Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԽՈՍԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԱԶԱՏԵՑԻՆ

Սեպտեմբեր 18,2010 00:00

\"\"  Պատճառը ուսանողի հոր միջամտությո՞ւնն էր, թե՞ նրա ոչ համապատասխան կրթությունը

Օրերս «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի բազմաթիվ ուսանողներ «մինի» ցույց էին կազմակերպել՝ ի պաշտպանություն իրենց ռազմագիտության դասախոս Արմեն Գեւորգյանի: Այնուհետեւ odnoklassniki.ru սոցիալական կայքում ուսանողներն ի պաշտպանություն հեռացված դասախոսի մի մեծ խումբ էին կազմել: Մեր տեղեկություններով՝ քոլեջի տնօրինությունը նշված դասախոսին աշխատանքից ազատել է, քանի որ նա առաջին կուրսեցիներից մեկին չարաճճի պահելու համար, որպես պատիժ «ժիմ» անել է տվել, իսկ վերջինս օգնության է դիմել ոստիկան-հայրիկին: Այս միջադեպի արդյունքում էլ քոլեջի տնօրինությունը որոշել է աշխատանքից հեռացնել դասախոսին:

Այս պատմության մանրամասներին տեղեկանալու նպատակով «Առավոտը» երեկ այցելեց «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամ՝ պարզաբանելու՝ արդյոք ո՞րն էր ուսանողների բողոքի ցույցի պատճառը, եւ ինչո՞ւ է աշխատանքից ազատվել ուսանողների կողմից սիրված դասախոսը:

Զրուցեցինք «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանի հետ: Նա պարզաբանեց. «Խնդիրն այն է, որ մենք ռազմագիտության դասախոս Արմեն Գեւորգյանի հետ աշխատանքային պայմանագիր չենք կնքել, քանի որ նա չունի համապատասխան կրթություն եւ ռազմագիտության դասերը դասավանդելու իրավունք: Ուստի դիմել ենք տարածքային զինկոմ, որպեսզի նրանք նոր թեկնածու առաջադրեն: Ես արդեն հանդիպել եմ այդ անձի հետ, որը անցել է երկարատեւ զինվորական ճանապարհ, աշխատել տարբեր ստորաբաժանումներում եւ հենց նա էլ կդասավանդի ռազմագիտություն առարկան»: Իսկ այն մասին, թե ռազմագիտության դասախոսը հեռացվել է ուսանողի հոր միջամտությամբ՝ պարոն Ավետիսյանն ասաց հետեւյալը. «Դա իրականությանը չի համապատասխանում, ցավոք՝ նման բաներ տարածելն այսօր մոդայիկ է դարձել»:

«Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի միջանցքներում զրուցեցինք նաեւ առաջին կուրսեցիների հետ: Նրանք տեղեկանալով, որ լրագրողի հետ են խոսում, սկզբում խուսափում էին որեւէ բան պատմել: Ասում էին. «Նախարարությունն ինչ ուզում է, թող անի, մենք ոչ գիտենք, ոչ լսել ենք, ոչ էլ ուզում ենք խառնվել»: Բայց հետո, երբ խոստացանք նրանց անունները չհրապարակել, պատմեցին, որ իրենք իսկապես սիրում էին ընկեր Գեւորգյանին, չնայած նրա հետ հանդիպել են մեկ կամ երկու անգամ:

Բարձր կուրսեցիներն ասում էին, որ իրենց դասախոսներից ամենաշատը հարգում եւ սիրում էին հենց Արմեն Գեւորգյանին՝ նրա թեեւ խիստ, սակայն հարգալից եւ կիրթ պահվածքի համար՝ «նա մեզ համար ոչ միայն դասախոս է, այլեւ՝ ավագ ընկեր, երանի չէր բոլորը նրա նման լինեին: Ցավն այն է, որ այս դեպքում էլ, ինչպես միշտ՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր…Իսկ ուժեղը, բնականաբար, ոստիկան պապայի բալիկն էր, թույլն էլ՝ մենք բոլորս… Մենք էլ ենք «ժիմ» արել, երբ որ մեզ վատ ենք պահել, բայց հասկացել ենք, որ պետք է՝ արել ենք»:

Ուսանողների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մենեջմենթի բաժնի առաջին կուրսեցիների հետ, իսկ այն տղան, որի անունը ոչ մի կերպ չկարողացանք կորզել ուսանողներից, ըստ ուսանողների տեղեկությունների՝ դեպքից հետո այլեւս չի եկել քոլեջ:

«Առավոտը» աշխատանքից ազատված դասախոս Արմեն Գեւորգյանի հետ կատարվածի մասին որոշ մեկնաբանություններ փորձեց ստանալ նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ավագ զինղեկ Պերճ Գեւորգյանից: Նա ասաց. «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամը քանի որ հանրակրթական դպրոց չէ, անմիջապես մեզ չի ենթարկվում: Ուստի կադրին ընդունելը, աշխատանքից ազատելը քոլեջի ղեկավարի իրավասությունների շրջանակում է, այդ պատճառով էլ ես չեմ կարող բնութագրել Արմեն Գեւորգյանին կամ ասել, արդյո՞ք նա ուներ համապատասխան կրթություն, թե՝ ոչ: Սակայն քոլեջի տնօրինությունը նոր կադրի նշանակման համար դիմել է մեզ, եւ մենք նրանց կապահովենք համապատասխան կադրով»:

«Առավոտը» փորձեց կապ հաստատել նաեւ Արմեն Գեւորգյանի հետ, սակայն ապարդյուն:

Այնուամենայնիվ, պատրաստ ենք տպագրել նաեւ աշխատանքից ազատված դասախոսի մեկնաբանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել