Տեսահոլովակը՝ «Առավոտ»-ի նախորդ համարում
Երեկ, ժամը 00.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Քաջազնունու 20ա հասցեում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի վերելակի հորանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 00.48-ին պահանջվել է օգնություն՝ գծապաշտպան օղակ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր են մեկնել եւս յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ հրդեհաշիջման շտաբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-03» ծառայության եւ էլցանցի հերթապահները: Դեպքի վայրում ճակատի հատվածում վնասվածք է ստացել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի պետ Մ. Ավետիսյանը: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: Բժիշկների կողմից տուժածի վիճակը բնութագրվել է բավարար: Դեպքի վայրում են գտնվել «1-02», «1-03», «1-04» ծառայութունների եւ էլցանցի աշխատակիցները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.16-ին, մարվել՝ ժամը 03.52-ին: Այրվել է որպես պահեստային տարածք եւ աշխատասենյակներ գործածվող 350 քմ մակերեսով նկուղը՝ իր գույքով: