Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԺԱՆՏԱԽՏԻ ԴԵՊՔԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Սեպտեմբեր 17,2010 00:00

Մարդկությանը բուժող բժիշկների պակաս՝ Լոռու մարզում

Օգոստոսի 31-ին տեղեկացրել ենք, որ Լոռու մարզի Լորուտ եւ Մարց համայնքներում հերթական անգամ խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության դեպքեր են արձանագրվել, եւ սատկել կամ հարկադիր սպանդի է ենթարկվել Լորուտում՝ 120, Մարցում՝ 40 խոզ: Հրապարակումից երկու օր անց պատկան կառույցները հայտարարեցին, որ այս գյուղերում կարանտին է սահմանվել:

Մոտկորի տարածաշրջանի ամենամեծ գյուղը՝ Լորուտը, 1088 բնակիչ ունի: Գյուղի ապրուստի հիմնական միջոցը խոզաբուծությունն է, հողատարածքները խոտհարք են ծառայում: Այս վայրերում խոզաբուծությունը գյուղացիների համար պակաս դժվար եւ քիչ չարչարանք ենթադրող եկամտի աղբյուր է: «Կեր գրեթե չենք առնում, ձմռանը շիճուկով ենք պահում, ամռանն էլ անտառն է պահում, իրա ոտով գնում ու գալիս ա, մի խոզից էլ 50-60 կգ միս ենք ստանում»,- ասում է Լորուտ գյուղի բնակիչ Գ. Սահակյանը: Սակայն օգոստոս ամսին բռնկված աֆրիկյան ժանտախտը խառնել է գյուղացիների հաշվարկները. Լորուտում 1500 գլխաքանակից 17 օրվա ընթացքում՝ 182, իսկ հարեւան Մարցում 121 գլուխ խոզ անկվեց: Հենց այդ շրջանում էր, որ Լորուտ գյուղի երկու անասնաբույժները, համագյուղացիների հետ չթշնամանալու պատճառով, սեփական դիմումի համաձայն դուրս եկան աշխատանքից, իսկ Մարց համայնքի անասնաբույժը թոշակառու էր եւ ֆիզիկապես չէր կարողանում աշխատել: Երկար համոզելուց հետո լորուտցիներին հաջողվեց անասնաբույժներից մեկին վերադարձնել, իսկ Մարցում հաստիքը համալրեց անասնաբույծը:

Անասնաբույժների պակասը մեծ խնդիր է ամբողջ Լոռու մարզի համար, 113 համայնքում ընդամենը 86 բժիշկ է աշխատում: Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կառույցի պետ Համլետ Վիրաբյանը անասնաբույժների պակասը բացատրում է աշխատանքի ծանրությամբ եւ ցածր աշխատավարձով: Մեկ բժիշկը մեկից ավելի համայնքի է սպասարկում, որն ավելի է դժվարացնում աշխատանքը եւ լիարժեք վերահսկողություն չի ապահովում: «Անունով 50 հազար դրամ են տալիս, պահումները հանում ենք՝ 40 էլ չի գալիս, էդքան անասունի հետ գործ ունենալը հե՞շտ է, ճանապարհին ծախսած ժամանակն ու գումարը՝ էլ չեմ ասում»,- դժգոհում է երկու գյուղ սպասարկող անասնաբույժը: Հակառակն էլ է պատահում, մեծ անասնագլխաքանակ ունեցող գյուղերում երկու անասնաբույժի կարիք է զգացվում:

Համլետ Վիրաբյանը պարզաբանում է. մեկ անասնաբույժը պետք է սպասարկի 700-800 գլուխ միայն խոշոր եղջերավոր կենդանի, մանր անասունների էլ 7-8 գլուխը 1 խոշոր է հաշվվում: Սա նշանակում է, որ անասնաբույժը առնվազն 500 տուն պետք է ելումուտ անի: «Անշնորհակալ աշխատանք է, հատկապես որեւէ հիվանդության բռնկման պայմաններում դժվար է համագյուղացիներին հասկացնել, որ միակ ելքը անասունին սպանդի ենթարկելն է, առաջին մեղավորը անասնաբույժն է մնում»,- ասաց պարոն Վիրաբյանը:

Նա կարծում է, որ գյուղացիների պահվածքը տարիներով ձեւավորված մտածողության արդյունքն է: Ըստ մարզի գլխավոր անասնաբույժի, գյուղացիները տարիներով խոզ են պահել, բայց խոզաբուծությամբ զբաղվելու էթիկային ծանոթ չեն, չեն պահպանում սանիտարահիգիենիկ կանոնները, ժամանակին չեն կատարում հիվանդությունների դեմ պատվաստումները: Այս ամենը եւ տարածաշրջանի աշխարհագրական դիրքն են նպաստել, որ հատկապես օգոստոսին մեծ թափով ու կրկին աֆրիկյան ժանտախտ բռնկվի: «Օգոստոսին է սկսվում քոչուքոչը, կենդանիների շարժը՝ անտառային արոտավայրերից գյուղ բերելը: Սրանք հիվանդության տարածման առաջին պայմաններն են»,- պարզաբանեց Համլետ Վիրաբյանը:

Լորուտ եւ Մարց համայնքներում 3 կմ շառավիղով կանխարգելման եւ 10 կմ շառավիղով վերահսկողության գոտի սահմանվեց, եւ հիվանդությունը չտարածվեց, վերջին 3-4 օրում իրավիճակը հանգիստ է, իսկ 5 օրերի ընթացքում միայն 8 գլուխ խոզ է անկվել, սակայն Համլետ Վիրաբյանը դա դեռեւս համաճարակի մարում չի համարում: 2007 թվականին, մինչ բռնկումը, մարզում խոզերի գլխաքանակը՝ 14 հազար 656 էր, 2008-ին՝ 5284, 2009-ին՝ 5965, 2010-ին՝ 9525:

Ու մինչ վնաս կրած գյուղացիները վրդովվում են փոխհատուցում չստանալու համար եւ վկայակոչում ՀՀ կառավարության 2008թ. հունվարի 31-ի որոշումը՝ անասնահամաճարակների հետեւանքով գյուղատնտեսական անկումների եւ հարկադիր սպանդի դեպքում սեփականատիրոջը ցուցաբերվող օժանդակության կարգի մասին, որտեղ նշված 6 հիվանդություններից մեկն էլ խոզերի աֆրիկյան ժանտախտն է, Համլետ Վիրաբյանը բացատրում է, որ կառավարությունը փոխհատուցում տալիս է, եթե բռնկումն առաջինն է եւ գյուղացիների չիմացության արդյունքում է վնաս պատճառվել: Օրինակ՝ այդպես էր 2007 թվականին: Անասնաբույժները գյուղացիներին ասել են, որ վարակից հետո հարկ է առնվազն 3-6 տարի ձեռնպահ մնալ անասնաբուծության այդ ճյուղով զբաղվելուց:

Իսկ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը ասում է, որ Լոռու մարզպետի անունից դիմել են կառավարությանը՝ փոխհատուցման ակնկալիքով, հաշվի առնելով, որ խոզաբուծությունը տարածաշրջանի հիմնական զբաղմունքն ու եկամտի աղբյուրն է: Այս տարածաշրջանում խոզապահությունը վերացնել՝ նշանակում է զրկվել եկամտի աղբյուրից: Վոլոդյա Բունիաթյանը ասաց, որ Լոռվա երիտասարդները գյուղակադեմիայի Վանաձորի մասնաճյուղում սովորելու հնարավորություն ունեն, ուսման վճարը կհոգա պետությունը, միայն թե մասնագետ դարձած երիտասարդը վերադառնա իր համայնք եւ աշխատի, սակայն երիտասարդներին անասնաբույժի մասնագիտությունը չի հետաքրքրում: Վոլոդյա Բունիաթյանը վստահ է, որ հայեցակարգի փոփոխություն է անհրաժեշտ այս շատ կարեւոր մասնագիտության հարցում, այլապես մի օր անասնաբույժ-մասնագետ ընդհանրապես չենք ունենա: «Մարդու բժիշկը բուժում է մարդուն, իսկ անասնաբույժը՝ մարդկությանը, կանխելով սննդի եւ կենդանիների միջոցով փոխանցվող մի շարք հիվանդություններ»,- ասում է մարզի գլխավոր գյուղատնտեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել