Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂԸ «ԽԱՂԵՐ Է ՏԱԼԻՍ»

Սեպտեմբեր 17,2010 00:00

«Ինտերպոլի» ազգային կենտրոնական բյուրոյի 25.10.08թ. «Գաղտնի 1» գրությամբ, որն ուղղվել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ս. Մելքոնյանին, տեղեկացվում է Մեծ Բրիտանիայում Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված մի պատասխանի մասին: Այդ պատասխանի համաձայն, Ադի Իոան Բլագան, Մարիուս Լուպուն, Օլիվեր Ռադուկու Մարիանը «անցնում են իրենց երկրի ոստիկանական հաշվառումներով»: Հաշվառված լինելը դեռ չի նշանակել, թե հայաստանյան բանկոմատներից հսկայական գումարներ «քամած» վերոհիշյալ անձինք դատապարտված են եղել, քանի որ նշված անձանց քրեական գործի նյութերում ընդհանրապես չկան դատավճիռներ:

Ռումինիայի Բաքաու քաղաքում ծնված Օլիվեր Ռադուկու Մարիանը, որն աշխատել է Մեծ Բրիտանիայի «Ռամեքս իմպորտ-Էքսպորտ լիմիթեդ» ֆիրմայում՝ որպես մենեջեր, անցյալ տարվա ապրիլի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Եվ քանի որ նրա պատժի սկիզբը 2008թ. օգոստոսի 27-ից էր, նա արդեն ազատության մեջ է եւ Հայաստանից դուրս: Ավելին, հասնելով իր երկիր, պատասխան պիտի տար իր ընկերոջ՝ Դանիել Ֆլորին Ֆեռառուի ընտանիքին, որը իր տված ցուցմունքի հիման վրա բացահայտվել է եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Օլիվերը նամակ է ուղարկել ԶԼՄ-ներից մեկին, ակնարկել է իրավապահներին կաշառք տալու, իր նկատմամբ «կատարվածի» մասին: Սակայն մի բան պարզ է, որ ինքն է «վառել» օտարերկրացիներից բաղկացած 15 հոգանոց խմբին, որոնք մեր բանկոմատներից կեղծ բանկային քարտերի միջոցով հափշտակել են ավելի քան 25 000 եվրո, 4 միլիոն քառասուն հազար դրամ:

Հանցավոր խմբի թիրախ են դարձել «ՎՏԲ-Հայաստան», «Անելիք», «HSBC» բանկերը, «Արդշինինվեստբանկը», «Ամերիաբանկը»…

Դատարանում Օլիվերը օգտվել է հանրային պաշտպանի ծառայությունից, քանի որ այնքան գումար չի ունեցել, որ պաշտպան վարձի, միջնորդել է, որպեսզի դատաքննությունն անցնի արագացված ընթացակարգով: Արագացված դատաքննության ընթացակարգը նշանակում է, որ նրանք իրենց մեղավոր են ճանաչել: Համաձայն քրեական դատավարության օրենսգրքի, արագացված դատաքննության ժամանակ գործում եղած ապացույցները չեն հետազոտվում, դատավորը պարտավոր չէ ուսումնասիրել փաստաթղթերը: Օլիվերի՝ նախկինում խարդախության համար դատված լինելու հանգամանքը այդ իսկ պատճառով չի պարզվել:

Այս օրերին հանրային քննարկման առարկա է դարձել նաեւ, թե ինչո՞ւ են 2 տարվա ազատազրկման դատապարտել Օլիվերին, իսկ պարագլուխներից մյուսին՝ Ֆեռառուին՝ 6 տարվա ազատազրկման: Դատարանն առաջնորդվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 64 հոդվածով եւ պատժի նվազագույն չափից ավելի մեղմ պատիժ է սահմանել Օլիվերի դեպքում: Ըստ դատարանի. «Օլիվեր Ռադուկու Մարիանը ակտիվորեն օժանդակել է հանցագործության եւ դրա մասնակիցների բացահայտմանն ու ակտիվորեն համագործակցել է նախաքննական մարմնի հետ (ՀՀ ԱԱԾ քննչական վարչության- Ռ. Մ.)»: Դատարանն այս համագործակցությունը դիտել է որպես բացառիկ հանգամանք. նման դեպքերում կարող էր համագործակցողին նաեւ բաց թողնել հենց դատարանի դահլիճից (դա ես չեմ ասում, այլ ՀՀ քրեական օրենսգիրքը- Ռ. Մ.):

Ի դեպ, վճիռն օրինական ուժի մեջ է մտել որեւէ խոչընդոտի չհանդիպելով՝ ՀՀ վերաքննիչ քրեական եւ վճռաբեկ դատարաններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել