Առաջիկայում կպարզեցվի ընկերությունների հիմնադրման ընթացակարգը
Գործադիրը երեկ հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում եւ եւս երեք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերին: Դրանցով առաջարկվում է ընկերության հիմնադրման նպատակով այցելել միայն մեկ կառույց, որը փաստաթղթերն ընդունելուց հետո ինքն է իրականացնելու բոլոր ընթացակարգերը՝ համագործակցելով պետռեգիստրի, հարկային մարմինների հետ: Առաջարկվում է նաեւ վերացնել անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման պահանջը, որովհետեւ դրա փոխարեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձի հաշվառելու է գրանցող մարմինը: Կառավարության նիստին հաջորդած ասուլիսում ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն ասաց, որ այս փոփոխությամբ փորձել են հնարավորին չափով նվազեցնել իրավաբանական, ֆիզիկական անձանց՝ վարչական մարմինների հետ շփումները, որոնք, ըստ նախարարի, կոռուպցիայի առումով ռիսկային են: Նրա տեղեկացմամբ, ընկերությունը գրանցելու համար ձեռնարկատերը այլեւս ստիպված չի լինի մեծաքանակ փաստաթղթեր ներկայացնել, որովհետեւ պահանջվող փաստաթղթերի քանակը երկու անգամ կրճատվել է. «Անհրաժեշտ է ներկայացնել միայն ինքնությունը հաստատող փաստաթուղթ, ընկերության կանոնադրությունը եւ պետական տուրքերի վճարման մասին անդորրագիրը»: Ըստ պարոն Դանիելյանի, ներկայումս պետռեգիստրի մարմինները իրավաբանական անձանց համար դժվարություններ են ստեղծում՝ պարզաբանելով, թե նրանց կողմից ներկայացված կանոնադրությունները չեն համապատասխանում օրենսդրությանը. «Այսուհետեւ պետռեգիստրն իրավունք չի ունենալու կանոնադրությունը ստուգել, կհակասի դա օրենսդրությանը, թե ոչ՝ իրենց գործը չէ»: Նախարարն ասաց, որ կնիքի պահանջն էլ է հանվել, այն այլեւս պարտադիր պայման չի լինելու: Նրա խոսքով, բարեփոխումների փաթեթը մշակելիս որոշակի դիմադրությունների են հանդիպել, քանի որ պետական համակարգում դեռ նախընտրում են հին մեթոդներով աշխատել: Նա նաեւ տեղեկացրեց, որ բարեփոխումների արդյունքում համակարգի 10 աշխատակից են ստիպված լինելու կրճատել:
Գործադիրը հաստատել է գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ֆինանսավորման համաձայնագրով տնտեսված միջոցների վերաբաշխումն ըստ ծախսերի կատեգորիաների հաստատելու մասին նախագիծը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի խոսքով, ծրագրի իրականացման համար ձեռք բերված համաձայնագրով աշխատանքներն ընթանում են բավականին արագ, ինչի հետեւանքով տարեվերջին ծրագրի կառավարման ծախսերի խնայողությունները կկազմեն մոտ $700 հազար:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի եւ Խորվաթիայի Հանրապետության կառավարությունների միջեւ տնտեսական, գիտական եւ տեխնիկական համագործակցության, ինչպես նաեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Ըստ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի, համաձայնագրի իրավապայմանագրային հարաբերություններ են ստեղծվում երկու պետությունների համագործակցության համար: Նա նաեւ տեղեկացրեց, որ, ըստ պայմանագրի, ստեղծվելու է միջկառավարական հանձնաժողով: Կառավարությունը հավանություն է տվել նաեւ «էլեկտրահաղորդման եւ բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի շրջանակներում «անվճար» նշմամբ, ՀՀ ներմուծվող ապրանքների նկատմամբ հարկային եւ մաքսային արտոնություններ կիրառելու մասին նախագծին: Ինչպես նիստի ժամանակ տեղեկացրեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, արտոնությունները կկիրառվեն պղնձե դողեր, պաշտպանության ստուգման սարքեր, միաֆազ լարման տրանսֆորմատոր, թվային երկկողմանի վահանակներ, օպտիկական հզորության չափիչ մոդուլ եւ այլ սարքեր ներմուծելու դեպքում. «Խոսքը ՀՀ կառավարության եւ միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջեւ կնքված վարկային համաձայնագրով իրականացվող աշխատանքների մասին է»:
Գործադիրը կրկին զիջումների գնաց «Նատֆուդ» ընկերության հարկային վճարումների հարցում: Ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը, որը երկարաձգվել էր 5 տարով, ավելացվեց եւս հինգ ամսով: Այս կերպ կառավարությունը «Նատֆուդին» հնարավորություն է տալիս ձեռք բերել 1,9 եվրոյի լրացուցիչ սարքավորումներ: Սլովակիայի առաջարկը ՀՀ կառավարությանը՝ երկու երկրների միջեւ միջուկային էներգիայի օգտագործման համաձայնագիր կնքելու մասին, եւս արժանացավ գործադիրի հավանությանը: