Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալվարդ Պետրոսյանն իշխանափոխություն չի ուզում

Սեպտեմբեր 18,2010 00:00

Թեեւ նրա կուսակցությունը՝ ՀՅԴ-ն՝ հռչակել է իշխանափոխության անհրաժեշտությունը

«Այս ձեւով նրանք իշխանափոխություն չեն կարողանա անել: Իրենք այդքան ներուժ չունեն,- երեկ «Փաստարկ» ակումբում անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը կարո՞ղ է հասնել իշխանափոխության՝ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:- Ո՞վ է գնում նրանց ետեւից: Մի մասը գնում է պարզապես պարապությունից: Հետո ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է հասկանալու, թե սա 88 թիվը չէ, երբ ընդհանրապես՝ ամբողջ սովետական կայսրությունում տարաշխարհիկ հաճույք էր փողոց դուրս գալը եւ մատ թափ տալը իշխանությունների դեմ»: Հարցին, թե իր կարծիքով՝ արդեն կորսվե՞լ է ժողովրդի հավատը ՀԱԿ-ի հանդեպ, այսպես արձագանքեց. «Ես կարծում եմ՝ իրենք մնացին գոռոզամիտ, էլիտար քաղաքական գործիչներ: Եվ ժողովրդին թվում էր, թե իրենք «տղերքի» հետեւից են գնում, հետո տեսնում էին, որ էլ էն տղերքը չեն, որոնց հետեւից խելակորույս վազում էին»: Այնուամենայնիվ՝ ցավ հայտնելով, որ ՀՀՇ-ում առկա խելացի մարդիկ չեն մասնակցում երկրի կառուցմանը՝ Ալվարդ Պետրոսյանը նաեւ նշեց. «Չեմ հավատում, որ իրենք այլեւս ուժ ունեն: Նույն գետը երկու անգամ չեն մտնի: Ժողովրդի հիշողությունն իրենք շատ են թերագնահատում: Ժողովուրդն այսօր այս իշխանություններից իրավացիորեն շատ դժգոհություններ ունի եւ գնում է այդտեղ կանգնելու: Բայց հենց որ կտեսնի, թե սրա՛նք են արդեն ուզում, որոնք ժամանակին իշխանություն ունենալով՝ արեցին բոլոր այն գործողություններն ու արատները՝ չի՛ ների»:

«Առավոտի» հարցին՝ եթե ՀԱԿ-ն իրոք այլեւս անուժ է, ինչո՞ւ է իշխանությունը շարունակաբար խոչընդոտում նրա գործողություններին, ասենք՝ հանրահավաքների համար չտրամադրելով Ազատության հրապարակը՝ տիկին Ալվարդն այսպես պատասխանեց. «ՀՅԴ-ն էլ իշխանություն լիներ՝ բոլոր իշխանությունների խնդիրն էլ ճնշելն է: Պետությունը ճնշիչ գործիք է: Եվ ես չեմ կարծում, թե կգտնվի այդպիսի իշխանություն, որը պիտի թողնի, էն էլ՝ ՀԱԿ-ին: Դուք լուրջ մտածում եք, թե մարտի 1-ի դեպքերի ժամանակ էնտեղ հրեշտակներ էին, մյուս կողմը՝ հրեշնե՞ր… Պետք չէր սեփական երկրին, սեփական ժողովրդին պրովոկացիայի մեջ քաշել՝ մանավանդ մարդկանց կողմից, որոնք իշխանություն են ունեցել»: Դարձյալ ճշտեցինք, թե այսինքն՝ բնականո՞ն է համարում հանրահավաքներն Ազատության հրապարակում անցկացնելն արգելելը. «Ինչի՞ համար: Մատենադարանի մոտ այդքան վա՞տ է, հա՞: Ձեզ համար դա Ազատության հրապարակ է՝ ինձ համար Թատերական հրապարակ, թող այնտեղ երեխաները լինեն: Եվ ճիշտ կլինի դա: Որովհետեւ իրենք այդ ձեւով ուզում են նոստալգիկ բան արթնացնել հասարակության մեջ, թե իրենք նույն տղերքն են՝ փորը մեջքին կպած, կիսամաշ տաբատներով: Այդպե՛ս չէ: Այ, դրա համար են ուզում անպայման Ազատության հրապարակ կոչել Թատերականը»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք հնարավոր համարո՞ւմ է գազի գնաճի պատճառով սոցիալական բողոքները: ՀՅԴ պատգամավորը հիշեցրեց՝ «Թոշակներն են բարձրանում, նպաստներն են բարձրանում», եւ կարծիք հայտնեց, թե՝ «պայթյուն չի լինի»: Հետեւած հարցին, թե ընդհանրապես հնարավոր համարո՞ւմ է մոտալուտ իշխանափոխությունը՝ պատասխանեց. «Երբե՛ք չեմ հավատա դրան: Ես չեմ տեսնում նման բան: Չե՛մ հավատում ու չե՛մ ուզում»: «Առավոտի» հիշեցմանը, թե՝ բայց չէ՞ որ իր կուսակցությունն իշխանափոխության կուրս է հռչակել՝ Ալվարդ Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Դեռ ժամանակը չէ: Արցախյան խնդրի առումով՝ չեմ կարծում, թե մարդ բերենք, որը նույնքան յուրացրած կլինի…»: Եվ միտքը կիսատ թողնելով՝ հարցրեց. «Ուզում ես, որ էլի ինձ պատժե՞ն: 6 ամիս քո հարցերի պատճառով կախակայված մնացի»: Եվ այնուամենայնիվ՝ քիչ անց էլի դրվատանքի խոսքեր ասաց ՀՀ նախագահի հասցեին. «Այնուամենայնիվ՝ Սերժ Սարգսյանի մեջ խոհեմություն կա: Ինքը դանդաղ շտապող է: Ես կարծում եմ՝ ինքը վատ իմաստով կտրուկ քայլերի չի գնում եւ ավելի տոլեռանդ է քաղաքական ուժերի հետ հարաբերությունների մեջ: Ես դա բարձր եմ գնահատում, որ ինքը միշտ պատրաստ է երկխոսության: Բայց պետք է որ մենք հուշենք իրեն այդ երկխոսության պահը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել