Ընտրական հանձնաժողովների նախագահ-տեղակալ-քարտուղար պաշտոնների համար՝ կոալիցիան պատրա՞ստ է ընդունել փորձագետների այս առաջարկը:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տեղական ինքնակառավարման եւ տարածքային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը, ով մասնակցել է Վենետիկի փորձագետների եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ կոալիցիայի ներկայացրած «Ընտրական օրենսգրքի» քննարկումներին (ներկա են եղել նաեւ Դավիթ Հարությունյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը), երեկ «Առավոտին» հայտնեց, որ փորձագետների հետ քննարկումները ընթացել են ընտրական հանձնաժողովների ձեւավորման թեմայի շուրջ. «Տարբեր մոտեցումներ, տարբեր մոդելներ են առաջարկվել քննարկվող նախագծերում, քննարկման առարկա դարձավ նաեւ գործող օրենքի մոդելը: Քաղաքական որոշում կար, դեռ մինչեւ փորձագետների հետ հանդիպումը, որ կոալիցիայի համար ընդունելի է նաեւ 2007-ին բարեփոխված «Ընտրական օրենսգիրքը», ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի մեկական թեկնածու նշանակել ԿԸՀ-ում, եւ ադպես շարունակաբար՝ բոլոր ստորադաս հանձնաժողովներում նույնպես: Այսինքն՝ հինգ քաղաքական ուժ կունենան իրենց ներկայացուցիչները, մեկ ներկայացուցիչ կնշանակի երկրի նախագահը եւ եւս երկուսը՝ դատական դեպարտամենտը: Մի խոսքով, այս կառուցվածքի քննարկման ընթացքում մենք հայտնեցինք, որ 2007-ին ընդունված «Ընտրական օրենսգիրքը» դեռ 2004-ին ԱԺ նախագահի հանձնարարականով ստեղծված ձեւավորված աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքն էր. եթե հիշում եք, այդ խումբը գործեց մինչեւ 2007-ը, եւ մենք հասանք նրան, որ այս օրենսգիրքը ընդունվեց քաղաքական համաձայնության պայմաններում»:
«Առավոտը» նկատեց, որ այս անգամ, համենայնդեպս, այդ համաձայնությունը չկայացավ, եւ ընդդիմությունն ու կոալիցիան ներկայացրեցին տարբեր նախագծեր: Պարոն Մարգարյանին հարցրինք՝ ինչո՞ւ այդպես եղավ, եւ առանձին-առանձին ներկայացվեցին նախագծերը: Ըստ մեր զրուցակցի, փորձագետները նշել են, որ ցանկալի չէ ընտրություններից մեկ տարի առաջ խորքային փոփոխության ենթարկել ընտրական օրենսգիրքը. «Բոլորիս հայտնի է, որ խորհրդարանական ընտրություններին մեկ տարուց մի քիչ ավելի ժամանակ է մնացել, եւ փորձագետները ասացին, որ իրենց համար ընդունելի կլինի ցանկացած մոդել, որ մենք կընտրենք, ուղղակի հնարավորինս կարողանանք հավասարակշռություն ապահովել հանձնաժողովներում:
Իսկ գործող օրենսդրությունը դրա հնարավորությունը տալիս է՝ 8 անդամներից 5-ը նշանակվում են քաղաքական ուժերի կողմից, մեկին նշանակում է հանրապետության նախագահը, երկուսը նշանակվում են արդարադատության կողմից: Իրենց այս առաջարկը մեզ համար ընդունելի է: Իրենք առաջարկեցին, որ քննարկման առարկա դարձնենք հանձնաժողովի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի հարցը, որպեսզի այստեղ եւս հավասարակշռություն գործի, այսինքն՝ այստեղ ներկայացված լինի նաեւ ընդդիմությունը: Բոլորս գիտենք, որ տեղամասային կամ տարածքային հանձնաժողովների ղեկավար կազմերը նշանակովի չեն, ընտրովի են, եւ ընտրում է տվյալ հանձնաժողովը: Կարծում եմ՝ կարելի է քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերել, քվոտա տալ նաեւ ընդդիմությանը, որպեսզի ընդդիմությունը եւս ներկայացված լինի հանձնաժողովներում»:
Պարոն Մարգարյանը հարկ համարեց ասել, թե ցանկություն ունի մեջբերել փորձագետների խոսքը, իր ասելով՝ «տառացիորեն», եւ քանի որ մենք Վենետիկի փորձագետներ-կոալիցիա հանդիպմանը ներկա չենք եղել, ստիպված ենք ներկայացնել այն, ինչ, ըստ Հովհաննես Մարգարյանի, ասել են փորձագետները. «Մեզ համար կարեւորը հանձնաժողովի անդամի վարքագիծն է, անկախ նրանից՝ նա պրոֆեսիոնա՞լ է, թե՞ կուսակցության անդամ: Խնդիրն այն է, թե ինչպես անել, որ հանձնաժողովի անդամը գործի անաչառ եւ անկողմնակալ, լավ վարքագիծ դրսեւորի, պատասխանատվություն ունենա: Ի վերջո, օրենքում կան պատասխանատվության ենթարկելու միջոցներ, եւ օրենքով հնարավոր չէ կարգավորել հանձնաժողովի անդամի վարքագիծը: Ցանկացած մոդելի մեջ պետք է լինի հավասարակշռություն, մասնավորապես՝ նախագահ-տեղակալ-քարտուղար: Մոդելի ընտրությունը ձերն է»: Հովհաննես Մարգարյանը ասաց, որ փորձագետները անդրադարձել են ընդդիմության նախագծի միայն մեկ կետին, որը վերաբերում է քվեացուցակներին, եւ որը փորձագետների համար ընդունելի չէր. «Խոսքը ընտրացուցակների մասին չէ, այլ քվեացուցակների, այսինքն՝ այն անձանց ցուցակների, որոնք քվեարկել են: Ընդդիմությունն առաջարկում է, որ ընտրություններից հետո հրապարակվեն այն անձանց ցուցակները, որոնք արդեն քվեարկել են, եւ ժողովուրդը տեսնի, թե ովքեր են մասնակցել ընտրություններին: Փորձագետներն ասացին, որ սա իրենց համար ընդունելի չէ, քանի որ ոչ միայն քվեարկությունն է գաղտնի, այլ գաղտնի է նաեւ այն, թե տվյալ քաղաքացին մասնակցե՞լ է ընտրության, թե՞ ոչ: Այլ խնդիր է, երբ բողոքարկման դեպքում դու հնարավորություն ունենաս ծանոթանալ քվեացուցակներին, բայց՝ չկրկնօրինակես»:
Մեր զրուցակիցն ասաց, որ փորձագետների համար ընդունելի է, որ գործող օրենքը կարելի է հիմք ընդունել եւ դրա վրա ավելացնել միայն մեկ դրույթ՝ նախագահ-տեղակալ-քարտուղար եռյակի հավասարակշռված բաշխվածության մասին: