Արտաքին քաղաքականությունը քննադատելիս պետք է առնվազն գաղափար ունենալ դրանից
Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ գործունեությանն ընդհանրապես եւ հատկապես վերջին շրջանում ՄԱԿ-ում ընթացող զարգացումներին՝ չի կարելի չընդունել այն միտքը, որ քաղաքականության մեջ ամենալավ քարոզչությունը հաջողությունն է:
Խոսքը վերաբերում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանից ադրբեջանական հայտնի բանաձեւի հետ վերցնելուն նույն Ադրբեջանի կողմից: Որքան էլ որ Ադրբեջանը երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս իր դեմքը փրկելու համար նշում է, որ այդ քայլը պայմանավորված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից այս աշնանը սպասվող ԼՂ հարակից շրջաններ դաշտային առաքելությամբ, սակայն նույն ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռեւս սեպտեմբերի 6-ին հայտարարել էր, որ այդ մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել կողմերի, այսինքն` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ գարնանը: Մինչդեռ հարցին հետեւող յուրաքանչյուր ոք գիտի, որ Ադրբեջանը բանաձեւը օրակարգ էր մտցրել նշված պայմանավորվածությունից ավելի ուշ, այսինքն` ամռանը:
Ադրբեջանական քարոզչական հնարքը մի կողմ թողնելով՝ կցանկանայի անդրադառնալ հայաստանյան որոշ լրատվամիջոցների եւ գործիչների մոտեցումներին, որոնք հնչում էին բանաձեւի նախատեսված օրվանից՝ սեպտեմբերի 9-ից առաջ եւ դրանից հետո: Մի կողմից, թվում է՝ առկա է ակնհայտ դիվանագիտական հաջողություն, որը դժվար կլիներ պատկերացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ակտիվ արտաքին քաղաքականության բացակայության պայմաններում: Մյուս կողմից, մի քանի քաղաքական ուժեր եւ լրատվամիջոցներ փորձում են ակնհայտ արտաքին քաղաքական հաջողությունը բացասական երանգներով ներկայացնել` ԱԳՆ-ին ընտրելով որպես հեշտ թիրախ: Նրանց մի մասը, ինչպես հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ, ավանդական հիվանդագին կասկածամտությամբ փորձում են այս իրադարձությունը ներկայացնել օտար ուժերի նյութած “հերթական դավադրության” հետեւանքով առաջացած ձախողում: Որքան էլ դժվար է սպիտակը խառնել սեւի հետ, բայց անհրաժեշտ հոգեվիճակի առկայության պարագայում, փաստորեն, դա հնարավոր է: Դժվար է, անշուշտ, բոլորից սպասել կատարյալ դատողություն, սակայն այս համատեքստում պետք է ընդգծել, որ դատողությունների անկայունությունը ամենամեծ թերությունն է մտավոր աշխատանքի ցանկացած բնագավառում:
Արտգործնախարարությանը անգործության մեջ են մեղադրում ընդդիմադիր որոշ գործիչներ՝ նշելով մի շարք հանգամանքներ: 1. Ինչո՞ւ ԱԳՆ-ն չի կանխել Ադրբեջանի կողմից բանաձեւի նախագծի առաջադրումը; 2. Ինչո՞ւ ԱԳՆ-ն չի առաջադրում համարժեք բանաձեւեր ՄԱԿ-ում կամ այլ միջազգային կազմակերպություններում: Երրորդ, սակայն ոչ պակաս կարեւոր հարցադրումը, որը հնչում էր մինչեւ սեպտեմբերի 9-ը, սակայն որի մասին ընդդիմադիր մի շարք գործիչներ նախընտրում են այժմ լռել, այն է, թե արդյոք հայկական դիվանագիտությունը կարո՞ղ էր կանխել դրա քննարկումը կամ տապալել այն քննարկման պարագայում: Եվ վերջապես, ի՞նչ է Հայաստանը զիջել Ադրբեջանին, որպեսզի այդ նախագիծն օրակարգից հանվի:
Անդրադառնանք յուրաքանչյուր հարցադրմանն ըստ հերթականության: Նախ, ՄԱԿ-ում յուրաքանչյուր անդամ երկիր կարող է առաջադրել ցանկացած բանաձեւի նախագիծ, եւ որեւէ այլ անդամ երկիր չի կարող կանխել նման բանաձեւի նախագծի առաջադրումը: Երբ որեւէ լրագրող կամ դիվանագիտական մասնագիտություն ու կրթություն չունեցող գործիչ է նման հարցադրում անում, ապա կարելի է փորձել այդ մոտեցումը հիմնավորել հարցին ոչ բավարար տիրապետելու պատճառով, բայց երբ նախկին դիվանագետն է բարձրացնում նման հարց, ապա բազմաթիվ այլ հարցեր են առաջանում: Կան նաեւ այնպիսիները, որոնք մինչ դիվանագետ դառնալը կապ չունեին դիվանագիտության հետ, բայց դառնալով դիվանագետ եւ երկար տարիներ լինելով այդ համակարգում՝ այժմ այնպիսի դատողություններ են անում, որ, փաստորեն, ստացվում է, որ անգամ այդ երկարամյա փորձը նրանց ոչինչ չսովորեցրեց: Կամ՝ կարո՞ղ են անձնական փորձից գեթ մեկ օրինակ բերել, որ այս կամ այն բանաձեւը կարողացել են առաջադրումից կանխել կամ օրակարգ մտնելուց հետո այն տապալել: Մինչ օրս Ադրբեջանը չի դադարում միջազգային հանրությանը հիշեցնել 1993թ. ապրիլի 30-ից նոյեմբերի 12-ը տեւած ժամանակահատվածում ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բոլոր չորս բանաձեւերը ԼՂ հակամարտության մասին: Իրենց դիվանագիտական փորձից այս գործիչները պետք է իմանային, որ նույն բանաձեւի նախագծի քննարկումը եւ քվեարկությունը հնարավոր չէ հետաձգել մյուս նստաշրջան: Խոսքը գնում է օրակարգի կետը հաջորդ նստաշրջան տեղափոխելուն, ոչ թե բանաձեւի նախագիծը: Բանաձեւի նախագիծը դադարում է գոյություն ունենալուց, եթե այն չի դրվել քվեարկության:
Երկրորդ հարցադրումն է, թե ինչո՞ւ ՀՀ-ն համարժեք քայլեր չի նախաձեռնում եւ չի առաջադրում համարժեք բանաձեւերի նախագծեր ՄԱԿ-ում կամ այլ միջազգային կազմակերպություններում: ԼՂ հակամարտության կարգավորումը ընթանում է միջազգային մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Պետք չէ ընկնել ադրբեջանական ծուղակը եւ այլ ձեւաչափեր տանել կարգավորման գործընթացը: Առնվազն միամտություն է կարծելը, թե Ադրբեջանի բանաձեւի ներկայացման միջոցով աշխարհը ծանոթանում է միայն Ադրբեջանի տեսակետին:
Ոմանց համար վատ լուր իմանալուց ավելի մեծ սփոփանք չկա: Նրանք կանխատեսում էին նման վատ լուր ՄԱԿ-ում սեպտեմբերի 9-ին: Որոշները մինչեւ սեպտեմբերի 9-ը նշում էին, թե “իշխանությունը ի վիճակի չէ հակադարձել Ադրբեջանի ձեռնարկած հարձակմանը, մեկ այլ գործիչ էլ” նշել էր, թե ԱԳՆ “հայտարարություններից բացի՝ ոչինչ չի արվում, մինչդեռ հարկավոր է դիվանագիտական նոտա հղել ՄԱԿ-ին: Ակնհայտ է, որ նա որեւէ պատկերացում չունի, թե ինչ է նշանակում “դիվանագիտական նոտա:
Նրանք, ովքեր փորձում են մեր արտաքին քաղաքականությունը քննադատել, նախընտրում են անտեսել ՄԽ համանախագահների հայտարարությունների տեքստերի ձեւակերպումները վերջին տարիների ընթացքում: Բավարարվենք միայն վերհիշելով, որ ամենաբարձր մակարդակով նշվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ դրույթների ամբողջականության եւ միասնականության մասին՝ որպես հակամարտության կարգավորման հիմք: Խոսքը գնում է նրա մասին, որ ազգերի ինքնորոշման իրավունքը պակաս նշանակություն չունի տարածքային ամբողջականության իրավունքից: Եթե, ինչպես մի քննադատ է նշում, “Հայաստանում չունենք արտգործնախարարություն, ապա ինչպե՞ս են առաջանում այս եւ մեզ օգտակար այլ ձեւակերպումները:
Մարդ կարող է չհավատալ իշխանության ներկայացուցիչներին, բայց հալած յուղի տեղ ընդունել ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները, վստահել ադրբեջանական քարոզչությանը, դա արդեն ճաշակի հարց է:
Նախագիծը հանվեց օրակարգից: Հանվեց, քանի որ հանրապետության նախագահի գլխավորությամբ հայկական դիվանագիտությունը մեծ ջանքեր էր ներդրել բանակցային գործընթացի բնական հունով շարունակման համար: Միգուցե, ինչպես արտգործնախարար Նալբանդյանը վերջերս ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց, դիվանագիտությունը սառցալեռան է նման, եւ այն մասը, որը երեւում է, դա շատ փոքր մասն է, մեծ մասը անտեսանելի է: Բնականաբար հասկանալի է, որ որեւէ մեկը հրապարակավ չի գովազդում, թե ինչ քայլեր է ձեռնարկվում դիվանագիտական տարբեր ուղղություններով, երբ էական գործընթաց է ընթանում, եւ անհրաժեշտ է արդյունք ապահովել:
Որեւէ մեկը իրեն իրավունք չի վերագրում բժշկին կամ մաթեմատիկոսին ուղղություն տալ, սակայն մեզ մոտ դիվանագիտությունից, կարծես թե, բոլորն են հասկանում, տիրապետում են նրբություններին այնչափ, որ խորհուրդ են տալիս գեթ մեկ “նոտա հղել ՄԱԿ-ին: Այս կրքոտ քննադատների մի մասն էլ դիվանագիտությունից այնքան հեռու են, որքան Հունաստանում գտնվող Լարիսսա քաղաքը հայկական Ալավերդիից: Նրանց մի մասը գուցեեւ կարդացել է ինչ-որ բան դիվանագիտության մասին: Սակայն պնդել մի բան, որի մասին տեղյակ չես, ասենք, թե ինչ է անում ԱԳՆ-ը, եւ չարախնդալ, որ ձախողումն անխուսափելի է, իմ կարծիքով՝ դիվանագիտական գործունեության հետ ուղղակի կապ չունի եւ առավելապես այլ հատկություն է: Պետք է պետության հանդեպ յուրատեսակ ատելությամբ լցված լինես, որպեսզի զանգահարես ՄԱԿ-ում Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցչություններին եւ խնդրես գնահատական տալ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչության գործունեությանը այս համատեքստում: Այս նույն մարդիկ որեւէ կասկածի տակ չեն դնում ադրբեջանական քարոզչության ցանկացած ապատեղեկատվություն եւ, հիմնվելով դրա վրա, վերլուծություն կամ դատողություն են անում:
Խոսում են զիջումների մասին: Չխորանալով այն ժամանակվա իրավիճակին, ձեւակերպումներին՝ նշենք, որ 2005 թ. “Ադրբեջանի օկուպացված տարածքներում” “ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն” իրականացվեց: Այժմ էլ “դաշտային առաքելություն է” անցկացվելու “ԼՂ հարակից տարածքներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Առաջընթաց կա՞ ձեւակերպումների մեջ, թե՞ հետընթաց: Ադրբեջանը ի՞նչ «զիջումներ է կորզել Հայաստանից եւ Մինսկի խմբից»: Զարհուրելի է, որ բանաձեւի նախագիծը հանելու համար մեկի մտքով անգամ կանցնի, որ անպայման պետք է ինչ-որ բան զիջել:
Ինչպես հայտնի դարձավ, 40-ից պակաս դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալով՝ ՀՀ ԱԳՆ-ն կազմակերպել է 600-ից ավելի հանդիպումներ տարբեր երկրների ներկայացուցչությունների, արտգործնախարարությունների հետ: Արտգործնախարար Նալբանդյանն ունեցել է 100-ից ավելի հեռախոսազանգեր եւ հղել է 200-ից ավելի նամակներ իր գործընկերներին ամբողջ աշխարհում եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին: Բովանդակային այս մասշտաբը հասկացող եւ արդարությունը հարգող որեւէ մեկը չի կարող ուրանալ այս ամենը; Բայց ասում են, որ նախանձը եւ չարությունը երբեք տոն չեն ունենում:
Որքան օգտակար քննադատություն լինի, այնքան լավ՝ որոշումներ կայացնողների եւ այդ որոշումներն իրականացնողների համար: Սակայն ցանկացած քննադատություն հնչեցնելիս պետք է հիշել, հասկանալ եւ մտածել, որպեսզի դա չդառնա քննադատություն հանուն քննադատության: