Պատճառն այն է, որ սննդի անվտանգության համար պատասխանատուները շատ դեպքերում աչք են փակում
Մեր երկրում գործում են մարդու առողջության համար պատասխանատու հազար ու մի կառույցներ, որոնցից մի քանիսը, այսպես ասած, մասնագիտացած են սննդի վերահսկողության գծով: Սակայն այդուհանդերձ այսօր մայրաքաղաքի եւ մարզերի գրեթե բոլոր խանութներում, սուպերմարկետներում վաճառվում են անհայտ ծագման սննդային ապրանքներ, որոնք ոչ մի կերպ այդ պատասխանատուների ուշադրությունը չեն գրավում: Նրանց չի հետաքրքրում նաեւ այն, որ այդ սնունդը, ինչպես օրենքն է պահանջում, որեւէ մակնշում չունի: Վաճառվող պատրաստի սննդի՝ աղցանների, հատով խմորեղենների, տորթերի, դոնդողների վրա ոչ արտադրման, ոչ պիտանելիության, ոչ էլ բաղադրության մասին որեւէ տեղեկատվություն չկա:
Տեսքից բավականին գայթակղիչ թվացող այս սննդի տեսակները շատ հաճախ սպառողի համար լուրջ առողջական խնդիրներ են առաջացնում: Գնորդը անգամ տարրական տեղեկություն չի կարողանում ստանալ, ասենք՝ թե քանի օրվա խմորեղեն է: Ուստի մարդկանց միակ հույսը վաճառողներն են, որոնք բանավոր հավաստիացնում են, որ իրենց մոտ ամեն ինչ թարմ է, կամ հակառակը՝ աչքունքով են անում, որ՝ հին է: Վստահելով վաճառողների խոսքերին, օրերս հայտնի սուպերմարկետներից մեկից գնել էինք մի քանի տեսակի խմորեղեն, որոնք բավականին թարմ եւ ախորժելի տեսք ունեին, ոչ մի վատ հոտ նույնպես չկար: Գեղեցիկ շարված էին սառնարաններում՝ տեսանելի տեղում, այդ իսկ պատճառով կասկածի տեղիք չտվեցին: Սակայն, երբ արդեն տանը խմորեղենը համտեսեցինք՝ այն ուտելու համար պիտանի չէր՝ շերտերի արանքում քսված կրեմը պարզապես բորբոսնած էր, իսկ վրայի հատապտուղները՝ փչացած: Պարզվում է, որ մենք միակ տուժողը չէինք: Շատերն են նման փաստի առաջ կանգնել: Այդ սուպերմարկետից խմորեղեն գնողները հաճախ են այսպիսի «անակնկալի» գալիս:
Որպեսզի պարզենք, թե այդտեսակ ապրանքների մատակարարներն ովքեր են եւ արդյո՞ք նրանք սննդի անվտանգության կանոնները պահպանելով են իրենց բիզնեսն առաջ տանում, դիմեցինք մի քանի հայտնի խանութների պատասխանատուներին: Նրանցից հետաքրքրվեցինք՝ եթե տվյալ սննդամթերքը տանը կամ որեւէ ընկերությունում է պատրաստվում, հայտնի՞ է, թե ինչպիսի հիգիենիկ պայմաններում են դա անում կամ սուպերմարկետների մենեջերները, պատասխանատուները հետեւո՞ւմ են այդ ամենին: Հարցրինք նաեւ, թե ինչո՞ւ այդտեսակ սննդամթերքի վրա մակնշումներ չկան:
Այս առնչությամբ, «Երեւան city» սուպերմարկետների ցանցից «Առավոտին» պարզաբանեցին, որ իրենք ունեն «Տաք ուտեստների եւ աղցանների արտադրամաս»: Այդ սննդամթերքը տրվում է ամաններով, որոնց վրա մակնշում կա: Այս սուպերմարկետների ցանցի նման ապրանքների վրա չկա նշված միայն պիտանելիության ժամկետը, որը նշելը, ըստ նրանց, անիմաստ է, քանի որ այդ ապրանքները պատրաստվում են ամեն օր, իսկ հինը թափվում է: Չնայած նրանք խոստացան առաջիկայում անպայման այդ մասին էլ նշել: «Երեւան city»-ից հայտնեցին նաեւ, որ այդ սննդամթերքը խանութներ է առաքվում հատուկ մեքենայով եւ հատուկ ամանների մեջ, այս արտադրամասում աշխատողներն էլ գլխարկներով եւ ձեռնոցներով են:
Նման պատասխան ուներ նաեւ «Սթար» սուպերմարկետների ցանցը: Ըստ այս առեւտրային ցանցի կոմերցիոն տնօրեն Նարինե Ավետիսյանի, իրենք վաճառում են միայն սեփական արտադրության աղցաններ, որի արտադրողն է «Սթար Դիվայդ» ընկերությունը. «Համաձայն կանոնակարգի, աղցանների արտադրությունում աշխատող մեր բոլոր աշխատակիցները տարին մեկ անգամ անցնում են ստուգում եւ բոլորն ունեն սանգրքույկ: Աղցանների արտադրության համար առկա են բոլոր իրավական փաստաթղթերը, իսկ արտադրությունը կազմակերպված է սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին համապատասխան: Մենք՝ որպես սնունդ վաճառող կազմակերպություն, պատասխանատվություն ենք կրում մեր հաճախորդների առջեւ սննդամթերքի որակի համար, այդ իսկ պատճառով «Սթարի» ցանցում հաճախորդների համար գործում է սննդի վերադարձի համակարգը. եթե որեւէ պատճառով հաճախորդը դժգոհ է ապրանքի որակից, նա իրավունք ունի վերադարձնել այն»: Նա հավաստիացնում էր, որ իրենց մոտ պատրաստի սնունդը միայն թարմ սննդամթերքից է՝ հետեւելով բոլոր սանիտարահիգիենիկ նորմերին. «Այդ նորմերից է արտադրամասերում աշխատող անձնակազմի հատուկ արտահագուստի առկայությունը, որը պարտադիր է բոլոր աշխատակիցների համար: Բացի այդ, արտադրամասում ներդրված է օդափոխման եւ պահպանման հատուկ համակարգ, իսկ սննդամթերքի տեղափոխումը խանութներ՝ կազմակերպվում է հատուկ սառնարանային մեքենաներով, որոնք էլ ապահովում են սպառողին որակյալ եւ անվնաս սննդամթերքի մատակարարումը: Փաթեթավորելիս նշվում է ամսաթիվը, որն էլ հանդիսանում է աղցանի արտադրության օրը: Մեծ խանութներում աղցանը վաճառվում է կիլոգրամով, որի հետեւանքով չի կարող ունենալ մակնշում, սակայն համաձայն գոյություն ունեցող կանոնակարգի, աղցանները թե փաթեթավորված, թե կիլոգրամով վաճառվում են խանութում առավելագույնը 24 ժամ, այսինքն՝ աղցանի պահպանման ժամկետն է 24 ժամ: Ինչ վերաբերում է խմորեղենին եւ տորթերին, ապա նշեմ, որ տորթերը, որոնք փաթեթավորված են, անպայման ունեն համապատասխան մակնշում, այն է՝ արտադրող, արտադրության ամսաթիվ եւ պահպանման ժամկետ, որին ուշի ուշով հետեւում են մեր աշխատակիցներն ապրանքը ստանալիս: Ինչ վերաբերում է հատով վաճառվող խմորեղենին, ապա դրանք ունեն որակի սերտիֆիկատ, որոնք «Սթար Դիվայդը» պահանջում է յուրաքանչյուր մատակարարից՝ մինչ պայմանագրի ստորագրումը, ապրանքի մատակարարումը եւ վաճառքը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հաճախորդ կարող է պահանջել որակի սերտիֆիկատ նմանատիպ ապրանքի համար»:
Իսկ «SAS group»-ից մեզ պարզաբանում չտվեցին, շուրջ 3 ժամ նրանք այդպես էլ չկարողացան գտնել իրավասու մեկին, որը կկարողանար պատասխանել մեր հարցերին: