Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի եւ Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի միջեւ ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքներին անդրադառնալով՝ Միացյալ Նահանգները հայտարարել է ձեռք բերված որոշակի հաջողության մասին: Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Ջորջ Միտչելի ասելով, Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարության առաջնորդները ուղիղ բանակցությունների երկրորդ օրվա ընթացքում շարունակել են քննարկել մերձավորարեւելյան կարգավորման հիմքում ընկած սկզբունքային հարցերը:
ԱՄՆ ներկայացուցչի համոզմամբ, դա վկայում է տարածաշրջանում խաղաղ համակեցությանը խանգարող խնդիրը կարգավորելու՝ կողմերի լուրջ մտադրության մասին: «Ես շեշտում եմ, որ երկու առաջնորդներն էլ դժվարին հարցերը բանակցությունների վերջին փուլին չեն թողնում եւ քննարկում են դրանք: Մենք կարծում ենք, որ դա ցույց է տալիս, որ նրանք հավատում են՝ խաղաղությունը հնարավոր է»,- հայտարարել է Միտչելը: BBC-ի մատուցմամբ, նա նաեւ հայտարարել է, թե ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը մասնակցել է բանակցություններին, հինգշաբթի օրը կմեկնի Հորդանան, իսկ ինքը՝ Միտչելը, կհանդիպի Լիբանանի եւ Սիրիայի առաջնորդների հետ: Հաջորդ շաբաթ արդեն կողմերը նորից կհանդիպեն՝ ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը նախապատրաստելու համար: Հիշեցնենք, որ մոտ երկու տարի ընդհատումից հետո սեպտեմբերի 2-ին վերսկսվել են Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարության առաջնորդների միջեւ մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման ուղիղ բանակցությունները: Դրանք, ի դեպ, ընթանում են Գազայի հատվածում չդադարող բռնությունների ֆոնին. չորեքշաբթի օրը, եռակողմ հանդիպումից մի քանի ժամ առաջ իսրայելյան ավիացիան ռմբակոծել էր Գազայից դեպի Եգիպտոս տանող թունելները, որոնք պաղեստինցիները, ի դեմս ՀԱՄԱՍ-ի, օգտագործում են որպես մաքսանենգության, այդ թվում՝ զենքի փոխադրման ճանապարհ: Ավիահարվածների արդյունքում մի պաղեստինցի էր զոհվել: Այդ միջադեպից առաջ էլ Գազայում գրոհայիններն էին մի քանի հրթիռ եւ ական արձակել Իսրայելի հարավային տարածքի ուղղությամբ: Զոհերի մասին այս մի դեպքում տեղեկություններ չեն ստացվել: