Միքայել Բալայանն ու Հայկ Կարապետյանը։
Լրագրող Սամվել Պողոսյանը:
Դուրս եկա «Սպարտակ» մարզադաշտի դարպասներից ու հայտնվեցի Ագաթանգեղոսի փողոցում։ Քաղաքային փողոցների անվանումների առումով, կարելի է ասել, որ արցախյան շարժումը թարմացրել է մեր ժողովրդի հիշողությունը։ Քաղաքի կենտրոնում փողոցից փողոց անցնելով՝ ասես հայտնվում ենք հայկական միջնադարում։ Հայ առաջին պատմիչի՝ Ագաթանգեղոսի փողոցի շրջապատում Մաշտոցի, Տիգրան Մեծի, Արշակունիների պողոտաներն են, Գրիգոր Լուսավորչի, Արգիշտիի, Վռամշապուհի փողոցները։ Սակայն բոլորը չէ, որ գիտեն, թե ովքեր են անցյալի պետական կամ մշակույթի այս գործիչները, որոնց անուններով կոչվում են փողոցները։ Մտածեցի որեւէ կերպ քաղաքապետարանին հուշել, որ փողոցների սկզբնամասերում տեղադրված հատուկ ցուցանակներում համառոտ տեղեկություն հաղորդվեր այդ գործիչների մասին։ Ասենք՝ «Ագաթանգեղոս, V դարի առաջին կեսի հայ պատմիչ, «Պատմութիւն եւ վարք Ս. Գրիգորի» գրքի հեղինակ»։ Այս մտքի իրականացումը թողնելով քաղաքապետարանի այրերին, հայտնվեցի երկընտրանքի մեջ. ինչպե՞ս շարունակել ճամփորդությունը։ Փողոցի մյուս կողմում կրկեսն է, իսկ Արշակունյաց փողոցի սկզբնամասում՝ Մամուլի շենքը, հնդկական Մադրաս քաղաքում հրատարակված հայոց առաջին պարբերական «Ազդարարի» հիմնադիր Հարություն Շմավոնյանի կիսանդրիով։ «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը հուշել էր, որ հեռուստաընկերություններ եւ բազում պարբերականներ պարունակող շենքում «ճամփորդելու» հիանալի հնարավորություններ կան։ Հարեւանությամբ «Տիգրան Մեծ» տպագրատունն է, որ «Պրինտինֆոյի» հետ տպագրական որակի ասպարեզում որոշակի ձեռքբերումներ ունի։ Այդ պահին էլ նկատեցի, որ Մամուլի շենքի կողմից երկու հոգի հեռվից ձեռքով նշան արեցին։ Նայեցի շուրջս ու ճշտեցի, որ ձեռքերի թափահարումները ինձ էին հասցեագրված։ Իմ վաղեմի բարեկամ, լրագրող, «Ֆայբեռնեթ կոմինիկեյշն» ՍՊԸ-ի մամլո քարտուղար Միքայել Բալայանն էր ու ֆիզիկոս Հայկ Կարապետյանը։
– Մի շաբաթ է, ինչ ճամփորդությանդ պատճառով ոչ մի կերպ չենք կարողանում հանդիպել քեզ,- ասաց Միքայելը,- հիշո՞ւմ ես մի քանի տարի առաջ մեր հանդիպումը «Շուշի» բարեգործական հիմնադրամի գրասենյակում։ Մեզ մտահոգեց հիմնադրամի ճակատագիրը։ Լուրջ օգնություն ցույց տալ հիմնադրամի գործունեությանը՝ չենք կարող, սակայն մի մասնավոր հարցում որոշել ենք համագործակցել քեզ հետ։
– Ռադիոյով լսեցի «Արցախի խնդրի արմատները» ձեր աշխատության անգլերեն թարգմանության ճակատագրի մասին հաղորդումը,- ասաց ֆիզիկոս Հայկը,- պատմեցի Միքայելին, հետո հաղորդեցինք մեր www.armenia-online.ru վեբ կայքի ֆորումի մասնակիցներին։ Բոլորն էլ դրական արձագանքեցին ու պատրաստ են նպաստել գրքի հրատարակմանը։ Մնում էր ձեր համաձայնությունը ստանալ։
– Իհարկե, ձեր նախաձեռնությունը աննախադեպ է Հայաստանում,- ասացի ես,- քանի որ գիրքը, նրա դերը ասես մոռացության է մատնված հասարակության կողմից, սեփական մշակույթից, գրականությունից կտրված է ժողովուրդը։ Իսկ ձեր այս քայլը խավարի մեջ մի առկայծում է, որը պետք է համատարած դառնա, լուսավորի երկիրը։
– Լավ է, որ մեր քայլի մեջ հասարակական երեւույթ եք տեսնում։ Ինտերնետային կայքում ծանոթացել ենք ձեր աշխատությանը։ Այն մեծաքանակ եւ ճշմարիտ տեղեկատվություն է պարունակում, որն անհրաժեշտ է արագ հասցնել արցախյան խնդիրը օտար ուսումնասիրողներին,- ասաց Միքայելը,- մինչ այժմ մենք ձգտում էինք ֆինանսական օգնություն ցույց տալ հիվանդ երեխաներին, առաջին անգամ ենք տեղեկատվական հարցով զբաղվում։
– Ձեր այս անսպասելի քայլն ինձ մի դեպք հիշեցրեց,- ասացի ես,- 1992 թ. օգոստոսին մարտակերտյան ռազմաճակատի հեռուստաաշտարակի բարձունքում թշնամու ուղղաթիռի հարձակումից խուսափելու համար «Աշոտ Երկաթ» ջոկատի լեգենդար հրամանատար Պավել Երիցյանի հետ դուրս թռանք մեքենայից ու թաքնվեցինք փարթամ խոտերի մեջ։ Հետո նկատեցի, որ գրառումներիս տետրն եմ կորցրել։ Ես մնացի այդտեղ ու թշնամու դիպուկահարների կրակոցների տակ սկսեցի փնտրել երկու տարվա ճակատային գրառումներ պարունակող հաստափոր տետրը։ Հաճախակի դարձան գնդակների՝ ականջիս տակ սուլոցները, իսկ գտնել տետրը չհաջողվեց։ Երեկոյան զինվորները հետաքրքրվում էին, թե որտեղ եմ կորցրել տետրը։ Առավոտյան նորից գնացի բարձունքն ու սկսեցի փնտրել։ Անարդյունք վերադարձա։ Մեծ շենի Շորաղբյուր տեղամասում մի զինվոր ձեռքին ինչ-որ բան թափահարելով՝ ինձ էր կանչում։ Մոտեցա։ Ձեռքին գրառումների տետրն էր։ Որտեղի՞ց՝ հարցրի ես։ «Երեկոյան զինվորները ժողով արեցին ու որոշեցին, որ գրողի ռազմաճակատային գրառումների տետրը իրենց պատմությունն է, որի կորուստը պատմության կորուստ է,- ասաց զինվորը,- վճռեցին գտնել ու վերադարձնել գրողին։ Վաղ առավոտյան, մոտ հարյուր հոգի եկանք, «սանրեցինք» տեղանքն ու գտանք»։ Հիմա ձեր վարմունքն ինձ այդ դեպքը հիշեցրեց։ Դուք եւս փրկում եք գիրքը, պատմությունը։ Ինձ ավելի շատ հուզում է ձեր քայլը, նման ձեռնարկի մեջ այլ մարդկանց ընդգրկելը, դեպի մշակույթ, գրականություն իրական շարժումը։
– Մեծահարուստներ կան, որ առաջին հերթին եկեղեցի են կառուցում, կարծելով, թե Աստված կբացի դրախտի դուռը իրենց առջեւ,- ասաց Միքայելը,- բայց իրականում Աստված ավելի բարձր է գնահատում հասարակության մտավոր զարգացումը, այս ուղղությամբ մարդկանց զոհողությունը։ Ստանալով ձեր համաձայնությունը, հենց այսօր «ֆորումի» կայքով կհայտնենք աշխարհով մեկ սփռված մեր ընկերներին, ինձ թվում է՝ երկու ամսից հնարավոր կլինի հրատարակել 36 մամուլ ծավալով աշխատության անգլերեն տարբերակը։ Հայտնեմ, արդեն ստացվել են առաջին փոխանցումները։
– Ինձ համար կարեւոր է, որ փոքր գումարներով շատ մարդիկ ընդգրկվեն այս ձեռնարկում։
– Ներիր, որ ընդհատեցինք ճամփորդությունդ,- ասաց Հայկը։
-Ճիշտն ասած,- ասացի ես,- դեռ չեմ որոշել այս հատվածում ինչից սկսել՝ կրկեսի՞ց, Մամլո շենքի՞ց…
– Երեւի ԴՕՍԱԱՖ-ից սկսես,- խորհուրդ տվեց լրագրող Միքայել Բալայանը։
– Հրաշալի գաղափար է,- ասացի ես,- իսկ գաղափարը, միտքը ամենաթանկ բանն է, որը հաճախ չեն գնահատում մարդիկ։ Սակայն ԴՕՍԱԱՖ գնալով՝ ստիպված պետք է լինեմ շեղվել ճամփորդության նախանշած ուղուց։
– Հա, հիշում եմ հիմնադրամի գրասենյակում Երեւանի քարտեզը, որ Նուբարաշենից մինչեւ Վահագնի թաղամաս վարդագույն հոծ գիծ է գծված։ Մեկ սանտիմետր հոծ գիծը իրականում 250 մ լայնություն ունի։ Եթե ձախ թեքվես ու հիսուն մետր առաջանաս, ապա ճամփորդության ուղուց շեղված չես լինի։
– Լավ, շեղվելուս մեղքը ձեզ վրա եմ բարդելու,- կատակով ասացի ես։
– Ի՞նչ արած, այդ մի բեռն էլ մեզ կվերցնենք,- ասաց Միքայելն ու բաժանվեցինք։
Արշակունյաց պողոտայով քայլում էի դեպի ԴՕՍԱԱՖ-ի շենքն ու մտածում ընկերության անցյալի ու ներկայի մասին։ Այն ԽՍՀՄ-ում «աշխատավորների զանգվածային կազմակերպություն էր, որի նպատակն էր աջակցել երկրի պաշտպանունակության ամրապնդմանը եւ աշխատավորների նախապատրաստմանը սոցիալիստական հայրենիքի պաշտպանության համար»։ Երկրում ստեղծվել էր 330 հազար սկզբնական կազմակերպություն, որտեղ ընդգրկված էր 80 միլիոն անդամ։ Հնարավոր է, որ այդ թվերը խորհրդային պայմաններում ուռճացված լինեն, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմին երկրի բնակչությունը որոշակի առումով պատրաստ էր, ծանոթ էր զինտեխնիկային, մասնակցել էր ԴՕՍԱԱՖ-ի հրաձգային մրցումներին։ Երկրում չկար մի մարդ, որը մի անգամ կրակած չլիներ ԴՕՍԱԱՖ-ի մրցումներում։ Խորհրդային Հայաստանում կային ԴՕՍԱԱՖ-ի 4720 սկզբնական կազմակերպություններ, այսինքն, բոլոր բնակավայրերն ու խոշոր ձեռնարկությունները ընդգրկված էին կազմակերպությունների մեջ։ Կամավոր ընկերությունը պատրաստում էր պարաշյուտիստներ, դեսանտայիններ, դիպուկահարներ։ Պարբերաբար անց էին կացնում ավտոսպորտի, մոտոսպորտի, ռադիոսպորտի մրցումներ։ Տեխնիկական ձեւերում, ինչպիսիք են ավիամոդելիզմը, ջրամոտորային սպորտը, հրաձգությունը, Հայաստանը առաջնակարգ տեղեր էր գրավում միջազգային ու միութենական մրցումներում։ Հենց այս հանգամանքն էլ կարեւոր դեր խաղաց 1988-ին սկիզբ առած Արցախ-Ադրբեջան հակամարտությունում, որը վերաճեց պատերազմի։ Երբ ԼՂԻՄ-ի բնակավայրերում սկսեցին ինքնապաշտպանական հենակետեր ու ջոկատներ կազմակերպվել, զգացվեց, որ հենց կամավոր այս ընկերության շնորհիվ մեր ժողովուրդը պատրաստ էր իրադարձությունների նման ընթացքին։ Սակայն ԽՍՀՄ փլուզումով փլուզվեց նաեւ ԴՕՍԱԱՖ-ը։ Այսօր, երբ ամեն օր Բաքվից լսվում են պատերազմը վերսկսելու սպառնալիքներ, ու դա ոչ թե ներքին քարոզչական նպատակ ունի, ինչպես ուզում են մեզ հանգստացնել որոշ «քաղաքագետներ», այլեւ խիստ իրական է։ Այս իրավիճակն էլ թելադրում է, որ առավել մեծ ուշադրություն դարձվի կամավորական ընկերությանը՝ բնակչության առավել մեծ զանգվածներ ընդգրկելու գործին։
Նախկին ԴՕՍԱԱՖ-ը վերակազմվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության, որի նախագահն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը։ Նախագահը գործուղման մեջ էր, ուստի զրուցեցի կազմակերպության՝ սպորտի եւ ռազմահայրենասիրական բաժնի պետ Սամվել Պողոսյանի հետ, որին ճանաչում էի նրա լրագրողական աշխատանքից ու վերջերս լույս տեսած մեծ Նարեկացուն նվիրված «Իմ Նարեկացին» ուսումնասիրությունից։
– Կազմակերպության հասարակական կոչվելը մի՞թե չի սահմանափակում երկրի պաշտպանունակության գործում բնակչության ավելի լայն զանգվածների ներգրավմանը,- հարցրի ես։
– Խորհրդային Միությունում այն ֆինանսավորվում եւ պլանավորվում էր պետության կողմից, ու նա ստիպված էր կատարել իր վրա դրված պարտականությունները։ Ռուսական Դաշնության ԴՕՍԱԱՖ-ը պետական-հասարակական կարգավիճակ ունի, որը ամրագրված է Պետական Դումայի ընդունած օրենքով։ Իսկ մեզ մոտ ԱԺ-ն այս հույժ կարեւոր ոլորտի՝ բնակչության պաշտպանունակության կազմակերպման մասին դեռեւս օրենք չի ընդունել։ Համաձայն եմ ձեզ հետ, շատ տարօրինակ է։
– Ողջ երկրի բնակչությանը կարո՞ղ եք ընդգրկել այդ գործում։
– Ես նշեցի, որ սա հասարակական կազմակերպություն է իր սահմանափակ հնարավորություններով։ Ունենք 800 հաստիքային աշխատող, ուսումնական զենք, զինամթերք, զինտեխնիկա։ Բանակի համար պատրաստում ենք մասնագետներ՝ կապավորներ, ռադիոմասնագետներ, վարորդներ։ Մեր կազմակերպության հիսուն մասնաճյուղերում ընդգրկված է 70 հազար անդամ։ Եթե Ռուսաստանում բանակային բյուջեի մեջ ԴՕՍԱԱՖ-ը զգալի բաժին ունի, նրան են հանձնվել ռազմական բազաներ, ժամանակակից զինտեխնիկա, ապա մեզ մոտ ինքներս պետք է հոգանք մեր ծախսերը։ Հիմա ինքնաֆինանսավորման լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվել։ Վարորդական դասընթացները վճարովի են, եւ հասույթը մտնում է մեր կազմակերպության բյուջե։
– Ի՞նչ եք կարծում, մեր ժողովուրդը պատրա՞ստ է թշնամու կողմից պատերազմի վերսկսման դեպքում դիմակայել հակառակորդի ուժերին,- դիմեցի ես։
– Այդ հարցը պետք է բանակի ղեկավարությանը տալ,- ասաց Սամվել Պողոսյանը,- մենք գործում ենք հասարակական կազմակերպությանը տրված սահմաններում։ Մենք մի քանի հիմնական խնդիրներ ունենք։ Առաջինը՝ բնակչության, հատկապես երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, երկրորդը՝ հանրապետությունում տեխնիկական եւ ռազմակիրառական մարզաձեւերի զարգացումն է, իսկ երրորդը՝ բանակի համար տեխնիկական մասնագետների պատրաստումը։