Սա մեծանուն Արամ Խաչատրյանի որակումն է անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) համերգաշրջաններում մշտապես եւ մասնավորապես՝ իր կողմից 4-րդ տարին անցկացվող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում, անդրադառնում է հայ կոմպոզիտորական եւ կատարողական արվեստի երեւելիներին: Սեպտեմբերի 11-ից մեկնարկած փառատոնի շրջանակներում այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հոբելյանին: Կհնչեն կոմպոզիտորի՝ Հայաստանում հազվադեպ, սակայն արտերկրում հաճախակի կատարվող տուբայի, գալարափողի, շեփորի կոնցերտները: Այդ երկերի մեկնաբանմամբ, ՀՊՖՆ-ի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան), հանդես կգան ճանաչված երաժիշտներ Հարի Լիդսլեն (Ֆինլանդիա), Ռադովան Վլատկովիչը (Ավստրիա) եւ Սերգեյ Նակարյակովը:
«Առավոտը» հանդիպեց 90-ամյա կոմպոզիտորին, ում սերնդի ստեղծագործողների (Ղազարոս Սարյան, Էդվարդ Միրզոյան, Արամ Խուդոյան եւ այլք) ծննդյան ժամանակահատվածը համընկել է Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման հետ: Նրանք ստեղծագործել են խորհրդային կայացման բարդ ժամանակաշրջանում, վկա լինելով թե նրա նվաճումներին, թե սուր ներքին հակասություններին, որոնք 90-ականների սկզբին հանգեցրին ԽՍՀՄ-ի փլուզմանը: Վերջինից հետո նախկին միութենական հանրապետությունների միջեւ հաստատված կապերը նույնպես խզվեցին, կտրուկ խանգարվեցին այդ համակարգի բոլոր ոլորտները, այդ թվում՝ երաժշտական մշակույթի բնագավառը սնուցող «արյան շրջանառությունը»:
Հիշելով մինչեւ 1990-ական թվականները, Ալ. Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Հայաստանում ձեւավորվել էր երաժշտական կրթության եւ երաժշտական դաստիարակության ճյուղավորված համակարգ, աշխույժ գործունեություն էին ծավալում մեր հիանալի երաժիշտները եւ միջազգային մակարդակի կոլեկտիվները: Իմ սերունդը ականատեսը դարձավ հայ կոմպոզիտորական ստեղծագործության վերելքին: Ի դեպ, աստիճանաբար կարգավորվում էր հրատարակչական գործը, ձայնասկավառակների թողարկումը, կոմպոզիտորների ստեղծագործական նվաճումների նպատակաուղղված պրոպագանդա էր կազմակերպվում ֆիլհարմոնիայում, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ»: Հավելեց նաեւ, որ այսօր անհրաժեշտ է վերաիմաստավորել եւ քննադատաբար ընտրել այն արժեքները, որոնք ստեղծվել են նախորդ ժամանակաշրջանում՝ փորձելով դրանք զարգացնել հասարակական նոր հարաբերությունների պայմաններում: Անթույլատրելի է կորցնել այն, ինչ մի անգամ հաջողվել է գտնել: Իրեն մշակույթի ու արվեստի բնագավառում հստակ ու հետեւողական պետական քաղաքականության կողմնակից համարող կոմպոզիտորը նշեց, որ պետությունը պարտավոր է բարոյապես եւ նյութապես սատար լինել մշակույթի գործիչներին ու նրանց ստեղծագործական աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ապահովել:
Վաստակաշատ կոմպոզիտորը երջանիկ է: «Երջանիկ եմ: Ինձ վիճակվել է հայրենիքում ու սահմաններից դուրս հայկական արվեստի նվաճումների ճանաչման ականատեսը լինել: Կյանքիս երկար տարիների ընթացքում եւ ստեղծագործական ուղուս տարբեր հատվածներում մշակույթի եւ արվեստի խոշորագույն ներկայացուցիչների՝ Սարաջեւի, Իգումնովի, Շոստակովիչի, Խաչատրյանի, Ռոստրոպովիչի, ինչպես նաեւ մշակույթի բազմաթիվ այլ գործիչների՝ կոմպոզիտորների ու բանաստեղծների, երաժիշտ կատարողների ու նկարիչների, թատրոնի եւ կինոյի աշխատողների հետ ստեղծագործական ու մարդկային շփման բացառիկ հնարավորություն եմ ունեցել: Կյանքը ինձ պարգեւել է այնպիսի մարդկանց ընկերությունը, ինչպիսիք են Բաբաջանյանը, Սարյանը, Միրզոյանը, Խուդոյանը… Նրանցից յուրաքանչյուրից մի փոքր մաս հիմա էլ ապրում է իմ մեջ: Իհարկե, ուրիշ է ընտանեկան երջանկությունը, անսահմանորեն թանկ են կինս՝ Իրինան, երեխաներս ու թոռներս: Ամենակարեւորը՝ երջանիկ եմ նաեւ, որովհետեւ հնարավորություն եմ ունեցել մշտապես զբաղվելու իմ կյանքի գլխավոր գործով՝ ստեղծագործելով»,- ասաց Ալեքսանդր Հարությունյանը:
Մեզ հետ հանդիպման ավարտին էլ կոմպոզիտորը հիշեց Արամ Խաչատրյանի՝ 1960-ականների սկզբներին իրեն ուղղված հետեւյալ խոսքերը. «Կոտիկ, ուզում եմ, որ շատ եւ լավ ստեղծագործես, ուզում եմ, որ մեզ՝ բոլոր ավագներիս, ոչ միայն հասնես, այլեւ մեզանից առաջ անցնես: Ես հավատում եմ քո արվեստին: Որքան երջանիկ կլինեի, եթե տասնամյակներ անց քո հոբելյանական տարեդարձի ժամանակ հնարավորություն ունենայի իմ կարծիքը քո մասին հայտնել: Երանի քեզ, որ երիտասարդ ես դեռ ու գրում ես «Սայաթ-Նովա» օպերան, դու կարող ես դա լավ անել: Իմացած եղիր, դու նշանառու կոմպոզիտոր ես»: