Ի հեճուկս Բաքվի հայերի անունից վերջերս Բաքու վերադառնալու ցանկության մասին հայտարարություններ անողների՝ ասում է «Փախստականները եւ միջազգային իրավունքը» ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը:
– «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը տարիներ շարունակ հանդես է եկել ադրբեջանահայ փախստականների խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանին դնելու՝ ՀՀ իշխանություններին ուղղված պահանջով, ինչը մշտապես անտեսվել է: Ինչո՞վ է պայմանավորված վերջին օրերին այս հարցի շուրջ իշխանական եւ որոշ հասարակական շրջանակներում նկատվող անսպասելի ակտիվությունը:
– Այսօրվա հատվածական ակտիվությունը, որն ապահովվում է հատկապես հին ու նոր մի շարք իրավիճակային հասարակական հայտնի եւ անհայտ անձանց կամ կազմակերպությունների միջոցով, անպտուղ ու անհեռանկար է, եթե չասեմ` վտանգավոր հայկական կողմերի համար: Ցավոք, Ադրբեջանում էթնիկ զտումների եւ Ցեղասպանության գործողությունների ենթարկված հայերի իրավունքների պաշտպանության հարցը հայկական կողմերը դիտարկել եւ շարունակում են դիտարկել միայն ժամանակ առ ժամանակ՝ շահարկումների համատեքստում: Օրերս, ընդունելով Հայաստանում ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Դեմթյու Դեսալեյնին, Սերժ Սարգսյանը նշեց, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն երբեք շահարկման խնդիր չեն դարձրել փախստականների հարցը: Սա ինքնին խոսուն հայտարարություն է, քանզի հայկական կողմերն առ այսօր մարդասիրական իրավունքի համատեքստում չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների եւ Ցեղասպանության գործողությունների ենթարկված անձանց խնդրին:
– Ինչո՞ւ:
– Երեւի շահարկման անհրաժեշտությունն այդքան հրատապ չի եղել:
– Այսօր հրատա՞պ է:
– Խնդիրը միշտ է հրատապ լուծման եւ ոչ շահարկման անհրաժեշտություն ունեցել: Ցավն էլ այն է, որ այսօր ձեր նշած ակտիվությունն այդ շահարկման շրջանակներից է: Վերջերս մեկ կամ երկու անձի կատարմամբ հաճախ հնչում են հայտարարություններ առ այն, որ Բաքվի հայերը ցանկանում են վերադառնալ Բաքու եւ այդ նպատակով դիմել են ՄԱԿ-ի գրասենյակ՝ Բաքու վերադառնալու խնդրանքով միջնորդություն ստանալու նպատակով: Բաքու վերադառնալու ցանկություն Բաքվի հայերը չունեն: Դրա մասին են վկայում «Փախստականները եւ միջազգային իրավունքը» ՔՀՑ-ի տրամադրության տակ գտնվող ավելի քան 30 հազար դիմումները, որտեղ Ադրբեջանի քաղաքաբնակ փախստական դարձած հայերը՝ ներառյալ Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից եւ այլ վայրերից, նշում են, որ չեն վերադառնա Բաքու եւ Ադրբեջանի այլ քաղաքներ: Դրա փոխարեն աշխարհի տարբեր ծայրերից ուղղված իրենց դիմումներում նրանք խնդրում են ԼՂՀ իշխանություններին սեփականության իրավունքով իրենց տրամադրել ԼՂՀ իրավատիրույթում գտնվող ազատագրված տարածքները՝ որպես Ադրբեջանում կրած վնասների, մասնավորապես` կորսված հայրենիքի մասնակի փոխհատուցում: Քարոզչական նպատակներով արվող այսօրյա հայտարարությունները խորապես վիրավորել են ադրբեջանահայերին, որոնց վրդովեցրել է այն հանգամանքը, որ իրենց իրավունքների պաշտպանության հարցը վերածել են Ադրբեջանին շանտաժի ենթարկելու գործիքի: Մինչդեռ այդ խնդրին պատշաճ կերպով մոտենալու պարագայում, մշակված քաղաքականություն կիրառելու դեպքում շատ հայանպաստ արդյունքների կարելի էր հասնել`ապահովելով կես միլիոնից ավելի ադրբեջանահայ փախստականների իրավունքների պաշտպանությունը բանակցային սեղանի շուրջ եւ վերջ տալով ազատագրված տարածքների հանձնման վերաբերյալ վարվող անհեթեթ շահարկումներին:
Ադրբեջանը կարողացավ այս խնդիրը տանել միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների պաշտպանության դաշտ ու ստիպում է մեզ այսօր հանպատրաստից քայլեր կատարել, ինչն ավելի է թուլացնում մեր դիրքերը:
– Նկատի ունեք «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձե՞ւը, որը ՄԱԿ-ի ԳԱ 64-րդ նստաշրջանի օրակարգից հանվեց, սակայն ներառվեց 65-րդ նստաշրջանի օրակարգ:
– Ոչ միայն: Մինչ այս բանաձեւը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանին ունեինք եւ ունենք Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթուղթ, որն, ի դեպ, արժանացել է հայկական կողմերի հավանությանը, որտեղ հստակորեն խոսվում է փախստականների եւ ներքին տեղաշարժի ենթարկված անձանց, ԼՂՀ-ի Սահմանադրությամբ ամրագրված ազատագրված տարածքները, վերադարձի ապահովման մասին։ Ձեր նշած փաստաթղթով ՄԱԿ-ի ԳԱ-ն քննարկելու եւ չի բացառվում, որ հաստատելու է միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշների կիրառելիությունը այն իրավիճակին, որը վերաբերում է հակամարտության գոտի հանդիսացող ԼՂ տարածաշրջանին եւ դրա հարակից տարածքներին, վերահաստատելու է նաեւ պարտավորությունը` ապահովել հակամարտության գոտի հանդիսացող ԼՂ տարածաշրջանից ու դրա հարակից տարածքներից արտաքսված բնակչության անքակտելի իրավունքը՝ վերադառնալ իրենց տները: Ընդգծելու է դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:
Շարունակելի