Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանում չեչենների կոնգրեսը նյարդայնացրել է Ռուսաստանին

Սեպտեմբեր 17,2010 00:00

\"\"Լեհաստանում չեչենների հրավիրած կոնգրեսը կարող է ստվերել Մոսկվայի եւ Վարշավայի միջեւ հարաբերությունները: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, թե Կրեմլը նորից հասկացնել է տվել Վարշավային, որ դժգոհ է այդ միջոցառման անցկացման փաստի եւ առավել եւս այդ միջոցառմանը չեչեն անջատողականների առաջնորդ, ՌԴ կողմից ահաբեկչական գործունեության մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող Ահմեդ Զակաեւի (նկարում) հնարավոր մասնակցության առնչությամբ:

Լեհաստանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Ալեքսեեւը հայտարարել է, որ եթե Զակաեւը հայտնվի կոնգրեսում, Մոսկվան Վարշավայից կպահանջի նրան իրեն հանձնել: Զակաեւը կարող է կալանավորվել Ինտերպոլի համապատասխան թույլտվության հիմքով, սակայն լեհական դատախազությունը նրա կալանավորման թույլտվություն չի տվել: Ըստ TVN24 լեհական հեռուստաալիքի մատուցմամբ, Զակաեւն արդեն իսկ Լեհաստան է ժամանել եւ պատրաստվում է մասնակցել չեչեն ժողովրդի համաշխարհային կոնգրեսին: Զակաեւն ասել է, թե ինքը մուտքի արտոնություն էր ստացել դեռ մի քանի օր առաջ, որ տեղյակ չէ իր կալանավորման վտանգի մասին, բայցեւ չի պատրաստվում չեղյալ համարել իր այցը: Կոնգրեսի կազմակերպիչները հայտարարում են, թե Զակաեւը Լեհաստանում թաքնվելու որեւէ պատճառ չունի, եւ մտադիր են դիմել երկրի իրավապահ մարմիններին՝ խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու համար:

Կոնգրեսի բացումը տեղի էր ունենալու հինգշաբթի երեկոյան, Վարշավայից դեպի հյուսիս գտնվող Պուլտուսկ քաղաքում: Միջոցառումը տեւելու է երեք օր, եւ դրան մասնակցելու են Ռուսաստանի, Արեւմտյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, Ասիայի եւ Հյուսիսային Ամերիկայի չեչեն համայնքների շուրջ 200 պատվիրակներ ու նաեւ գործող գրոհայինների լիազոր ներկայացուցիչներ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է այդ միջոցառման անցկացումը՝ շեշտելով, թե այն «չի նպաստում Հյուսիսային Կովկասում իրավիճակի կարգավորմանն ու նպատակ ունի մշտապես լարել իրավիճակը»: Մինչդեռ Լեհաստանի վարչապետը հայտարարել է, թե «Լեհաստանը արմատական որոշումներ չի ընդունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել