Հնդիկներին զարմացրել է հայերի հյուրասիրությունը եւ հայուհիների գեղեցկությունը
Ամեն տարի սեպտեմբերի 14-ին Հնդկաստանում նշվում է «Հինդիի օրը», որը շարունակվում է մեկ շաբաթ: Երեկ Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հինդի սովորող ուսանողները օրվա առիթով հանդիպում էին կազմակերպել, որին ներկա էր նաեւ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոտրան:
Հինդին Հնդկաստանի պաշտոնական եւ ազգային լեզուն է, որով այժմ աշխարհի շուրջ մեկ միլիոն մարդ է խոսում: Այն ծնունդ է առել հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող սանսկրիտից: Այս տարվա փետրվարից Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում գործում է հինդիի ամբիոն եւ 6 ամիսների ընթացքում հինդի սովորող հայ ուսանողների թիվը 15-ից հասել է 35-ի: Հնդկաստանից Հայաստան եկած դասախոս Անիտա Վարման եւ դեսպան Աչալ Կումար Մալհոտրան «Առավոտի» հետ զրույցում այս հանգամանքը բացատրեցին նրանով, որ հայ երիտասարդների կողմից մեծ հետաքրքրություն կա Հնդկաստանի, հինդիի եւ հնդկական մշակույթի հանդեպ: Տիկին Վարման ասաց. «Երբ պետք է գայի այստեղ դասավանդելու, մտածում էի՝ դժվար թե հայերը հետաքրքրվեն հնդկերենով: Բայց հենց առաջին դասից հասկացա, որ սխալվել եմ»: «Առավոտի» հետ զրույցում պարզվեց, որ նա հիացած է Հայաստանով, ասաց՝ կան որոշ նմանություններ հայերի եւ հնդիկների միջեւ, հատկապես հյուրասիրությունը, իրենց զարմացրել է նաեւ հայուհիների գեղեցկությունը: Ինչ վերաբերում է հայ ուսանողներին ու հայկական կրթական համակարգում նկատած թերություններին, նա նախընտրեց թերությունների մասին չխոսել, միայն ասաց, որ հայ ուսանողների մեջ լավ կրթություն ստանալու շահագրգռություն կա, եւ նրանք ակտիվ կերպով օգտագործում են իրենց հնարավորությունները: Նա նաեւ վստահեցրեց, որ համալսարանում ստացած գիտելիքներով եւ դիպլոմով հայ ուսանողները կարող են մեկնել Հնդկաստան: Տիկին Վարման տեղեկացրեց, որ այժմ սկսել է աշխատել հնդկերեն-անգլերեն-հայերեն բառարանի եւ համապատասխան զրուցարան ստեղծելու վրա: Նա նաեւ հոդվածներ է գրել Երեւանի ու հայերի մասին, որոնք պատրաստվում է գրքի տեսքով ներկայացնել:
Դեսպան Աչալ Կումար Մալհոտրան էլ «Առավոտին» ասաց, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունները ամրապնդելու եւ զարգացնելու նպատակով Հնդկաստանի կառավարությունը կրթաթոշակ է սահմանել արժանի թեկնածուներին՝ Երեւանի հումանիտար համալսարանում հինդի ուսանելու համար: Ինչպես նշեց դեսպանը, հայ-հնդկական կապերը 2000 տարվա պատմություն ունեն, իսկ այժմ երկու երկրների միջեւ համագործակցությունը լայն թափով զարգանում է ինչպես կրթական, մշակութային, այնպես էլ առեւտրի, էկոնոմիկայի բնագավառներում: Դեսպանը, բացի անգլերենից, նաեւ ռուսերեն է խոսում, իսկ այժմ մի նպատակ ունի՝ սովորել հայերեն:
Հնդկաստանի դեսպանն ու ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը համատեղ հրատարակել են «Նամաստե Հնդկաստանի» հատուկ հայերեն թարգամանությամբ ներդիրը, որում ընդգրկված են հայտնի սիրային պատմվածքներ հնդկական ժողովրդական բանահյուսությունից: