Նորի՞ց դեպի մեկուսացում
Երեկ տեղեկացրել ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-22-ը Երեւանում անցկացվելու է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների համահայկական հավաք: Հավաքի օրակարգից, սակայն, երեւում է, որ եռօրյա հավաքը իրականում… 4,5 ժամանոց՝ 15 րոպե տեւողությամբ ընդմիջումով մի նիստ է:
Հավաքի առաջին օրը Հայաստանում մասնագետ դարձած սփյուռքահայերը ներկա կլինեն նկարիչ Ռաֆայել Մելիքյանի անհատական ցուցահանդեսի բացմանը, հետո Երեւանի ռեստորաններից մեկում հանդիսավոր ընթրիքի՝ մինչեւ ուշ երեկո: Սեպտեմբերի 21-ին նրանք կլսեն ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ էլի ուրիշների ողջույնի խոսքերը, հետո, ինչպես տեղեկացրել ենք, կհանդիպեն Ամենայն հայոց կաթողիկոսին եւ կմասնակցեն Անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահի կազմակերպած ընդունելությանը: Եվ միայն հավաքի վերջին օրը՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 14-18:30-ը կլինեն քննարկումները եւ դրանց ամփոփումը: Այս պահի դրությամբ նախատեսված է քննարկել 7 հարց: Այլ խոսքով՝ ամեն հարցի շուրջ կխոսվի 30 րոպե:
Հիշեցնենք, որ քննարկվելու են ինչպես Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների դերակատարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, հայապահպանության, հայ համայնքների հիմնախնդիրների լուծման աջակցության գործում, այնպես էլ Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողների սոցիալական, իրավական եւ այլ կարգի հիմնախնդիրները, լուծման հնարավոր մեխանիզմները եւ Հայաստանում կրթություն ստացող սփյուռքահայ ուսանողների օգնության ֆոնդի ստեղծման եւ Երեւանում «Սփյուռքահայ ուսանողի տուն» հանրակացարանի կառուցման հնարավորության հարցերը:
Հիշեցնենք նաեւ, որ 2009-ի ապրիլի 11-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտորատի առաջարկով հանդիպել էր բուհի սփյուռքահայ ուսանողներին եւ նրանցից տեղեկացել, որ սփյուռքահայ ուսանողները տեղացիների հետ շփումներում, լինի դա ուսանող, թե դասախոս, խնդիրներ չունեն: Չնայած սրան, այդ հանդիպման ժամանակ բուհի ղեկավարությունը առաջարկում էր ստեղծել Հայաստանի բոլոր բուհերում սովորող սփյուռքահայ ուսանողների ուսանողական ավան-համալիր՝ գիշերակացով, գրադարանով, մարզասրահով: Առաջարկի մասին որեւէ ուսանող որեւէ կարծիք չհայտնեց: («Առավոտ», 12. 03. 2009, «Դեպի մեկուսացո՞ւմ»):
Այսօր սփյուռքահայ ուսանողները ապրում են սովորական ուսանողական հանրակացարաններում՝ Հայաստանի մարզերի բնակիչ ուսանողների հետ, կամ բնակարաններ են վարձակալում:
Քիչ չեն տեղացի-սփյուռքահայ ամուսնական զույգերը: Թե սփյուռքահայ ուսանողներին «մեկուսացնելը» որքանո՞վ է նպաստելու Հայաստան-Սփյուռք կապերին՝ չասվեց ոչ անցած տարվա հանդիպման ժամանակ, չի ասվում նաեւ հիմա: