Կառավարությունն էլ է խոստովանում, որ հաշմանդամը մեր երկրում մեծ դժվարությամբ է աշխատանք գտնում:
Հուլիսի 1-ի դրությամբ մարզային եւ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 101, 3 հազար, որը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 0,3%-ով, իսկ տարեսկզբի նկատմամբ՝ 2%-ով: Պարզվում է, կանանց համար գործ գտնելն ավելի դժվար է՝ աշխատանք փնտրողների թվաքանակում գերակշիռ մասնաբաժինը՝ 65,8%, կանայք են: Հաջորդ տեղում աշխատանքային փորձ ու հմտություններ չունեցող երիտասարդներն են, գործատուի կողմից մերժվող երիտասարդների թիվը կազմել է 20,7%: Պաշտոնական տվյալներով այս տարի առաջին անգամ աշխատանք փնտրող 14 հազար 327 մարդկանցից միայն 1576-ը շրջանավարտներ էին: Գործազրկության մակարդակը միջինից բարձր է հատկապես Լոռու (11,2%), Շիրակի (12,4%), Սյունիքի (11,4%), Կոտայքի (9,8%), Տավուշի (9%) մարզերում եւ Երեւանում, որտեղ աշխատանք չունեցողների թիվը կազմել է 7,8%: Տարեցտարի հանրապետությունում աճող գործազուրկների թիվը նվազեցնելու համար գործադիրը երեկ հավանություն տվեց զբաղվածության կարգավորման 2011 թվականի պետական ծրագրին ու միջոցառումների ցանկին:
Ծրագիրը նախատեսում է խթանել բնակչության զբաղվածությունը, աշխատանք գտնելու համար արդյունավետ պայմանների ապահովումը: Կառավարությունը նոր ծրագիրը մշակելիս հաշվի է առել ոլորտի հիմնախնդիրները եւ առաջարկվող միջոցառումների փաթեթով հնարավորինս փորձելու է վերացնել ոլորտի խնդիրները: Այն, որ ճգնաժամի հետեւանքով մեծացել է աշխատաշուկայում առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանությունը եւ առանձին մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղերի լրացման բազմաթիվ խոչընդոտներ կան, ահազանգում է նաեւ գործադիրը՝ փաստելով, որ ճգնաժամի ազդեցությամբ աշխատաշուկայում հավասար մրցակցության անընդունակ աշխատանք փնտրող անձանց, մասնավորապես՝ հաշմանդամների համար աշխատանք գտնելն ավելի է բարդացել: Ճգնաժամը նպաստել է նաեւ տարածքային անհամաչափ զարգացմանը՝ առանձին տարածաշրջաններում գործազրկության մակարդակների էական տարբերություններն ավելի են մեծացել: Զբաղվածության պետական ծառայությունը վստահեցնում է, որ իրենց առաջարկած ծրագրով օժանդակելու են նաեւ աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին, նրանց համար աշխատաք գտնելը այլեւս երազանք չի լինելու:
Եթե Երեւանում գործ գտնելը բախտի բան է, ապա գյուղերում բախտավոր աստղի տակ ծնված լինելու հանգամանքն էլ չի փրկում: Զբաղվածության պետական ծառայությունը գյուղական համայնքներում բնակչության թերզբաղվածության եւ ոչ գյուղատնտեսական զբաղվածության անբավարար մակարդակ է գրանցել, իսկ փոքր եւ միջին բիզնեսի ներդրման, այդ թվում՝ մասնագիտական որակավորումների բարձրացման եւ հիմնարար գիտելիքների կատարելագործման հնարավորությունների մասին խոսելն ավելորդ է, այդպիսի հնարավորությունը խիստ սահմանափակ է: Զբաղվածության պետական ծառայությունը նաեւ արձանագրել է՝ ոլորտում օրենսդրության կատարելագործման անհրաժեշտություն կա, որը կնպաստի զբաղվածությանն աջակցող ակտիվ նոր ծրագրերի մշակման եւ ներդրման ճկուն համակարգ ստեղծելուն: Եվ որպեսզի գործազրկության մակարդակը նվազեցնեն, կառավարությունը հաջորդ տարվա միջոցառումների մեջ ներառել է խոշոր գործատուների հետ պետության համագործակցությունը, որը դեռեւս բավարար մակարդակի չի հասնում:
«Առավոտի» հետ զրույցում Զբաղվածության պետական ծառայության աշխատանքի խորհրդատվության եւ տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանն էլ, փակագծերը բացելով, տեղեկացրեց. «Ծրագրային նոր առաջարկներ ունենք, արտադրական պրակտիկայի կազմակերպում՝ աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար եւ հաշմանդամների համար՝ աշխատատեղերի հարմարեցում: Գործատուի վրա որոշակի պարտավորություն կդրվի, որ 3-4 պրակտիկանտներից գոնե մեկ-երկուսին աշխատանքի վերցնի»: