Ս. Դանիելյանի “Առավոտը”
Մեզանում Հայաստանի պետական բարձրագույն, ինչպես նաեւ նախագահի հատուկ մրցանակներից հետո ամենապատվաբերը, թերեւս, Թեքեյան մշակութային կենտրոնի սահմանածն է: Համենայնդեպս, այս կարծիքին են «Առավոտի» հետ զրուցած արվեստագետներից շատերը: Այսօր Թեքեյան կենտրոնում կբացվի Սրապիոն Դանիելյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Արվեստագետը 2009թ. արժանացել է Թեքեյան միության «Գեղանկարչություն» անվանացանկի մրցանակին: Նշենք, որ վերջին 4-5 տարիների ընթացքում հիշյալ միության գեղանկարչության եւ քանդակագործության ասպարեզում մրցանակակիրներ են դարձել ճանաչված արվեստագետներ Արտո Չաքմաքչյանը, Վարուժան Վարդանյանը, Լեւոն Թոքմաջյանը, Գետիկ Բաղդասարյանը, Սարգիս Համալբաշյանը եւ այլք: Թեեւ Թեքեյան մրցանակաբաշխության 2009թ. հաղթող Ս. Դանիելյանի անունը այնքան էլ հայտնի չէ, սակայն ավագ գործընկերները դրանում սարսափելի ոչինչ չեն տեսնում, նշելով, որ «Թեքեյանից թող սկսվի Սրապիոնի վերելքը»: Որոշ արվեստագետներ էլ հավաստիացնում են, որ Ս. Դանիելյանը, մոտիկից ծանոթանալով ժամանակի անվանի վարպետներ Է. Արծրունյանի, Փ. Միրզոյանի եւ այլոց ստեղծած գեղանկարչական արվեստին, նաեւ ազգային ավանդականի իմացությամբ կատարելագործում է դրանք, այն էլ բավական վստահ: Առանձնահատուկ նշվում է 2000-ականների սկզբներին արվեստագետի վրձնած կենցաղային ժանրի մի շարք կտավները՝ «Ծիրանենու տակ», «Արարատում աշուն է», «Ծիրան են հավաքում» եւ այլն: Իսկ արդեն 2005-06 թվականներից նկարչին հետաքրքրում են լայն կտավի կոմպոզիցիաները՝ «Մոշ վաճառող ծերունին», «Մեր բակի տաղավարը», «Թութ են թափ տալիս», «Գաղթը» եւ մյուսները, որտեղ արվեստագետը չի խուսափում ծավալային բարդ ձեւափոխումներից: Նշենք նաեւ, որ Ս. Դանիելյանի աշխատանքներում, դարձյալ գործընկերների փոխանցմամբ, գեղանկարիչը ջանում է ազգային ողբի մեջ լավատեսական տարրեր գտնել: Դրանց շարքում կարելի է նշել «Գաղթը», «Մայրերը», «Ուխտերը» եւ այլն: