Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

Սեպտեմբեր 18,2010 00:00

Ֆիննական ինտերմեցցոյով

\"\"
Հելսինկի: Սենատի հրապարակ:

\"\"\"\"
Արջերի թագավորություն:
Հայկական արջուկը՝ «Առավոտի» Աննա Իսրայելյանի, իսկ հոլանդականը՝ panorama.am-ի Արմեն Մինասյանի գրկում:

\"\"
Այսպիսին է լինում Պյառուի ափը հուլիս ամսին:

\"\"
Հելսինկին եւ Տալլինը իսկական եվրոպական քաղաքներ են՝ տրամվայներով:

սկիզբը՝ «Առավոտ», 14.09.10թ.

Ընդամենը 1,5 ժամից Տալլինից դուրս եկած մեր շոգենավը հասավ Հելսինկի: Մենք նստել էինք ֆիննական ընկերությանը պատկանող նավը, քանի որ այն խարիսխ էր գցում ուղիղ Ֆինլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում, այն դեպքում, երբ էստոնական նավերը կայանում են ծայրամասային նավահանգստում: Անմիջապես նավի մեջ գործում էր «դյութի ֆրի»՝ «առանց մաքսատուրքերի» խանութ, քանի որ նավարկման ընթացքում մտնում էինք Բալթիկ ծովի չեզոք գոտի:

Հելսինկին, Տալլինի համեմատ, երիտասարդ քաղաք է՝ հիմնադրված 1800-ականների սկզբին ռուսական Ալեքսանդր 1-ին կայսեր կողմից: Ճիշտ է, քաղաքի պատմությունը սկսվում է 1550-ից, սակայն տեսանելի է միայն Ալեքսանդրի հրամանով վերականգնված Հելսինկին: Ճիշտ այնպես, ինչպես մեր Երեւանի ավելի քան 2800- ամյա պատմությունը տեսանելի չէ. Էրեբունի ամրոցից հետո մի մեծ, պատմական սեւ խոռոչ է, եւ մեկ էլ երեւում են ստալինյան ժամանակաշրջանի շինություններ՝ չհաշված 17-19-րդ դարի մի քանի եկեղեցիներ: Դրանից ավելի հին շինություններ, որքան գիտեմ, մեր մայրաքաղաքում չեն պահպանվել: Եվ հին Երեւան, որպես այդպիսին, ուղղակի չունենք՝ հայի գերշինարար ոգին ստիպում է ամեն ինչ քանդել եւ կառուցել նորը: Ընդ որում՝ կառուցելը պարտադիր չէ, կարեւորը՝ լավ քանդելն է:

Հելսինկիի տեսարժան վայրերն այցելելու համար, ըստ էության, մի քանի ժամը լրիվ բավական է: Ամեն ինչ շատ հավաք է եւ կոկիկ. նավահանգստից դուրս ես գալիս՝ մեկ-երկու րոպեից Սենատի հրապարակում ես, որն իրենից ներկայացնում է պատմության, հավատի, գիտության եւ պետականության մի սիմվոլ: Հրապարակի կենտրոնում ռուսական Ալեքսանդր 2-րդ ցարի արձանն է. նա 1860-ականներին Ֆինլանդիայում շրջանառության մեջ դրեց ֆիննական մարկը, ֆիններենը դարձրեց պետական լեզու եւ այլն: Արձանի անմիջապես հետեւում ֆիննական լյութերական եկեղեցու մայր տաճարն է, աջից՝ Պետական խորհուրդը (կառավարությունը), ձախից՝ Հելսինկիի համալսարանի գլխավոր մասնաշենքը: Ստացվում է՝ «եղե՞լ ես Հելսինկիում» հարցին դրական պատասխան տալ կարելի է ընդամենը այդ հրապարակում լինելուց հետո:

Սակայն բախտը մեզ ժպտաց: Մեր այցելությունից տառացիորեն մի քանի օր առաջ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայից Հելսինկի էր ժամանել եւ Սենատի հրապարակում հպարտորեն տեղավորվել էր UNITED BUDDY BEARS-ը՝ Հանդուրժողականության արվեստը ցուցասրահը: Սա մի յուրօրինակ նախաձեռնություն է, որը սկսվել է 2002-ից՝ Գերմանիայում, եւ արդեն հասցրել է շրջագայել աշխարհի հինգ մայրցամաքներում: Այս ցուցահանդեսն իրենից ներկայացնում է արջերի 2 մետրանոց փայտե արձաններ՝ ձեւավորված տարբեր երկրներին բնորոշ սիմվոլիկայով: Ընդ որում՝ սիմվոլիկան կարող էր լինել համեստ եւ հպարտ՝ ինչպիսին մերն էր՝ հայկականը, եւ զվարճալի ու հումորով՝ ինչպիսին հոլանդացի արջն էր: Այս ութ տարիների ընթացքում ավելի քան 22 մլն մարդ ողջ աշխարհում հնարավորություն է ունեցել հիանալ ձեռք ձեռքի տված արջուկներով: Մերձբալթյան հանրապետություններ ուսուցողական այցի մեկնած հայ լրագրողներս համալրեցինք նրանց:

Սենատի հրապարակից ձգվում են ուղիղ գծագրված փողոցներ՝ քաղաքի հատակագիծն այնքան պարզ է, որ ուղղակի անհնար է մոլորվելը: Բայց այդ բոլոր փողոցներում կիրակի օրը երեկոյան 6-7-ից հետո անիմաստ է փորձել գտնել մի որեւէ բաց սրճարան կամ ռեստորան: Ֆինները՝ այդ թվում սպասարկման օբյեկտների աշխատակիցները, հանգստյան օրերին հանգստանում են առավելապես տանը: Սրճարանի փնտրտուքի արդյունքում մենք հասցրեցինք չափչփել Հելսինկիի գրեթե բոլոր կենտրոնական փողոցները եւ ի վերջո Էսպլենադի պուրակում հայտնաբերեցինք մի գործող սրճարան՝ «Կապելլին»: Այս Կապելլիում նստեցինք մի սեղանի շուրջ, որի հետեւում գրապահարան էր: Եվ հանկարծ panorama.am-ի մեր գործընկերը այդ գրքերի միջից գտավ 1990-ականների մի անգլալեզու հրատարակություն՝ Կովկասի մասին: Այնտեղ, ի թիվս այլեւայլ բաների, լուսանկար կար, որի տակ մակագրված էր, թե 1915-ին թուրքերը կոտորեցին ավելի քան 1 միլիոն հայ: Լուսանկարի վերեւում ինչ-որ մեկը ձեռագրով ավելացրել էր big lie՝ մեծ սուտ: Բնականաբար, դա չէր կարող մեզ անտարբեր թողնել, եւ մենք՝ լծվելով պատմական արդարությունը վերականգնելու եւ թշնամու ջրաղացի ջուրը կտրելու սուրբ գործին, արագ վերացրեցինք այդ թյուրիմացությունը: Ու միայն դրանից հետո կարողացանք մի կտոր հալալ հաց ուտել:

Հելսինկիում նույնպես, ինչպես եւ Տալլինում, մոտս կարոտախտի նոպաներ սկսվեցին, երբ տեսա, թե ինչպես են այդ մայրաքաղաքներում սլանում ամենաքաղաքային երթուղամիջոցները՝ տրամվայները՝ անաղմուկ, մաքուր, գեղեցիկ, եվրոպական… Տալլինում ես երկար ժամանակ չէի կարողանում զսպել ցանկությունս՝ կարոտս առնելու համար մի պտույտ անել քաղաքային տրամվայով: Միակ արգելակող բանը տոմսի գինն էր. տրանսպորտի մեկանգամյա ուղետոմսը գրեթե 2 եվրո արժեր: Հավանաբար վարակվեցի էստոնացիներից խնայողասիրությամբ: Նրանք իրենց «փակ ձեռք» լինելու մասին ինքնածաղրական ռեպլիկներ էին պարբերաբար անում: Ասենք, Էստոնիայի կառավարության աշխատակազմի ԵՄ քարտուղարության ղեկավար Յուհան Լեպասսարն ասում էր, որ էստոնացիները սիրում են կուտակել գումարը, չծախսել եւ հետո մի մեծ կարողություն դիզած՝ մեռնել: Հանուն ճշմարտության պիտի նշեմ, որ մեզ այդպես էլ նման ժլատներ չհանդիպեցին: Էստոնական «ժլատությունը» տեսանք միայն Պյառնու-Տալլին ճանապարհին՝ ամբողջ ճանապարհն անտառապատ էր. այդ ժլատների ձեռքը չէր գնացել մի երկու ծառ կտրեին… Միայն Եվրամիության ֆինանսավորմամբ վերանորոգվող մայրուղիների եւ հեծանվորդների ու սքեյբորդիստների համար կառուցվող ճանապարհների համար էին մի քիչ ծառ կտրել:

Էստոնիայի տարածքների ավելի քան 40%-ն անտառներ են: Բնությունը Սկանդինավիայում ամեն ինչից թանկ արժե: Էստոնացիները, որպես սկանդինավցիների փոքր եղբայր, սովորել են փայփայել ու խնամել բնությունից իրենց հասած բարիքները՝ անտառները, ծովը, դաշտերը… Բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Բնության հրաշքներից միայն արջերն ու գայլերն են, որ հատուկ խնամքի չեն արժանանում: Հակառակը: Էստոնիայում այնքան շատ են այս բարիքներից, որ նրանք պարբերաբար գայլի եւ արջի որսի օրեր են հայտարարում՝ ի զարմանս եւ ի զայրույթ եվրոպական մյուս երկրների, որոնց համար էստոնացիների այս անհարգալից վերաբերմունքը դեպի մեր չորքոտանի գիշատիչ բարեկամները պախարակման արժանի բարբարոսություն է՝ վիկինգներից մնացած վերապրուկ: Այս ամենի մասին կեսկատակ-կեսլուրջ քննարկում էինք Էստոնիայի պառլամենտի՝ Ռիգգիկոգուի՝ Եվրամիության հարցերով հանձնաժողովի փորձագետ Օլեկ Աարմայի հետ:

Ի դեպ, անտառները նույնպես, ինչպես տները, կալվածքները, որ սովետական օկուպացիայի տարիներին՝ 1940-ին, խլվեցին էստոնացիներից, անկախությունից հետո վերադարձվեցին նրանց ժառանգներին: Օրինակ, մեր խմբին «կցված» պատգամավոր Հաննես Ռումմին նույնպես վերադարձվել են նրա պապիկի անտառներն ու տները: Սակայն այս օրենքը չէր տարածվում հիմնարկ-ձեռնարկությունների վրա: Օրինակ, կուրորտային Պյառնու քաղաքի մինչօկուպացիոն (մինչեւ 1940թ.) շրջանի հանգստյան տներն ու հյուրանոցները 1991-ի անկախությունից հետո չեն վերադարձվել այդ օբյեկտների տերերի ժառանգներին, այլ մասնավորեցվել են որպես բաժնետիրական ընկերություններ:

Հետաքրքիր է, որ սեպտեմբերի 1-ին, երբ Սեւ կամ Միջերկրական ծովերում կուրորտային սեզոնը դեռ եռում է, Բալթիկ ծովի ափին գտնվող ամենահայտնի հանգստավայրերից մեկում՝ Պյառնուում ավարտվել էր նույնիսկ թավշյա սեզոնը: Հանգստավայրային կյանքն արդեն մահամերձ էր, եթե ոչ՝ լրիվ մեռած: «ՍՊԱ-Էստոնիա» հոթելը, որտեղ մենք հանգրվանեցինք մեկ օրով, դատարկ չէր, բայց հիմնական ծառայությունները, որ մատուցվում էին այս հոթելի ՍՊԱ կենտրոնում, չէին գործում՝ կենտրոնը նորոգվում էր եւ պատրաստվում ձմեռային սեզոնին: Եվ նույնիսկ Բալթիկ ծովն էր, կարծես, արձակուրդի մեկնել… Ուշ երեկոյան, երբ ժամանակ գտանք քայլելու դեպի ծով, ափն ամբողջովին խավարի մեջ էր. սեզոնը փակվել էր, չէին գործում սրճարանները, դիսկոտեկները, ծովափնյա մյուս զվարճավայրերը: Մթության մեջ քայլում էինք դեպի ծովը՝ մանր ավազների միջով: Ոչնչից հնարավոր չէր կռահել, որ մոտեցել ենք ծովին՝ խավար էր եւ լռություն: Հանկարծ մեզ ուղեկցող Քեյթ Կասեմեցն ասաց՝ հասել ենք: Չէինք հավատում, քանի որ ոչ տեսնում էինք, ոչ էլ լսում ծովի ձայնը: Եվ միայն շոշափելուց հետո հավատացինք, որ այո, այդտեղ ինչ-որ թաց բան կա… Առավոտ վաղ շտապեցի ծով, որպեսզի արեւի լույսով տեսնեմ՝ կա՞ այն, թե՞ ինձ էր թվացել… Դիմացս փռված էր էստոնացիների նման խաղաղ եւ անաղմուկ Բալթիկը…

Տալլինում գտնված հինգ-վեց օրերի ընթացքում էլ պարբերաբար առիթ ունեցա համոզվելու այս ազգի ծայրաստիճան զուսպ եւ հանգիստ լինելու մեջ: Ամեն քայլափոխի այգիներ էին՝ շատ գեղեցիկ ու մշակված, յուրաքանչյուր փողոց, ամեն թաղամաս իր պուրակն ուներ: Եվ կարելի էր ժամերով քայլել այդ քաղաքում, պուրակներում եւ չլսել ոչ մի աղմուկ: Այլ էր պատկերը երեկոյան. քաղաքի կենտրոնում գարեջրի շշերը ձեռքին երիտասարդություն, պատերի տակ՝ հարբած տարեցներ, որոնց գրեթե ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Մեր էստոնացի բարեկամներն էլ էին քանիցս նշել, որ բնակչության սերը խմիչքի հանդեպ Էստոնիայի խնդիրներից մեկն է: ԵՄ-ում էստոնացիները, ըստ որոշ տվյալների, չեխերից հետո երկրորդ տեղն են գրավում մեկ անձին բաժին հասած ալկոհոլի քանակով: Գուցե ընկալումս մի քիչ սուբյեկտիվ է, բայց այդ օրերին ինձ հանդիպած բոլոր հարբեցողները եթե խոսում էին (հիմնական մասը ինքն իրեն խոսելով «քայլում էր» կամ որեւէ անկյունում նստած զրուցում էր ինքն իր հետ), ապա՝ ռուսերեն:

Ի դեպ, այստեղ բավականին թուլացել է հակառուսիզմը: Ի զարմանս ինձ՝ մեր գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում մեզ հյուրընկալողները նախ հետաքրքրվում էին՝ անգլերե՞ն խոսենք, թե՞ ռուսերեն: Եվ առանձնապես չէին խորշում ռուսերեն խոսելուց: Էստոնացիների մեծ մասն առնվազն չորս լեզվի է տիրապետում՝ անգլերեն, ռուսերեն, էստոներեն եւ ֆիններեն: Գերմաներենն էլ՝ վրադիր: Կյանքն է նրանց ստիպել պոլիգլոտ դառնալ: Դարերի ընթացքում դանիացիների, գերմանացիների, շվեդների, ռուսների լծի տակ ապրած էստոնացիները ոչ միայն պայքարել են անկախության համար, այլեւ տեղն եկած տեղը թուլացել են եւ հաճույք ստացել՝ քաղել են գաղութ լինելու օգուտները. ուրիշի փողերով արարել են եւ ստեղծել: Հիմա էլ նույնն անում են Եվրամիության փողերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930