«Հայփոստի» ծառայությունները առաջիկայում նոր որակ կստանան: Երեկվա ասուլիսում Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «Լա փոստի» միջազգային կապերի տնօրեն Ժան Փոլ Ֆորսեւիլը տեղեկացրեց, որ «Հայփոստի» հետ գործակցության արդյունքում իրենք փոստային մենեջերի դեր կկատարեն: Նա վստահեցրեց, որ առաջիկայում Հայաստանում փոստային ծառայությունների ոչ միայն քանակը, այլեւ որակն է բարձրանալու. «Շատ կարճ ժամանակահատվածում կբարելավվի ինֆրաստրուկտուրաների որակը եւ կբարձրանա «Հայփոստի» ծառայությունների որակն ու սպառողների վստահությունը: Ավանդական ծառայություններին կգումարվեն ֆինանսական նոր ծառայություններ, նաեւ մեքենաների ապահովագրությունը»: Ի դեպ, «Լա փոստը» Եվրոպայի 2-րդ խոշոր օպերատորն է, որն ունի տարեկան 20 միլիարդ եվրոյի շրջանառություն՝ 530 միլիոն եվրո հասույթով: «Հայփոստի» գործադիր տնօրեն Արման Խաչատրյանն էլ ասաց, որ ծառայությունների արդիականացման փուլում քաղաքացիներին կառաջարկեն փոստաբանկային ծառայություններ նաեւ մարզերում: Նա նշեց, որ մինչեւ 2015 թվականը «Հայփոստը» 4 միլիարդ դրամ է ներդնելու փոստային բաժանմունքները վերակառուցելու համար: Բարեփոխումների շրջանակում քաղաքացիները հնարավորություն կունենան նաեւ ինտերնետով արտասահմանում գնած ապրանքները ստանալ առանց մաքսային ձեւակերպումների: «Հայփոստի» տրանսմենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիդջյանը ասաց, որ Պետեկամուտների կոմիտեի հետ ձեռք են բերել համաձայնություն, որի համաձայն՝ այն ապրանքները, որոնք կառաքվեն «Հայփոստի» միջոցով ու չեն գերազանցի 50 հազար դրամը, մաքսային ճանապարհը կհատեն «կանաչ ուղի» սկզբունքով: Նա նաեւ խոստացավ, որ ապրանքները ճանապարհին չեն անհետանա, դրանք կհասնեն ճիշտ հասցեատիրոջ բնակարան: Պարոն Գեչիդջյանը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում կմշակվի օրենսդրական նախագիծ, որը քաղաքացուն իրավունք կտա տարեկան երկու անգամ 150 հազար դրամը չգերազանցող ապրանք ներմուծել Հայաստան: