Երեկ «Antalya Expo Center»-ում մեկնարկեց ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 21-րդ առաջնությունը։ Մրցահարթակը տրամադրվել էր կանանց 48 կգ «C», «B», «A», 53 կգ «C», ինչպես նաեւ տղամարդկանց 56 կգ «C» խմբերին։
Հայաստանի կանանց ընտրանուց առաջինը պայքարի մեջ ներգրավվելու է 53 կգ «B» խմբում ընդգրկված Էլեն Գրիգորյանը։ Նա մրցահարթակ մտնելու է այսօր, Երեւանի ժամանակով 11.30-ին եւ հավակնում է խմբում առաջին տեղը գրավել։ Ավելին, եթե հայաստանցի մարզուհին օգտագործի իր բոլոր հնարավորությունները, բացառված չէ, որ շրջանցի «A» խմբի մի քանի ծանրորդների եւ առաջատար դիրքեր գրավի։
Մեր աղջիկներից 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանի (նա նույնպես ընդգրկված է «B» խմբում) բարձրացրած կիլոգրամների եւ գրաված տեղի մասին կիմանանք սեպտեմբերի 20-ի երեկոյան։
Այստեղ՝ Անթալիայում, մասնագետները հատուկ նշում են, որ նախադեպը չունեցող պայքար է ծավալվելու անխտիր բոլոր քաշային կարգերում։ Իսկ տղամարդկանց 77 եւ 85 կգ քաշային կարգերում, որտեղ Հայաստանը ներկայացնելու են երկուական ծանրորդներ, եւ բոլորն էլ պայքարելու են ամենաբարձր տեղերի համար, ոչ թե կենաց, այլ մահու ճակատամարտ է սպասվում։ Բանն այն է, որ 77 կգ-ում Տիգրան Մարտիրոսյանի եւ Գեւորգ Դավթյանի դեմ Չինաստանը նույնպես հայտավորել է երկու տիտղոսակիր ծանրորդի։ Նրանց խաղաքարերը կարող է խառնել նաեւ իրանցի մրցակիցը։ Սակայն անտեսել չի կարելի այս քաշային կարգի ուժեղագույն տասնյակը կազմած եւ ոչ մի ծանրորդի։
Նույն վիճակն է նաեւ տղամարդկանց 85 կգ եւ կանանց 69 եւ +75 քաշայինների պայքարում։
Ինչեւէ, ծանրամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է, եւ հայ մարզասերին մնում է զինվել համբերությամբ եւ աղոթել։
«Topkapi» հյուրանոցում կայացած ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) համաժողովում հայտարարվեցին այն երկրների անունները, որոնք հյուրընկալելու են մարզական այս խոշորագույն կազմակերպության հովանու ներքո 2011/2012 թթ. անցկացվելիք համաշխարհային կարեւորագույն մրցումները։ Եվ այսպես.
2011 թվական
– Փարիզ՝ աշխարհի առաջնություն (օլիմպիական վարկանիշային երկրորդ մրցաշար)։
– Մալայզիա (Պենանգ)՝ աշխարհի երիտասարդական առաջնություն։
– Պերու (Լիմա)՝ աշխարհի պատանիների առաջնություն։
– Չինաստան (Շենջեն)՝ Համաշխարհային ունիվերսիադա (ծանրամարտի մրցաշար)։
2012 թվական
– Սլովակիա (Կոշիցե)՝ պատանիների աշխարհի 3-րդ առաջնություն։
– Գվատեմալա՝ աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնություն։