Հայտարարում է «Լեգենդ Մակբեթի մասին» աղմկահարույց ներկայացման ռեժիսոր Վահան Բադալյանը
«Ես շատ բուռն աշխատանքային պրոցեսի մեջ էի դերասանների հետ՝ հատկապես վերջին հինգ օրերը: Ուզում եմ հրապարակավ բոլորին շնորհակալություն հայտնել»,- երեկ «Ուրբաթ» ակումբում այսպես սկսեց իր խոսքը երիտասարդ ռեժիսոր Վահան Բադալյանը: Լրագրողների հետ նրա հանդիպման առիթը օրերս Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացման առաջնախաղից հետո բորբոքված թեժ թատերական կրքերն էին:
«Անձամբ ես սեփական աշխատանքներում երբեք չեմ ակնկալել հարյուր տոկոսանոց ներկայացում: Իմ կարծիքով, «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացման դեպքում հասել եմ մաքսիմալին»,- ասուլիսի սկզբում նշեց բեմադրիչը: Ասաց նաեւ, որ խոչընդոտներ եղել են, ինչն արվեստագետի համար միանգամայն նորմալ է:
«Առհասարակ այս ներկայացման հետ կապված պատմություններ, խոսակցություններ շատ են եղել… Միշտ աշխատել եմ չկենտրոնանալ դրանց բացասական կողմի վրա ու հիմա էլ նպատակահարմար չեմ գտնում դրանց մասին խոսելը: Կա արդյունք, կա ներկայացում: Գաղտնիք չէ, որ խնդիրներ այս բեմադրության կայացման համար հենց սկզբից էլ եղել են: Օրինակ, շատերի համար դժգոհության առիթ էր, որ Սունդուկյանի թատրոն էին հրավիրվել՝ հանձին ինձ, երիտասարդ ռեժիսոր ու դերասաններ: Ասեմ նաեւ, որ դերաբաշխումից հետո, երբ Մակբեթի դերում հաստատվեց Արա Դեղտրիկյանը, որոշ սունդուկյանցիներ պարզապես հրաժարվեցին խաղալ, այդպես էլ չասելով պատճառը»,- հայտնեց Վ. Բադալյանը: Հավելեց նաեւ, որ, չգիտես ինչու, սունդուկյանցիները բաժանվել էին երկու իրար հանդեպ թշնամաբար տրամադրված բանակի: «Չեմ ուզում ասուլիսը վերածել գավառական բամբասանքի: Միայն նշեմ, որ տհաճ ու տգեղ էր շատ դերասանների, նաեւ որոշ ռեժիսորների պահվածքն ու վերաբերմունքն իմ հանդեպ, բայց ես այդ ամենին թեթեւ եմ նայել…»,- ասաց Վ. Բադալյանը:
Անդրադառնալով ներկայացման առաջնախաղից հետո իրարամերժ կարծիքներին՝ հայտնեց հետեւյալը. «Ներկայացման հետ կապված թերությունների մասին ինձ ոչինչ չի ասվել: Եթե կոնկրետ բան կա, թող ասեն, ես էլ պատասխանեմ»:
Հարցին՝ թե գոհացնո՞ւմ է իրեն Մակբեթի դերակատարը, ռեժիսորը պատասխանեց. «Դժվար է այդ հարցին պատասխանել պարզ պատճառով՝ ես եմ ընտրել դերասանին: Մի բան հաստատ է՝ արդեն հասել ենք այն արդյունքին, ինչը կա: Գուցե հետագայում՝ ներկայացումից ներկայացում էլ ավելի հետաքրքրական լինի Դեղտրիկյանի Մակբեթը… Եթե կա դերասան, ով ավելի լավ կներկայանա իբրեւ Մակբեթ կամ կա ռեժիսոր, ով ավելի լավ կբեմադրի, խնդրեմ, թող իրենց աշխատանքն անեն ու ապացուցեն: Միայն թե խորհուրդ չէի տա անօգուտ ժամանակ վատնել բամբասանքների ու գավառական խոսակցությունների վրա»:
«Առավոտի» դիտարկմանը, թե բեմից մի տեսակ պաթետիկ է մատուցվում դերասանական խոսքը, Բադալյանը ասաց. «Դա կապված չէ դերասանի ներաշխարհի հետ: Այն ավելի շատ բեմի, տեխնիկայի խնդիր է. եթե դերասանը կոնկրետ Սունդուկյանի բեմում չօգտագործի հզոր ձայն, ապա նա դահլիճում բացարձակ չի լսվի, հետեւաբար խոսքը չի հասնի հանդիսատեսին: Ակուստիկ իմաստով Սունդուկյանի թատրոնը բարդ դահլիճ է: Օգտագործել միկրոֆոններ՝ այստեղ ճիշտ չէ, որովհետեւ պարզապես չկա բարձրորակ տեխնիկա»: