Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրաֆիկային տեսակցություն ծնողների հետ

Սեպտեմբեր 17,2010 00:00

Սույն թվականի օգոստոսին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Թալինի նստավայրում տեղի ունեցավ քաղաքացիական գործով դատական նիստ՝ երեխայի տեսակցության կարգ սահմանելու պահանջով: Պատասխանող կողմն էր կանանց իրավունքների կենտրոնի հերթական շահառուներից մեկը՝ Թալին քաղաքի բնակիչը, որը, ենթարկվելով ընտանեկան բռնության (մշտական ֆիզիկական բռնություն՝ ամուսնու եւ նրա ծնողների կողմից), ամուսնալուծվել է: Հայցվոր կողմը՝ նախկին ամուսինը, հայց է ներկայացրել դատարան՝ երեխայի տեսակցության համար կարգ սահմանելու խնդրանքով:

Կողմերը ամուսնության ընթացքում ունեցել են տղա երեխա, որն այժմ 1 տարեկան 4 ամսական է, եւ ըստ այդմ կարող ենք եզրակացնել, որ նման տարիքում գտնվող ցանկացած երեխա պահանջում է խնամք եւ մշտական ուշադրություն, որը հիմնականում կարող է ապահովել մայրը:

Ամուսինը հայցապահանջում ներկայացրել էր հետեւյալը. պատասխանողը, երեխայի հետ բնակվելով ծնողների տանը, ամուսնալուծվելուց հետո խոչընդոտում է, որպեսզի ինքը նորմալ պայմաններում եւ բավարար ժամանակով տեսակցի երեխային, զրկել է երեխայի հետ շփվելու հնարավորությունից: Հայցվորը խնդրեց դատարանին սահմանել անչափահաս երեխային տեսակցության եւ նրա հետ շփվելու, ծնողական իրավունքների իրականացման կարգը՝ յուրաքանչյուր շաբաթ 4 օր ժամանակով: Պատասխանող կողմը (կինը) բնականաբար հայցը ընդունեց մասնակի եւ խնդրեց դատարանին տեսակցության կարգ սահմանել իր ներկայությամբ՝ շաբաթը 1 անգամ 1 ժամ տեւողությամբ, պատճառաբանելով, թե երեխան մանկահասակ է եւ ունի մշտական մայրական հոգածության կարիք, իսկ հայցվորն աշխատում է եւ ի վիճակի չէ բավականաչափ ժամանակ տրամադրել երեխայի խնամքին եւ դաստիարակությանը, ինչպես նաեւ պահանջվող 4 օրը չափազանց շատ է նման տարիքում գտնվող երեխայի համար:

Դատարանը հետազոտելով գործում եղած բոլոր հանգամանքները, լսելով կողմերի բացատրություններն ու առարկությունները, սեպտեմբերի 9-ին վճռեց. հայցը բավարարել, հայցվոր կողմին թույլատրել տեսակցելու իր երեխայի հետ. յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրվա ժամը 10-ից սկսած՝ մինչեւ կիրակի օրը ներառյալ, պետք է գտնվի հոր մոտ, իսկ շաբաթվա մնացած օրերին՝ մոր մոտ:

Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել