Ըստ կրթության ոլորտի պատասխանատուների՝ որոշ ավագ դպրոցներում նման դասարաններ են բացել, որպեսզի երեխաները դրսում չմնան:
ՀՀ հանրակրթական դպրոցների շարքում ավանդաբար գործել են այնպիսիք, որոնք ունեն ռուսերեն ուսուցմամբ դասարաններ: ԿԳ նախարարության մշակած «Սովորողների ընդունելության» կարգի համաձայն՝ այս դասարաններում իրավունք ունեն սովորելու օտարերկրյա քաղաքացիները, ռուս խնամակալ, ռուս ծնողներ ունեցող երեխաները, Ռուսաստանում 6 տարի սովորած աշակերտներն էլ իրավունք ունեն կրթությունը հայաստանյան ռուսական դասարաններ ունեցող դպրոցներում շարունակել՝ 7-րդ դասարանից, իսկ եթե ցածր դասարանցի է, ապա նրան թույլ է տրվում մեկ տարի սովորել ռուսական դասարանում, հետո սովորել հայերեն եւ տեղափոխվել հայկական դասարան: Սակայն ավանդաբար ռուսական դասարաններում սովորել են նաեւ ԿԳՆ-ի մշակած «պարամետրերին» չբավարարող երեխաներ, որոնց շարքում եղել են նաեւ պաշտոնյաների զավակներ:
Ռուսական դասարաններ ունեցող դպրոցներում «շիլաշփոթ» առաջացրեց նաեւ ավագ դպրոցների համակարգի ստեղծումը: Այդ պատճառով որոշ դպրոցներ, որոնք դեռ հրաման չունեն ռուսական դասարաններ պահելու, ընդունել են այսպիսի դասարաններում սովորող երեխաներ: Այսպիսի իրավիճակում է հայտնվել նաեւ Արաբկիր համայնքում գործող Վահագն Դավթյանի անվան թիվ 149 դպրոցը:
«Առավոտը» զրուցեց տնօրեն Գայանե Գալստյանի հետ: Նա փոխանցեց. «Մենք ռուսական դասարաններ ունենք միայն ավագ դպրոցում: Դեռ ամռանը ԿԳ նախարարությունը մեզ այդ իրավունքը տվել է»: «Առավոտը» նշված խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստացավ նաեւ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից: Նա նշեց. «Քանի որ հին ռուսական դպրոցները դեռ տասը տարի առաջ իրավունք են ստացել ռուսական դասարաններ ունենալ, դա շարունակվում է մինչեւ այժմ: Այսօր գործում է նման 40 դպրոց: Բայց ավագ դպրոցների համակարգի ստեղծումով առաջացան մի շարք խնդիրներ: Ուստի նշված 40 դպրոցից առանձնացրինք 3 ավագ դպրոց եւ աշակերտներին ուղղորդեցինք դեպի այդ կրթօջախները: Դրանք են՝ թիվ 29, 109 եւ 62 դպրոցները: Բայց մյուս ավագ դպրոցներին ասացինք, որ եթե տվյալ վարչական շրջանում չկա ռուսական ավագ դպրոց, եւ որեւէ դպրոց ունի համապատասխան կադրեր, ապա ռուսական դասարաններում սովորող երեխաների մեծ քանակի հավաքվելու դեպքում կարող է բացել ռուսական դասարաններ, որպեսզի երեխաները մեկ վարչական շրջանից չգնան իրենից հեռու վարչական շրջանում գտնվող ավագ դպրոց: Այդպիսին էր իրավիճակը թիվ 149 դպրոցի պարագայում»: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ նման նախաձեռնությունը չօրինականացվեց որեւէ հրամանով, հանձնարարականով կամ օրենքով, տիկին Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Այժմ ընթացքի մեջ են այդ 40 ռուսական դպրոցների կոմպլեկտավորման աշխատանքները, որպեսզի որոշենք դրանց կարգավիճակները: Նպատակ կա դրանց թիվը կրճատել, քանի որ ոչ բոլոր դպրոցներում են հավաքվել բավարար թվով աշակերտներ»:
«Առավոտի» մյուս հարցին, թե հնարավոր չէ՞ր ուսումնասիրություններ անել, դաշտը կարգավորել, հետո երեխաներին ուղղորդել այս կամ այն դպրոց, վարչության պետը պատասխանեց. «Ավագ դպրոցների փոփոխության պահին առաջացավ նաեւ ռուսական դասարաններով դպրոցների փոփոխության անհրաժեշտություն: Ախր մենք չէինք կարող երեխային ասել, թե տանը նստիր, կամ գնա մի վարչական շրջանից մյուսը, մինչեւ մենք մեր հրամանը կտանք: Այս օրերին հրամանը մենք կտանք, սակայն մինչ այդ չէինք կարող երեխային դրսում թողնել: Մեր նպատակն այն է եղել, որ հանկարծ երեխան դրսում չմնա, մեզ չասեն, որ ձեր բարեփոխումների պատճառով երեխաները դուրս մնացին»: