Գյումրու կենտրոնում նորից կրակոցներ են հնչել
«Առավոտի» աղբյուրների հաղորդմամբ, կիրակի օրը, ժամը 17:00-ի սահմաններում, Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող «Արագած» մարզամշակութային ակումբում տեղի է ունեցել հերթական «ռազբորկան»՝ Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի նախկին պետ Հրաչիկ Խաչատրյանի որդու՝ Արկադիի եւ նրա մոտ ընկերոջ՝ Արգիմետ Դիլանյանի միջեւ։ «Ռազբորկան» ավարտվել է կրակոցներով: Ըստ այս օրերին շրջանառվող լուրերի, վերջիններիս միջեւ անգամ քավոր-սանիկային բարեկամական կապ կա: Տեղեկացնենք, որ «Արագած» մարզամշակութային ակումբը պատկանում է Արկադիի հորը՝ Հրաչիկ Խաչատրյանին, ով լինելով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մտերիմ ընկերը ու երկար տարիներ աշխատելով քաղաքապետարանում՝ հարմարեցրեց 99 տարով վարձակալական հիմունքներով վերցնել մշակութային ակումբը:
26-ամյա Արկադի Խաչատրյանը «Մակարով» տեսակի ատրճանակից այնպես է կրակել Արգիմետին, որ վերջինի կրծքավանդակի աջ կեսը, ձախակողմյան թոքը վնասվել է: Թե ո՞րն է եղել Գյումրու «ոսկե երիտասարդության» կռվի թեման, այս մասին պաշտոնական աղբյուրները լռում են, քանի որ, ըստ նրանց, տուժողը դեռեւս անգիտակից վիճակում է, եւ նշանակված են փորձաքննություններ՝ հետքաբանական, դատաբժշկական եւ այլն: Փոխարենը, մեր աղբյուրի փոխանցմամբ, ըստ երիտասարդներից մեկի տված ցուցմունքի, իրենք «հանաք են արել», «կրակոց-կրակոց» են խաղացել: Նույն աղբյուրը նաեւ հայտնում է, որ տուժողը, թեեւ արդեն գիտակցության է եկել, սակայն «գողական աշխարհի չգրված օրենքի համաձայն, հրաժարվում է ցուցմունք տալուց»: Կան նաեւ տեղեկություններ այն մասին, որ տուժողը թմրանյութերի նկատմամբ մեծ սեր ունեցող երիտասարդ է, հետեւաբար նման կարգի «ռազբորկաները» անակնկալ չեն:
Արգիմետ Դիլանյանի վիճակը երեկվա դրությամբ ծանր էր, եւ նրան դեպքի վայրից տեղափոխել են Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց, այնուհետ՝ մայրաքաղաք: Ոստիկանությունը նույն օրը ձերբակալել է Արկադի Խաչատրյանին, իսկ երեկ արդեն կալանավորել: Փաստորեն, օրը ցերեկով, քաղաքի կենտրոնում կրակոցով հարց լուծելու Գյումրվա հին ավանդույթները շարունակվում են, մինչդեռ մայրաքաղաքից Գյումրի եկած ու մարզային ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած պարոն Տեր-Թովմասյանը ամիսներ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին համոզում էր, թե Գյումրին կրիմինալ քաղաք չէ, անգամ բակերում պատերի տակ կանգնող տղաների խմբերն են վերացել: