ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքով մեկնարկում է զանգվածային միջոցառումների ակտիվ փուլը
«Արտոնված» հանրահավաք
Հակառակ իշխանության ներկայացուցիչների կանխատեսումների եւ մարզերից դեպի Երեւան եկող ավտոճանապարհների՝ արդեն ավանդական դարձած արգելափակմանը, երեկ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որը տեղի ունեցավ Մատենադարանի մոտ, նախորդ բոլոր հանրահավաքներից մարդաշատ էր: Մարդիկ եկել էին ընդդիմության կողմից ավելի ակտիվ եւ գործնական գործողությունների ակնկալիքով: Թե որքանով այդ ակնկալիքներն արդարացան՝ դժվար է ասել, բայց որ երեկվա հանրահավաքն իսկապես բովանդակալից էր, ինչպես խոստանում էին նրա կազմակերպիչները՝ փաստ է: Հանրահավաքը սկսվեց նրանով, որ այն վարող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, թե «ՀԱԿ-ն այս հանրահավաքով սկսում է գործնական, բազմաբնույթ, լիքը երթերով, ցույցերով, ակցիաներով կոնկրետ գործողությունների ընթացքը: Եվ մենք այս ակտիվ գործընթացով հասնելու ենք մեր ուզածին. ե՛ւ Ազատության հրապարակն ենք ազատագրելու, ե՛ւ այս երկիրը: Կարեւորը, որ ՀԱԿ ոչ մի կուսակցություն նահանջ չի ապրել, եւ ողջ թիմը պատրաստ է շարունակել իր գործը՝ առաջ գնալու եւ հաղթանակը մինչեւ վերջ հասցնելու կամքով եւ տրամադրվածությամբ»:
Բանակի դեգրադացման հիմնապատճառը «Մարտի 1»-ն է
Ելույթները երեկվա հանրահավաքո ւմ շատ էին, բայց դրանցից ամենաուշագրավը հատկապես ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին զինդատախազ եւ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ ու քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի ելույթն էր: Նրան ձայն տալուց առաջ Ա. Մանուկյանը շեշտեց, թե նույնիսկ դժվար է խոսել ՀՀ բանակի մասին, որովհետեւ «սեփական բանակի մասին ամեն ինչ ասել ուղղակի չի կարելի»: Հասկանալի էր, որ Գ. Ջհանգիրյանը խոսելու էր մեր բանակի ախտերի մասին: Վերջինս, նախ՝ հայտարարեց, որ որպես երկրի ու ժողովրդի շահերով իրապես մտահոգ քաղաքական ուժ՝ ՀԱԿ-ը երբեւէ չի փորձել զինված ուժերում առկա խնդիրների բացահայտմամբ եւ քննադատությամբ հեղինակություն ու վարկանիշ ձեռք բերել՝ գիտակցելով, որ այսօր հակառակորդին լրացուցիչ քարոզչական առիթներ տալու ո՛չ տեղն է, ո՛չ էլ ժամանակը: Նախկին զինդատախազը շեշտեց, որ այդ թեման իր համար, որպես 10 տարի բանակի հետ աշխատած եւ նրա «քողարկված ու ստվերոտ» խոհանոցին քաջատեղյակ անձնավորության, առավել նուրբ եւ բարդ է: Այսուհանդերձ, նա հայտարարեց, թե այն, ինչի ականատեսն է հասարակությունը հատկապես վերջին ամիսներին, երբեմն դուրս է նաեւ իր՝ «կարծես ամեն ինչ տեսած մարդու երեւակայությունից»: «Ես երբեւէ չեմ պատկերացրել, որ հայ զինվորի պատիվն ու կյանքը կարող է այսքան արժեզրկվել, որ զինվորին կարող են ռեժիմով ծեծել ու ստորացնել, թքել նրա տղայական ու զինվորական արժանապատվության վրա ու դրանից հաճույք ստանալ»,- ասաց նախկին զինդատախազը՝ նկատի ունենալով youtube-ում շրջանառված զարհուրելի տեսանյութը: Նա մատնանշեց նաեւ բանակում տեղի ունեցած մեկ այլ դեպք, երբ «հայ սպան ու հրամանատարը կարողացավ այն աստիճանի լկտիանալ ու դեգրադացվել, որ օրինական արձակուրդի հարցը իրենից բարձր հրամանատարի հետ լուծելու համար ինքնաձիգի խզակոթով զինվոր է սպանում»: Նա խոսեց վերջին շրջանում ԶՈՒ-ում հանցագործություններ ծնող օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների մասին, որոնցից հիմնականը, ըստ նրա, «Մարտի 1»-ին ԶՈՒ ստորաբաժանումների հակասահմանադրական եւ հակաօրինական կիրառումն էր խաղաղ ցուցարարների դեմ: «Մարտի 1»-ից հետո որեւէ զինվորական, որն արդեն մեկ անգամ սեփական ժողովրդի զավակների վրա մահակ ու զենք բարձրացնելու հրաման է ստացել ու դրա համար խրախուսվել ու պարգեւատրվել է, պաշտոնների ու կոչումների է արժանացել, նոր բիզնեսների արտոնություններ ստացել, ինքն իր եւ հասարակական գիտակցության մեջ հայրենիքի պաշտպանից ու նվիրյալից մի ակնթարթում վերածվել է հանցագործի ու մարդասպանի, որին արդեն արտոնված է ստորացնել, ջարդել ու գռփել, հաշմանդամ դարձնել ու նաեւ սպանել՝ եթե հարկն է»,- հայտարարեց Գ. Ջհանգիրյանը: Նրա համոզմամբ, «հիմա արդեն վարչախումբն էլ է հասկացել, որ 2008-ի նախագահական կեղծված ընտրություններով, «Մարտի 1»-ի ռազմական հեղաշրջմամբ, զանգվածային ապօրինի հետապնդումներով եւ դատավարություններով այլասերեց, քրեականացրեց կառավարման ողջ, նախեւառաջ՝ ուժային եւ իրավապահ, արդարադատության համակարգերը» ու այլեւս ունակ չէ իրավիճակը փոխել որեւէ ոլորտում, ուստիեւ՝ իշխանություններից պահանջեց «խմբովի» հրաժարական տալ ու հեռանալ, եւ որքան շուտ՝ այնքան լավ թե՛ իշխանությունների, թե՛ երկրի համար:
Նա նաեւ տեղեկացրեց ՀԱԿ-ի նոր նախաձեռնության մասին: Հիշեցնելով, որ անհատ քաղաքացիներ եւ Կոնգրեսի անդամներ ու համակիրներ տարբեր դատական ատյաններում բողոքարկում են «Մարտի 1-2»-ին իշխանությունների՝ հատկապես ուժային կառույցների կողմից գործողությունների ապօրինությունը, Կոնգրեսը որոշել է այդ բոլոր հայցերը միավորել մեկ ընդհանուր հայցում եւ ՀԱԿ-ի անունից պետության դեմ դատական հայց ներկայացնել։ Նա շեշտեց, որ այդ հայցի բողոքարկման առարկան են լինելու քաղաքացիներին Սահմանադրության եւ միջազգային իրավական փաստաթղթերով ընձեռված մի քանի իրավունքներ ու ազատություններ՝ խոսքի, տեղաշարժի, հավաքների ազատություն եւ այլն:
Գ. Ջհանգիրյանը շեշտեց, որ ընդդիմությունը ՀՀ դատական ատյաններից որեւէ ակնկալիք չունի, եւ նրա հիմնական խնդիրը հայցը ՄԻ Եվրոպական դատարան հասցնելն է: Այդ հայցադիմումին արդեն երեքշաբթի օրվանից կարող են միանալ ՀՀ բոլոր քաղաքացիները:
Ադրբեջանը զիջումներ է կորզում
Հանրահավաքում ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանն անդրադարձավ ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նա նշեց, որ արտաքին քաղաքականության ոլորտում իրավիճակը շատ ավելի ծանր է, քան մյուս ոլորտներում: Նրա ասելով, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ՀՀ իշխանության «ջանքերով», ընթանում է աննախադեպ՝ քաղաքական ու բարոյական առումներով վատթարագույն սցենարով: Դ. Շահնազարյանի մատուցմամբ, դրա առաջին վկայությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից տարածված վերջին համատեղ հայտարարությունում ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտի կողքին դրա ադրբեջանական անվանման՝ Խանքենդիի շեշտումն է, թեեւ 1992թ.-ին ՄԽ շրջանակներում ձեռք էր բերվել համաձայնություն, որ փաստաթղթերում պետք է օգտագործվեն բացառապես մինչեւ հակամարտությունը եղած անվանումները: Բանախոսի մատուցմամբ, Ադրբեջանը դա կարողացել է համանախագահներից կորզել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանից ԼՂ վերաբերյալ բանաձեւի քննարկումը հետաձգելու դիմաց:
Երկրորդ լուրջ զիջումը ՀՀ իշխանության կողմից, ըստ նրա, այն է, որ ՀՀ եւ ԼՂ իշխանությունները համաձայնել են, որ միջազգային դիտորդական առաքելություն ժամանի ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Նա հիշեցրեց ՀԱԿ-ի հայտարարությունն առ այն, որ դա կարելի է թույլ տալ միայն այն դեպքում, եթե այդ նույն միջազգային առաքելությունը պարտադիր այցելի՝ դիտարկելու նաեւ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի գրավյալ տարածքները, ու հավելեց, որ ՀԱԿ-ն իր՝ ՄԱԿ-ում ներկայացվելիք բանաձեւով փորձեց օգնել իշխանություններին, բայց, նրա ձեւակերպմամբ՝ քաղաքական եւ դիվանագիտական այդ կարեւոր քայլին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, թե մեկնաբանություն չունի: «Դա ես կանվանեի ոչ միայն կատարյալ անգրագիտություն, այլեւ ագրեսիվ ու մարտնչող դիլետանտիզմ»,- փաստեց բանախոսը՝ հավելելով, թե ԱԳՆ-ն այսօր ունի մի խնդիր՝ ինչ անել ու ինչ զիջել, որպեսզի մի օր ավելի պահեն իրենց իշխանությունը: Դ. Շահնազարյանը խոստացավ, որ ՀԱԿ-ը թույլ չի տա, որ գործող ռեժիմը երկիրը հասցնի կործանման, եւ հեռացնելու է երկրի ապագայի խոչընդոտը՝ գործող իշխանություններին:
ՀԱԿ-ն անցնում է գործողությունների ակտիվ փուլի
Երեկ այդ մասին Կոնգրեսի հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա մատուցմամբ, ընդդիմությունը ԵԽ-ի հետ կապված որեւէ պատրանք չունի եւ գիտի, որ իր պայքարի ճանապարհին ապավինելու է բացառապես ժողովրդին, բայց քանի որ ՀՀ-ում քաղաքական ճգնաժամի վրա «աչք փակողներ» կան թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հանրության շրջանում, ուստի ՀԱԿ-ը հայտարարում է՝ հանրահավաքների, երթերի, ցույցերի նոր ալիք է սկսում, «որի նպատակն է՝ ցույց տալ ամբողջ աշխարհին ժողովրդական ընդվզման հզորությունը եւ ապացուցել բոլոր չհասկացողներին ՀՀ-ում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անխուսափելիությունը»: Այդ նպատակով ՀԱԿ-ը նախատեսում է հոկտեմբերի 1-ին, ԵԽԽՎ մոնիտորինգի նիստից առաջ, Համաժողովրդական երթ անցկացնել դեպի ՀՀ-ում ԵԽ ներկայացուցչություն, որին կհանձնվի ընդդիմության պահանջների վերահաստատման դիմումը: Դրան կհետեւեն նաեւ զանգվածային այլ նախաձեռնություններ: «Մենք սկսել ենք մի գործընթաց, որն ուղղված է լինելու Ազատության հրապարակի վերանվաճմանը, քաղբանտարկյալների ազատմանն ու քրեաօլիգարխիկ ռեժիմի տապալմանն ու ժողովրդավարության վերջնական հաղթանակին»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:
Տեր-Պետրոսյանը հակադարձեց իր քննադատներին
Ընդդիմության հանրահավաքը ավանդաբար եզրափակեց ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա անդրադարձավ, իր ձեւակերպմամբ՝ ասեկոսեներին, որոնց հակառակ պնդեց, թե «իշխանափոխությունը եղել եւ մնում է ՀԱԿ-ի գլխավոր խնդիրը, եւ մենք հետեւողականորեն ու անդադրում հետապնդելու ենք այն՝ անկախ նրանից, թե որքան համառ կլինի ավազակապետության դիմադրությունը, որքանով մեզ կօժանդակեն երկրի ճակատագրով մտահոգ մյուս քաղաքական ուժերը եւ ո՛ր չափով միջազգային հանրությունը կշարունակի սատարել Հայաստանի հանցագործ իշխանություններին։ Իշխանափոխության խնդրի ձգձգումը, սակայն, չի նշանակում, որ մենք տվյալ պահին իրավիճակը թեկուզ որոշ չափով շտկելու մասին չպետք է մտածենք։ Մենք մշտապես պնդել ու այսօր էլ համարում ենք, որ երկու վճռական քայլ կարող է կտրուկ կերպով փոխել ղարաբաղյան կարգավորման գործընթացի անբարենպաստ զարգացումը. Հայաստանի ներքին կյանքի ազատականացումը՝ ժողովրդավարության սահմանափակումների վերացումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը եւ ներազգային համերաշխության հաստատումը, ԼՂ-ի՝ որպես հակամարտության լիիրավ կողմի ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովի որոշմամբ սահմանված կարգավիճակի վերականգնումը»։
Նա նաեւ ՀԱԿ անունից հայտարարեց. «Թեեւ մենք կողմ ենք Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծմանը, բայց վճռականապես դեմ ենք գործելու կարգավորման ցանկացած ծրագրի, որում ԼՂՀ-ն ներկայացված չէ որպես հակամարտության կողմ, ինչպեսեւ ցանկացած համաձայնագրի, որի տակ չի լինի վերջինիս ներկայացուցչի ստորագրությունը: Մենք նույն վճռականությամբ դեմ ենք լինելու նաեւ հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, քանի դեռ նրանցից չի հանվել հայ եւ թուրք պատմաբաններից կազմված միջկառավարական հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող դրույթը: Մենք պահանջելու ենք նաեւ, որ ԼՂ կարգավորման վերջնական համաձայնագիրը հանրաքվեի դրվի ԼՂ-ում եւ Հայաստանում, ինչն արտառոց չպետք է համարել, քանի որ ժամանակին նման գաղափար եղել է Մինսկի խմբի համանախագահության առաջարկներում։
Սարգսյանը որեւէ զիջում կատարելու ժողովրդական մանդատ չի ստացել, քանի որ նախ՝ իր նախընտրական ծրագրում հասարակությանը հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու, ԼՂՀ-ն կարգավորման գործընթացից դուրս թողնելու կամ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու խոստում չի տվել, եւ երկրորդ՝ պարզապես ընտրված նախագահ չէ։ Հետեւաբար, նա ընդհանրապես որեւէ որոշում կայացնելու, հրամանագիր արձակելու, օրենք վավերացնելու եւ համաձայնագիր կնքելու իրավունք չունի, իսկ մինչ այժմ նրա կողմից ստորագրված բոլոր որոշումները, հրամանագրերը, օրենքներն ու համաձայնությունները զուրկ են իրավական ուժից»։ Միաժամանակ ՀԱԿ առաջնորդը հայտարարեց, թե դա դեռ չի նշանակում, որ սպառված է իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը, բայցեւ պնդեց, որ դրա համար անհրաժեշտ են քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, «Մարտի 1»-ի 10 սպանությունների բացահայտումը եւ դրանց պատասխանատուների դատական հետապնդումը: «Իսկ երկխոսությունը կարող է վերաբերել միայն մեկ հարցի՝ խաղաղ, սահմանադրական ճանապարհով իշխանության փոխանցմանը ժողովրդին, ինչը հնարավոր է իրագործել միայն արտահերթ ընտրությունների միջոցով, ընդ որում՝ սկզբում նախագահական, եւ ապա միայն՝ խորհրդարանական: Ես կասկած չունեմ, որ Սերժ Սարգսյանը ժամանակից շուտ հեռանալու է իշխանությունից։ Այդ բանը նա կարող է անել կա՛մ ժողովրդի հետ վերջնականապես թշնամացած, կա՛մ էլ քիչ թե շատ հաշտված վիճակում։ Թե՛ իր, թե՛ ժողովրդի համար, անշուշտ, նախընտրելի է երկրորդ տարբերակը։ Այլապես մեր երկրի կորուստները, որոնք արդեն իսկ անթիվ են, անշրջելի կարող են դառնալ»,- հավելեց ՀԱԿ առաջնորդը։
Կոնգրեսի երեկվա հանրահավաքն ավարտվեց երթով: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: