Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստաֆիլակոկից էին թունավորվել

Սեպտեմբեր 18,2010 00:00

Բացահայտվել են օգոստոսի 19-ին «Գեղամա» ռեստորանում գրանցված թունավորման դեպքի պատճառները: Պարզվում է՝ այդ օրը ռեստորանում տեղի ունեցած հարսանյաց հանդեսի ժամանակ 41 մարդ թունավորվել է ստաֆիլակոկից առաջացած տոքսիններից: Այս մասին երեկվա ասուլիսում ասաց Սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը: Նրա խոսքով, ստաֆիլակոկը մանրէների խումբ է, որն առաջանում է կենդանական օրգանիզմում ու միայն թարախային պրոցեսի առկայության ժամանակ. «Ստաֆիլակոկը զարգանալով՝ առաջացնում է տոքսիններ, որոնք մտնելով մարդու օրգանիզմ, առաջացնում են ստամոքսաաղիքային տրակտի լորձաթաղանթի քայքայում, բորբոքումներ եւ այլն»: Պարոն Բաղիյանը վստահեցրեց, որ այս հիվանդությունից մահվան դեպքեր չեն լինում, հիվանդությունը բուժվում է բավականին կարճ ժամանակահատվածում:

Տեսչության պետն անդրադարձավ նաեւ իրենց կատարած ստուգայցերին՝ նշելով, որ ընդհանուր առմամբ ստուգել են 170 տնտեսվարող սուբյեկտ եւ ամփոփել 150 ստուգայցերի արդյունքներ. «150 տնտեսվարող սուբյեկտից միայն 5-ի մոտ թերություն չենք արձանագրել, իսկ մնացածի մոտ հայտնաբերվել է ժամկետանց, թերի կամ առանց մակնշման սննդամթերք: Կային դեպքեր, երբ սնունդն ընդհանրապես չէր համապատասխանում տեխնիկական կանոնակարգին ու սանիտարական կանոններին: Բացի այդ, 5 տնտեսվարող սուբյեկտում արձանագրել ենք առողջությանը վտանգ սպառնացող սնունդ: Ընդհանուր առմամբ՝ կիրառել ենք մոտ 15 միլիոն դրամի տուգանք»: Պարոն Բաղիյանի խոսքով, առանձին ստուգայցեր են իրականացրել նաեւ շուկաների հարակից տարածքներում՝ կենդանական ծագման մթերքի վաճառակետերում եւ մոտ 68 տնտեսվարող սուբյեկտում գրանցել են տարբեր տիպի խախտումներ. «Գումի շուկայի հարակից տարածքում արձանագրել ենք կենդանական ծագման մթերքի ռիսկային բարձր գործոն: Այստեղ մսամթերքը վաճառվում է առանց անասնաբուժական փաստաթղթի, խախտված է տեխնիկական կանոնակարգն ու ջերմային ռեժիմը եւ հակահիգիենիկ վիճակում է: 17 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը կասեցրել ենք, այսօրվա դրությամբ միայն 12-ի գործունեությունն է դեռ վերականգնվել, իսկ բազմապիսի խախտումների արդյունքում տուգանքի չափն ընդհանուր առմամբ հասել է 1,5 միլիոն դրամի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել