Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՍՈՒԼԻՍՈՒՄ ԱՍՎԱԾԸ ՀԱԿԱՍԵՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբեր 17,2010 00:00

Գուցե իրոք ուղղակի կարեւորն այն է, որ բացասական երեւույթների մասին խոսվո՞ւմ է

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբի նախագահ Հաջի Մալիկ Սոուն, որը ղեկավարում էր ՀՀ կառավարության հրավերով սեպտեմբերի 6-15-ը մեր երկրում փաստահավաք առաքելություն իրականացրած աշխատանքային խումբը, ըստ Panorama.am-ի՝ սեպտեմբերի 15-ի ասուլիսում նշել էր, թե Հայաստանում իր առաքելության ընթացքում չի տեսել բացասական երեւույթների այն մակարդակը, որը հաճախակի ներկայացվում է ընդդիմադիր մամուլի կողմից: Նաեւ ընդգծել էր, թե Հայաստանում վերջին 15 տարիների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ տեղաշարժեր են գրանցվել, եւ ամենակարեւորն այն է, որ բացասական երեւույթների մասին հրապարակայնորեն խոսվում է:

Սրանք բավական զարմանալի պնդումներ են, եթե հաշվի առնենք, որ նույն ասուլիսում տարածվեց այցելության վերաբերյալ այս խմբի նախնական դիտարկումներն ամփոփող հայտարարությունը, որում շարադրված փաստերը բնավ չեն վկայում ո՛չ մարդու իրավունքների ոլորտում լուրջ տեղաշարժերի, ո՛չ էլ այն մասին, թե ընդդիմադիր մամուլը խտացնում է գույները:

Որպես ապացույց՝ ընդամենը մի քանի մեջբերում անենք այդ ծավալուն՝ 7 էջանոց հայտարարությունից. «Որոշ քրեակատարողական հիմնարկներում աշխատանքային խումբը հայտնաբերեց գերբնակեցվածություն, սանիտարահիգիենիկ վատ պայմաններ, բուժսպասարկման նվազագույն մակարդակ եւ բավարար օդափոխության բացակայություն: ՀՀ կառավարությունը պետք է երաշխավորի բոլոր ազատազրկվածների անվտանգության իրավունքը: Գերբնակեցվածությունը, կարծես, մի շարք եղանակներով նպաստում է կոռուպցիային քրեակատարողական հիմնարկներում, օրինակ՝ կաշառք քիչ գերբնակեցված խցեր տեղափոխելու համար:

Աշխատանքային խմբին մտահոգող հիմնական հարցերից մեկը դատական համակարգի ներքին անկախության բացակայությունն է: Դա առաջին հերթին ոչ թե այն անկախության բացակայությունն է, որը պայմանավորված է պետական տարբեր ատյանների միջամտությամբ, այլ դատապարտողներին ու դատավորներին գործողություններ ծավալելու համար տրված անհրաժեշտ անկախության բացակայությունը: (…) Դատարաններն ու դատավորները, որպես կանոն, բավարարում են դատախազի միջնորդությունները եւ միայն հազվադեպ դեպքերում են բավարարում պաշտպանության կողմի փաստարկները: (…) Դատարաններն ավելի շատ դիտվում են որպես դատախազի կնիք, քան քաղաքացիների իրավունքների պաշտպաններ կամ պատշաճ դատավարության գործընթացի երաշխավորներ: (…) Աշխատանքային խումբը նաեւ նշում է, որ այն չափազանց լայն լիազորությունները, որով օժտված են ՀՀ ԿԱ ոստիկանությունը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերը, նպաստում են շատ անհատների ձերբակալմանն ու կալանավորմանը՝ առանց դատական մարմնի կողմից տված ձերբակալման սանկցիայի: Ձերբակալությունները հաճախ չեն հանդիսանում դրանց նախորդող ոստիկանական հետաքննության արդյունք, այլ մարդկանց ձերբակալում են՝ հետաքննությունն իրականացնելու նպատակով: Սա ազդում է ոչ միայն անձի ազատության, արդար դատավարության եւ անմեղության կանխավարկածի, այլեւ նրա անվտանգության իրավունքի վրա»:

Աշխատանքային խումբն այս արձանագրումներն անելուց հետո տվել է մասնավորապես հետեւյալ հանձնարարականները. «Կալանավորման կիրառումը որպես կանոն, այլ ոչ բացառություն ու խափանման այլ միջոցների չկիրառելը չափից դուրս մեծացրել է կալանավորման դեպքերի քանակը: Անհրաժեշտ են օրենքի եւ դատարանների բարեփոխումներ, ինչպես նաեւ փոփոխություններ վարչական գործառույթներում: Գրավով ազատելու կամ կասկածյալներին կալանավորելու չափորոշիչները պետք է հստակեցվեն՝ դրանցից բխող պրակտիկայի համապատասխան փոփոխություններով: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ձերբակալության եւ հարցաքննության ընթացքում կատարվող բռնություններին»:

Նշենք նաեւ, թե այս խմբի վերջնական զեկույցը ներկայացվելու է Մարդու իրավունքների խորհրդին՝ 2011թ. մարտին: Իսկ մեր երկրում արձանագրված նախադեպերը վկայում են, որ միջազգային կառույցների նախնական զեկույցները դեռ ավելի մեղմ են լինում, քան վերջնական գնահատականները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել