Լրահոս
Օրվա լրահոսը

Միանգամից են ուզում հարստանալ

Սեպտեմբեր 17,2010 00:00

«Հելսինյկան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան է դիմել Ստեփանավան համայնքի ավագանու ընդունած վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով՝ համարելով, որ այն ոչ իրավաչափ է եւ հակասում է ՀՀ օրենսդրությանը:

2009թ. մայիսից Ստեփանավանի բնակիչները քաղաքապետարանից գրավոր տեղեկատվություն ստանալու համար պատճենահանվող որոշումների կրկնօրինակների 1 թերթի համար վճարում են 500 դրամ: Նման որոշման մասին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակը տեղեկացել է այն բանից հետո, երբ դիմում է ներկայացրել Ստեփանավանի քաղաքապետարան՝ ստանալու Ստեփանավանի քաղաքապետի եւ ավագանու անդամների՝ 2009թ. մայիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում կայացրած որոշումների պատճենները: Իրավապաշտպան կազմակերպությունը Ստեփանավանի քաղաքապետարանից ստացել է պատասխան գրություն, որով մերժվել է տեղեկատվության տրամադրումը այն հիմնավորմամբ, որ պատճենահանվող որոշումների կրկնօրինակների 1 թերթի համար սահմանված է 500 դրամ վարձավճար: Դրանից հետո կազմակերպությունը երկրորդ անգամ է դիմել Ստեփանավանի քաղաքապետարան եւ ստացել վիճարկվող թիվ 19-Ն որոշման պատճենը:

«Խնդիրն այն է, որ նման տուրք սահմանելով՝ Ստեփանավանի ավագանու որոշումը հակասում է ՀՀ սահմանադրությանը, տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքին, տեղական ինքնակառավարման մասին օրենքին,- պարզաբանում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Արայիկ Զալյանը,-հանրային նշանակության կազմակերպություններն ինքնուրույն են որոշում տեղեկությունների տրամադրման համար գանձվող գումարի չափը, ինչը չի կարող գերազանցել այդ տեղեկատվության տրամադրման ծախսերը»: Իսկ այս դեպքում, ըստ իրավաբանի, ավագանու որոշմամբ ընդունված պատճենահանման չափը գերազանցում է պետական տուրքերի սահմանված չափին. «Մեր շուկայում ոչ մի տեղ 1 էջի համար չես հանդիպի նման արժողության պատճենահանման ծախսի»:

Օրերս կայացած նախնական դատական նիստին պատասխանող կողմը չէր ներկայացել, սակայն նիստը կայացավ եւ գործն արդեն դատաքննության փուլում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել