«Հայաստանի կայուն զարգացման երաշխիքը ուսյալ եւ ապահովված երիտասարդն է»: Այդ մասին, ըստ news.am-ի, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ուկրաինական «Պրոֆիլ» պարբերականին տված հարցազրույցում, պատասխանելով երկրի մտավոր պոտենցիալի, մասնավորապես՝ հայ շախմատիստների համաշխարհային հաջողությունների մասին հարցին:
«Հայաստանը փոքր տարածքով երկիր է: Մենք առանձնահատուկ բնական պաշարներ չունենք»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով երկրի ղեկավարությունը պարտավոր է ուշադրություն դարձնել այնպիսի լուրջ ռեսուրսի, ինչպես մտավոր պոտենցիալն է:
«Շախմատը միշտ եղել է հայկական կենցաղում, հայ ընտանիքներում: Իհարկե, այն լայնորեն տարածվեց, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն (1960-խմբ.): Շախմատը մարդու մեջ նպատակամղվածություն, կարգապահություն եւ կանոնակարգվածություն է դաստիարակում: Դա շատ կարեւոր է: Ես հպարտ եմ մեր շախմատիստներով, հպարտ եմ, որ նախքան Հայաստանի նախագահ դառնալը՝ դարձա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Մենք կարծում ենք, որ մեր ամենամեծ ռեսուրսը մեր մտավոր պոտենցիալն է: Եվ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլեւ ողջ հայ ժողովրդի: Այնպես է ստացվել, որ մեր ժողովրդի 2/3-ն ապրում է Հայաստանից դուրս: Մենք ավելի մեծ ռեսուրս չենք կարող գտնել: Մի կողմից վատ է, որ նրանք Հայաստանում չեն ապրում, բայց մյուս կողմից էլ նրանք ապրում են զարգացած հասարակություններում, ահռելի հաջողությունների են հասել տարբեր ոլորտներում: Արտերկրի հայերի միջոցով այդ պետությունների, բարձր տեխնոլոգիաների հետ կապը պարգեւ է, որը մենք պարտավոր ենք օգտագործել»,- ամփոփել է նախագահը: