Բելառուսական ընդդիմությունը ժողովրդի թշնամին է: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Մինսկում, արհմիությունների նիստի ժամանակ իր ելույթում հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Նրանք ոչ մի ընդդիմադիր էլ չեն, նրանք ժողովրդի թշնամիներ են: Որտեղ կարելի է պետության համար վատթարագույնն անել՝ նրանք այնտեղ են: Երեկ Եվրոպան, Ամերիկան ճնշում էին բանեցնում մեզ վրա՝ նրանք այնտեղ էին, այսօր Ռուսաստանն է ճնշում՝ նրանք դարձյալ այնտեղ են»,- ասել է Լուկաշենկոն ընդդիմադիրների հասցեին: Բելառուսի առաջնորդը գտնում է, որ երկրի տնտեսական զարգացման եւ մարդկանց բարեկեցության բարձրացման վերաբերյալ իր ընդդիմախոսների առաջարկները հիմնված են պոպուլիզմի վրա: Newsru-ի մատուցմամբ, Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այդ երկրի առաջնորդի սկանդալային հայտարարությունները՝ դրանք որակելով որպես «մտացածին զառանցանքներ»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ: