բացառիկ: Մեր զրույցի հենց սկզբում զգուշացրի Ռաֆայելին, որ գիտակ չեմ, նկարներից գրեթե ոչինչ չեմ հասկանում եւ թող չսպասի, թե խորքային ավեստագիտական վերլուծություններ եմ անելու: Նաեւ խնդրեցի իմ հարցերից չզարմանալ, տարիներ շարունակ միայն քաղաքականության մասին գրող լրագրողի համար ուղղակի դժվար է զրուցել մարդու հետ, ում նկարները դիտել են աշխարհի մայրաքաղաքներում եւ ում նկարներից ցուցադրվում են անգամ Վատիկանում:

Մենք՝ լրագրողներս, ցավոք, սովոր ենք մեր քաղաքական գործիչների, պատգամավորների, քիչ թե շատ հայտնի մարդկանց որդիների մասին հիմնականում միայն վատը լսել, իմանալ, տեսնել: Հաճելիորեն զարմացա եւ ուրախ եմ, որ նրանց մեջ կան նաեւ Ռաֆայելի նման որդիներ, հուսով եմ՝ քիչ չեն նաեւ այսպիսիք, որոնք կարող են ուղղակի իրենց սիրած գործն ունենալ, աշխատասեր լինել, հայտնի դառնալ աշխարհին իրենց արվեստով եւ տաղանդով եւ ոչ թե իրենց «պապաներով»:

Ռաֆայել Մելիքյան, 27 տարեկան, 2004-ին ավարտել է Երեւանի գեղարվեստի ակադեմիան, սովորել է Լոնդոնում, ցուցադրվել է, արդեն ասացի՝ մի շարք հայտնի մայրաքաղաքներում, նրան ճանաչում եւ գնահատում են արվեստի մի շարք հայտնի կենտրոններում: Երեւանում նրա վարպետներն ու ուսուցիչներն են եղել Էդուարդ Իսաբեկյանը, Անատոլի Պապյանը, Գրիգոր Աղասյանը, Հրայր Գրիգորյանը, Փարավոն Միրզոյանը:

Բայց Ռաֆայելի հետ զրույցից հասկացա եւ ինքն էլ ասաց, որ իր ամենամեծ վարպետը իր ամենօրյա ուսուցիչը՝ ումից սովորում է, ում ընդունում է անվերապահորեն, դա այն պատկերն է, որ ամեն օր տեսնում է պատուհանից այն կողմ, դա բնությունն է՝ ամենօրյա փոփոխական պատկերներով, անհաշվելի գույներով, իր անբացատրելի եւ առեղծվածային երանգներով. «Ինձ համար բնությունից ավելի բարձր բան չկա, բնությունը իմ հոգեւոր ուսուցիչն է»,- ասում է նկարիչը: Ու դու տեսնում ես, որ սա զուտ սիրուն նախադասություն չի, դա այս տղայի հոգու ամենօրյա վիճակն է:

Ռաֆայել Մելիքյանին հարցրի՝ ինչո՞ւ ընտրեց նկարչությունը, մանավանդ, հայտնի է, որ իր ընտանիքի անդամները ժառանգաբար բժիշկներ են դառնում, համարյա բոլորը: Նկարիչը չթաքցրեց, որ դա իր ընտրությունը չի եղել, դա իրեն տրվել է անկախ իր կամքից, եւ ինչ հիշում է իրեն, ինքը միայն նկարել է: Երեւի կարելի է ասել՝ նկարչությունն է ընտրել Ռաֆայելին, եւ ի վերուստ տրված մի շնորհքով նա դարձել է այն, ինչ դարձել է:

Թեպետ ընդունեց, որ նկարչությունը եւս բժշկության նման է՝ բուժում է:

Գեղանկարիչ Ռաֆայել Մելիքյանի մեջ կան ժամանակակից երիտասարդին հատուկ բոլոր գծերը՝ բայց եւ կա մի բան եւս, որի անունն առայժմ չունեմ, գուցե դա այս տղայի աննախադեպ, նախանձելի աշխատասիրությունն է, Սերը՝ ամեն ինչի եւ ամենքի հանդեպ, համեստությունը, իր գործին մինչեւ վերջ տրվելու շնորհը: Համոզվեցի՝ սա սովորական ժամանակակից երիտասարդ չէ, նրա մեջ կա մի բան, որն այնքան էլ հողեղեն-մարդկային չէ: Եվ դա, ըստ իս, այն արվեստն է, որը Ռաֆայելին երջանկացնում է ամեն Աստծո օր: Նա պարզապես երջանիկ մարդ է, գտել է այն գործը, որն իր հոգուն ամենից հարազատն է: Երեւի քչերին է տրված այդ երջանկությունը՝ գտնել կյանքում այն, ինչ իրոք քոնն է, ինչ Աստված սահմանել է քեզ համար՝ դեռ էն գլխից:

Եթե ճիշտ եմ հասկանում, Ռաֆայելը գտել է իրենը ու երջանիկ է: Նա չի էլ թաքցնում դա. «Երբ մտնում եմ արվեստանոց՝ առանձնանում եմ կտավի հետ, ինձ համար մնացած ամեն ինչը վերանում է, ես կտավի առաջ կանգնում եմ այնպես, ինչպես տաճարի առաջ, ճիշտ այնպես՝ ինչպես հավատացյալը ոտնամանը հանելով մտնում է տաճար, նույն ձեւով ես կարծես մարմինս եմ թողնում դրսում, մի այլ տեղում եւ մոտենում եմ կտավին: Ես ժամերով կարող եմ կանգնած նկարել, տասը եւ ավելի ժամեր, եւ մոռանալ ժամի, ժամանակի եւ այլ բաների մասին: Սա այն գործն է, որն ինձ երբեք չի հոգնեցնում»:

Հայ բարեգործական ընդհանուր միությունը (AGBU) ԱՄՆ-ում այս տարի կազմակերպելու է Ռաֆայելի նկարների ցուցահանդեսը, անցած տարի Ֆլորենցիայում մասնակցել է բիենալեի, որի ժամանակ Հռոմի պապի ներկայացուցիչը մշակույթի գծով՝ Ֆրանչեսկո Բուրանելին, Ռաֆայելի մի նկարը, որ կոչվում է «Մայրություն», տարել է իր հետ Վատիկան:

Իր նկարների անունները ինքը չի դնում, ասաց, թե այդ գործում օգնում են արվեստաբան կինը, ընկերները: Եթե իրեն մնար, ինքը իր նկարների անունները կդներ՝ ինքնադիմանկար 1, 2, 3 եւ այդպես անվերջ:

Մեր հանդիպման պահին Ռաֆայելը խորհրդակցում էր իր ավագ բարեկամ, գեղանկարիչ, պրոֆեսոր Հայկ Գրիգորյանի հետ: Խնդրեցի, որ պրոֆեսորը ինձ ներկայացնի Ռաֆայելի ստեղծագործությունը: Ասաց հետեւյալը. «Ռաֆայելի նկարչությունը հոգեւոր արժեք է, իսկ այդ հոգեւոր արժեքը ե՛ւ մեր ազգի համար է, ե՛ւ ուրիշների: Շատ հավանում եմ իր ստեղծագործությունը, նա ոչ թե բնություն է վերարտադրում, այլ իր գիտակցական, նկարչական աշխարհը, եւ դու նրանից էներգիա ես ստանում: Ռաֆայելի ստեղծագործությունն այն էներգետիկ դաշտն է, որն ինձ համար շատ արժեքավոր է, իսկ արվեստի համար՝ շատ մնայուն»:

Հարցրի՝ նկարչության ո՞ր տեսակի մեջ կարելի է դիտարկել Ռաֆայելի ստեղծագործությունը: Պրոֆեսորը ասաց, թե դեմ է տեսակների մեջ գործերը տեղավորելուն. «Ինձ համար կարեւոր է, թե նկարիչը ինչ հայացքով է ընկալում, կապ չունի՝ դա իմպրեսիոնիզմ է, ռեալիզմ է, թե ինչ է, ես այդ բոլորը ընդունում եմ մի հաշվեկշռի մեջ՝ դա արվե՞ստ է, թե՞ ավեստ չէ: Այս դեպքում Ռաֆայել Մելիքյանի աշխատանքը արվեստ է, պրպտող մտքի արգասիք, ինքը ապրում է իր նկարներով եւ ինքը չի բավարարվում, ինքը փնտրում է, որոնում է, ինքն իրեն չի կրկնում: Ռաֆայելը այն նկարիչներից է, ես չեմ ուզում ասել երիտասարդ, որովհետեւ թեպետ դեռ 27 տարեկան է, բայց ինքը շատ հասուն, արդեն երկու ոտքի վրա կանգնած եւ համոզմունքով նկարիչ է եւ ահավոր աշխատասեր»:

Գեղանկարչին հարցրի՝ իսկ ինքն իր արվեստը նկարչության ո՞ր ճյուղի մեջ է տեսնում, ո՞ր «իզմի» կրողն է: Ասաց՝ «Ոչ մի, իսկ եթե շատ եք ուզում որեւէ «իզմի» մեջ տեղավորել, անունը դրեք ռաֆայելիզմ»:

Եվ քանի որ ինքս այդ «իզմերից» գրեթե ոչինչ չեմ հասկանում, ընդունեցի Ռաֆայելի այդ հայտարարությունն ի գիտություն, մանավանդ այն նկարները, որ երեկ ինձ էին նայում ցուցասրահի անկյուններից (դեռ պատերին փակցված չէին), շատ ինքնագլուխ էին, ինքնուրույն եւ յուրահատուկ: Դրանք գեղանկարիչ Ռաֆայել Մելիքյանի ինքնադիմանկարներն են, եւ անգամ իրենցից հեռանալուց հետո ուղեկցում են քեզ որպես ծանոթ հայացք եւ դու ստիպված ես լինելու կրկին գնալ այդ նկարները տեսնելու, այնպես՝ ինչպես պարզապես չես կարող չգնալ տաճար, չես կարող չգնալ հարազատիդ մոտ, չես կարող չգնալ ինքդ քեզ մոտ, պարզապես չես կարող չապրել:

Նկարների գնահատման մի ոչ պրոֆեսիոնալ սկզբունք ունեմ՝ եթե տվյալ նկարը դիտելիս գլուխս սկսում է ցավել (ի դեպ, մարդկանց եւս այդ չափանիշով եմ զննում), ուրեմն, ես դա չեմ ընկալում, ուրեմն, դրա մեջ կա մի բան, որն ինձ դուր չի գալիս: Կան այդպիսի նկարներ, նրանցից մի քանիսը բավականին հայտնի նկարներ են:

Ռաֆայելի նկարների հետ հանդիպման ընթացքում զգացի, որ գլխացավս անցավ, որ այդ նկարներից մի քանիսը պարզապես աչք ունեն եւ քեզ են նայում զննող հայացքով: Դրանք շնչող նկարներ են, բնավորությամբ, եւ թարմ, չհոգնեցնող հայացքով նկարներ են: Դրանց մեջ կա մի բան, որը երեւի կոչեմ Լավ- ա- տեսություն:

«Իմ ամենասիրած նկարը յուրաքանչյուր վերջին նկարն է, որ նկարում եմ»,- մեր հանդիպման ժամանակ պատասխանելով հարցիս, թե իր ո՞ր նկարն է ամենից շատ սիրում, ասաց նկարիչ Ռաֆայել Մելիքյանը: Երեւի այս պատասխանը նման է բանաստեղծի այն բնորոշմանը, թե՝ ամենա չկա, լավ ու վատ կա լոկ, իսկ եթե Սեր է, էլ ինչ վատ, ինչպես, իսկ եթե Սեր է, էլ ինչ ամենա:

Կարծում եմ, Ռաֆայելի նկարները կարելի է կոչել մեկ բառով՝ ՍԵՐ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել