Չնայած երիտասարդ տարիքին, Առաքել Միրզոյանը Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր ծանրորդներից է: Սակայն Եվրոպայի չեմպիոնն ու աշխարհի փոխչեմպիոնը վնասվածքի պատճառով չի մասնակցի տարվա մարզական գլխավոր իրադարձությանը՝ աշխարհի առաջնությանը, որն այսօր մեկնարկելու է Թուրքիայում:
«Չեմ կարծում, որ մեր ծանրորդներին կխանգարի այն, որ աշխարհի առաջնությունը անցկացվում է Թուրքիայում: Բազմաթիվ մրցումների ընթացքում մենք շփվել ենք թուրք ծանրորդների հետ, եւ մեր միջեւ որեւէ թշնամանք չի եղել: Նույն կերպ, կարծում եմ, որ իրենց կպահեն նաեւ մարզադահլիճի տեղացի երկրպագուները: Բացի այդ, կարգազանց մարզասերներին դահլիճի վերահսկիչները կարգի են հրավիրում»,- Armsport.am-ի հետ զրույցում ասել է Առաքելը։ «Իմ մարզական փորձից կարող եմ նշել, որ երբ մոտենում եմ ծանրաձողին, կենտրոնանում եմ միայն այն հաղթահարելու մտքին, եւ մարզասերն այդ դեպքում որեւէ կերպ չի կարող խանգարել ինձ»: Միրզոյանը հաջող մրցելույթներ է մաղթում մեր հավաքականի մարզիկներին. «Հայ ծանրորդները պետք է ապացուցեն, որ աշխարհում ուժեղագույններից են: Մաղթում եմ նրանց ծանր կիլոգրամների հաղթահարում եւ հաղթանակներ, որպեսզի Թուրքիայում էլ բարձրացվի մեր եռագույնը եւ հնչի Հայաստանի օրհներգը»: