Լեհաստանի ոստիկանությունը ձերբակալել է Չեչենների համաշխարհային կոնգրեսին մասնակցելու համար Վարշավա ժամանած չեչեն անջատողականների առաջնորդ Ահմեդ Զակաեւին: Վերջինիս նկատմամբ Ռուսաստանը միջազգային հետախուզում էր հայտարարել՝ ահաբեկչության եւ այլ հանցագործությունների մեղադրանքով: Զակաեւը քաղաքական ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում, դեռ 2003թ.-ին, ինչը նրան հնարավորություն էր տվել անարգել այցելել մեծ թվով երկրներ:
Ռուսաստանին քննադատող եւ արտագաղթած չեչենների հրավիրած կոնգրեսից առ ժամանակ առաջ Վարշավայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Ալեքսեեւը հայտարարել էր, թե Զակաեւի Լեհաստան ժամանման դեպքում Մոսկվան կպահանջի նրան էքստրադիցիայի ենթարկել Ռուսաստան: Այդ հայտարարությունից հետո լեհական ոստիկանությունը զգուշացրել էր Զակաեւի հնարավոր ձերբակալության մասին՝ ընդսմին շեշտելով, թե Զակաեւին Մոսկվային հանձնելու հարցը պետք է քննի դատարանը, եւ որ նրա էքստրադիցիան ամենեւին էլ երաշխավորված չէ: ՌԴ գլխավոր դատախազությունը, սակայն, հաստատել է, թե Զակաեւին Լեհաստանից Ռուսաստան տեղափոխելու փաստաթղթերն արդեն պատրաստվում են:
«Լեհաստանն ազատ եւ ժողովրդավարական երկիր, իրավական պետություն է, եւ երբ ես իմացա, որ ինձ հետ կապված խնդիրներ են առաջացել, որոշեցի, որ պետք է գնալ Լեհաստան եւ ծագած հարցերը պարզաբանել»,- հայտարարել էր Զակաեւը: TVN24 հեռուստաալիքի մատուցմամբ, քաղաքացիական հագուստով ոստիկանները Զակաեւին ձերբակալել են այն պահին, երբ վերջինս դուրս է եկել շենքերից մեկից: Քանի որ կար Զակաեւին կալանավորելու միջազգային թույլտվություն, ոստիկանությունը պարտավորված է եղել նրան ձերբակալել եւ բերման ենթարկել դատախազություն: Ճանապարհին Զակաեւը հայտարարել է, թե ինքը ձերբակալության ժամանակ չի դիմադրել:
Հիշեցնենք, որ նախկինում լեհական ոստիկանությունը Զակաեւի հետ այսկերպ չէր վարվել, թեեւ չեչեն անջատողականների առաջնորդը միայն այս տարի երեք անգամ եղել է Լեհաստանում: Որոշ վերլուծաբաններ համարում են, թե այս անգամ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խաղադրույք է կատարել Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու վրա: