Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գազամատակարարման դադարը միտումնավոր չէ

Սեպտեմբեր 17,2010 00:00

ՀՀ կառավարությունը երեկ հավանություն տվեց Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման մասին որոշման նախագծին: Նիստին հաջորդած ասուլիսում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ արդեն մի քանի տարի է, որ աշխատում են ՀԷԿ-ի շինարարության ծրագրի վրա: Արդեն կատարել են երկրաբանական, տեխնիկատնտեսական աշխատանքներ եւ որոշել ՀԷԿ-ի կառուցման ֆինանսական սխեման. «Իրանական կողմի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ շինարարության ամբողջ ֆինանսական մասը իրենք են լուծելու, ՀԷԿ-ը կկառուցեն, կշահագործեն եւ հետագայում արտադրված էլեկտրաէներգիայով կստանան իրենց ներդրումները»: Նախարարի խոսքով, քննարկումների արդյունքում եկել են այն համաձայնության, որ ՀԷԿ-ի կառուցման համար կպահանջվի 5 տարի, իսկ արժեքը կկազմի $ 323 միլիոն. «15 տարի էլ անհրաժեշտ է, որ արտադրված էլեկտրաէներգիայով ստանան իրենց ներդրումները, որից հետո ՀԷԿ-ը կհանձնվի Հայաստանին՝ սեփականության իրավունքով»: Պարոն Մովսիսյանի տեղեկացմամբ, «Մեղրիի ՀԷԿ»-ը կունենա 130 մգվտ հզորություն, տարեկան արտադրանքն էլ կկազմի մոտ 800 մլն կվ/ժ էլեկտրաէներգիա: Նա նաեւ նշեց, որ կառուցման մեկնարկի ժամկետները կճշտվեն առաջիկայում՝ Իրանի էներգետիկայի նախարարի՝ Հայաստան կատարած այցելության շրջանակներում:

Իսկ ինչ վերաբերում է գազամատակարարման ժամանակավոր դադարեցմանը, պարոն Մովսիսյանը վստահեցրեց, որ այն զուտ տեխնիկական խնդրով է պայմանավորված. «Որեւիցե միտում դրա մեջ չկա»: Անդրադառնալով ռուսական գազի գների բարձրացմանը՝ նա ասաց, որ Հայաստանը դեռ չի սկսել ՌԴ-ի հետ բանակցությունները. «Որովհետեւ Ռուսաստանը դեռ չի հայտարարել, թե ինչ գներ է նախատեսել, հենց հայտարարեն, կսկսենք բանակցային գործընթացը եւ կփորձենք հնարավորին չափով գազի գինը ցածր պահել»: Ինչո՞ւ Հայաստանը գազ չի գնում իրանական կողմից, որովհետեւ, ըստ նախարարի. «Տարածաշրջանում չի կարող նույն ապրանքի գինը մեկը մյուսից տարբերվել, միշտ հավասարակշռված մոտեցում է եղել»: Իսկ այն, որ ՌԴ-ն Թուրքիային ավելի բարձր գնով է վաճառում, քան Հայաստանին, նախարարի համոզմամբ՝ հայկական կողմի առավելությունն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել