Երեւանի Վարչական դատարանը մերժել է Հայոց Համազգային Շարժման հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի: Այս հայցով ՀՀՇ-ն պահանջում էր անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետարանի այն որոշումը, որով արգելվել է սեպտեմբերի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել: Դատավոր Կարինե Բաղդասարյանը հիմնավոր է համարել Երեւանի քաղաքապետարանի այն պատճառաբանությունը, թե Ազատության հրապարակում նույն օրը եւ նույն ժամին անցկացվելու են Էրեբունի- Երեւան տոնակատարության փորձերը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն պատճառաբանությամբ քաղաքապետարանը մերժել էր նաեւ ՀՀՇ-ի՝ սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին իրազեկումը, միաժամանակ արտոնելով հանրահավաքը Մատենադարանի մոտ անցկացնել: Ասել է թե՝ այսօր Մատենադարանի մոտ տեղի կունենա Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած համապետական հանրահավաքը, որի իրազեկման թռուցիկներն, ի դեպ, ոստիկանության քաղաքացիական համազգեստով աշխատակիցներն արդեն քանի օր է՝ հետեւողականորեն պոկում են փակցված տեղերից: