Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կրթությունից բացի՝ ամեն ինչից

Սեպտեմբեր 18,2010 00:00

«Լավագույն տնօրենի» թեկնածուները մրցույթի եզրափակիչ փուլում գովեցին իրենց, ՀՀԿ-ին եւ խոսեցին ոչ բովանդակային թեմաներից:

\"\"

Կառավարության որոշմամբ, ամեն տարվա հոկտեմբերի առաջին կիրակին նշվում է Ուսուցչի օրը, որն այս տարի կտոնվի հոկտեմբերի 5-ին: Արդեն 10-րդ տարին է, տոնի նախաշեմին կազմակերպվում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթը: Երեկ ԿԳՆ-ում անցկացվեց մրցույթի հանրապետական փուլը, որին մասնակցում էին մարզային փուլի հաղթողները: Եզրափակչում «Լավագույն ուսուցիչ» անվանակարգի համար պայքարում էին 11, «Լավագույն դաստիարակի»՝ 9 եւ «Լավագույն տնօրենի»՝ 11 մանկավարժներ: Որոշ մարզեր ներկայացուցիչ չունեին: Երեւանից ընտրվել էր 2-ական մանկավարժ: «Առավոտը» ներկա էր «Լավագույն տնօրենի» համար պայքարող մանկավարժների ելույթներին, որոնց միջոցով հանձնաժողովի 7 անդամները պետք է ընտրեին լավագույնին: Տնօրենները հերթով ներկայացնում էին, թե «գերազանցիկության» ինչ վկայականների են իրենք արժանացել, ինչպիսի՜ անմխիթար վիճակում է եղել դպրոցը՝ իրենցից առաջ, քանի անգամ են մասնակցել «Հայ ասպետին» եւ այլն:

Վաղարշապատի թիվ 4 դպրոցի տնօրենն էլ ասաց, որ դպրոցի համար ստեղծել է կոյուղի, մշտական ջուր, փշերով ու տատասկներով շրջապատված դպրոցը ծաղկանոցի է վերածել, իսկ ներքին հարդարման աշխատանքները չի հասցրել ավարտին հասցնել՝ ճգնաժամի պատճառով. «Պարզ ճակատով ասում եմ, որ աշակերտների թիվն ավելացրել, 1000-ի եմ հասցրել»: Երեւանի թիվ 136 հիմնական դպրոցի տնօրեն Գրետա Թունյանն ասաց, թե դպրոցն իր համար սոսկ շենք չէ…

Որքան էլ հանձնաժողովի անդամները տնօրեններին խնդրում էին անդրադառնալ բովանդակային կողմին, նշել, թե ինչպես են իրենց ստեղծած պայմաններն անդրադարձել կրթության որակի վրա, տնօրեններից ոչ մեկը չխոսեց իրենց դպրոցում առկա կրթական խնդիրների ու դրանց լուծմանն ուղղված առաջարկների մասին: Նրանցից ոչ մեկի մտքով չանցավ անդրադառնալ նաեւ դպրոցներում տիրող կոռուպցիայի եւ այն մասին, թե ինչ քայլեր է արել այդ արատավոր երեւույթի վերացման համար եւ այլն: Նշենք, որ տնօրենները լրագրողների հետ զրուցելիս իրենց համակրանքն էին հայտնում Հանրապետական կուսակցության հանդեպ եւ պարզերես նշում, որ ընտրությունների ժամանակ ղեկավարել են իրենց դպրոցի ընտրատեղամասը, հանդես եկել որպես հանձնաժողովի նախագահ:

«Առավոտի» հետ զրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության վարչության պետ Իլյա Սարգսյանը տնօրենների՝ ելույթների ժամանակ խնդրի բովանդակային կողմին չանդրադառնալու մասին ասաց. «Դա նրանց համար հեշտ չէ, դրա համար նախընտրում են վերանորոգումներից խոսել»:

Երեկ գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովը ընտրեց լավագույններին, որոնց անունները կհայտարարվեն միայն հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ: Լավագույն ուսուցչին ու դաստիարակին կնվիրվի ավտոմեքենա, իսկ լավագույն տնօրենին՝ համակարգիչ, կլինեն նաեւ թանկարժեք պարգեւներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել