Լրահոս
Օրվա լրահոսը

POPOK-Ը ՊՈՊՈՔԸ ՉԷ, ՈՉ ԷԼ ПОПКА-Ն

Սեպտեմբեր 18,2010 00:00

Հայաստանի գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անցկացվելիք գովազդի միջազգային փառատոնի մասին:

\"\"

Հոկտեմբերի 28-30-ը Երեւանում առաջին անգամ կանցկացվի «Popok» գովազդի միջազգային փառատոնը, որի կազմակերպիչն է Հայաստանի գովազդային խորհուրդը:

«Առավոտը» հանդիպեց խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

Գովազդային խորհուրդն ունի 5 տարվա պատմություն, կազմում էլ ընդգրկված են 14 անդամ-կազմակերպություններ: Ա. Մարտիրոսյանի խոսքերով՝ իրենք հայտնի են Հայաստանից դուրս, հատկապես վերջին շրջանում արտերկրում հայաստանյան գովազդը լավագույնս ներկայացնելու, ծանոթացնելու շնորհիվ: Խորհուրդն արդեն 3 տարի հանդես է եկել օրենքին չհամապատասխանող գովազդի քննադատությամբ, բազմաթիվ օրենսդրական առաջարկություններով եւ գովազդի բարելավման ծրագրերով: Ու թեեւ մրցույթի մեկնարկին շուրջ մեկ ամիս դեռ կա, մեր զրուցակիցը համոզված է, որ այն հնարավորություն կտա գովազդատուներին՝ իրենց համար բացահայտելու, օրինակ, թե ո՞ր կազմակերպությունն է արտադրում որակյալ գովազդ, որը՝ անճաշակ կամ ճաշակով, արդյունավետ կամ հակառակը, եւ այլն. «Կարծում եմ, մրցույթից որոշ ժամանակ անց Հայաստանում կզգացվեն դրական փոփոխություններ գովազդի դաշտում»:

Անդրադառնալով փառատոնին, Ա. Մարտիրոսյանը նախ անդրադարձավ լոգոյին. «Անգլերենում popok բառ չկա. pop նշանակում է գովազդ՝ վաճառքի վայրում, իսկ ok-ն էլ՝ օքեյն է, որը հայերս էլ ենք արդեն հաճախ գործածում: Իսկ պոպոքը բարբառով ընկույզն է, ինչն իր մեջ գաղտնիքներ է պարունակում: Այսպես. այն կարող է լինել փուչ, համեղ… Ընկույզի միջուկը հիշեցնում է ուղեղի կառուցվածքը, ինչի արգասիքն են պայծառ եւ մռայլ, տաղանդավոր եւ անտաղանդ մտքերը եւ այլն»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, որ «պոպոքը» հայերիս մոտ, օրինակ, կարող է ասոցացվել Բրազիլիայում անցկացվող, ռուսերեն թարգմանված «Фестиваль бразильских попок»-միջոցառման հետ, մեր զրուցակիցն ասաց. «Ռուսերենում էլ այս բառը մի քանի իմաստ ունի: Մեկը բոլորին հայտնի է (ժպտում է), մյուս իմաստն էլ տերտերն է»:

Փառատոնին հրավիրված հյուրերը հայտնի անուններ են գովազդային շուկայում: Ուկրաինայից ժամանելու են «Կրեատիպ» տնօրենների ակումբի խորհրդի 5 անդամներից 4-ը, ինչի արդյունքում, պարոն Մարտիրոսյանի հավաստմամբ, արդեն հայաստանյան Popok-ը ընդգրկվել է գովազդային գործակալությունների վարկանիշային հաշվարկում: Մոսկվայից որպես հյուր լինելու է Սամվել Ավետիսյանը, որը հայտնի է «Tinkoff» գարեջրի բրենդով, Վրաստանից փառատոնին մասնակցության հրավեր է տվել գովազդային ոլորտի ճանաչված դեմքերից Իրինա Կաչարավան, կմասնակցի նաեւ Գեորգի Աղաջանյանը, որը Սոչիում 2014թ. անցկացվելիք օլիմպիական խաղերի գովազդն է իրականացնում, Մինսկից էլ հյուր կա՝ Կաննի գովազդային փառատոնի մրցանակակիր Ալեքսանդր Շեվելեւիչը, Մեծ Բրիտանիայից՝ JWT գովազդային խմբի նախագահ Թոնի Թեյլորը: Հյուրեր են սպասվում մերձբալթյան, միջինասիական երկրներից, Հոլանդիայից, Թուրքիայից, Իրանից եւ այլն: Ընդ որում, հյուրերը, որոնք մասնակցելու են փառատոնի ժյուրիի աշխատանքներին, նաեւ կվարեն վարպետության դասեր: Եվ քանի որ մեր օրաթերթում եղել են քննադատական հոդվածներ երեւանյան գովազդների որակի, ճաշակի եւ այլնի մասին, հարցրինք՝ դուք, օրինակ, փողոցների վահանակներում տեղադրված գովազդներից մեծ մասի համար անհարմար չե՞ք զգա: Պարոն Մարտիրոսյանն ասաց. «Որակական առումով՝ իհարկե: Մեր գովազդը (TV, ինտերնետ, ռադիո, տպագիր եւ այլն) ընդհանրապես զիջում է համաշխարհային գովազդին, սակայն մինչեւ չբացահայտվեն ու չբարձրաձայնվեն տեղական գովազդում առկա թերություններն ու սխալները կամ զուգահեռներ անցկացվեն մեր ու արտերկրյա աշխատանքների միջեւ, ապա կդոփենք տեղում: Սա փառատոնի հիմնական նպատակներից մեկն է: Նախնական տվյալներով, մրցույթին մասնակցելու համար հայտեր են ստացվել շուրջ 25 երկրից, իսկ սա նշանակում է, որ հայաստանյան գովազդային գործակալությունների աշխատանքները մրցելու են աշխարհի մակարդակով: Այս հնարավորությունը մեր ոլորտը մինչ այսօր չի ունեցել»: Նշեց նաեւ, որ արտերկրում նախորդ տարիներին հայկական գովազդները մասնակցել են մրցույթների եւ արժանացել ուշադրության: «Օրինակ, մշտապես մրցանակներով են վերադարձել «Տրիադան», «Պրինտ ինֆոն», «Ռադիո Վանը», «Անտարեսը», «Ազդը»,- հայտնեց Արմեն Մարտիրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել