Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարություններին պատասխանել է ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցերին, երեկ հերթական անգամ հայտարարել էր, թե Ղարաբաղն Ադրբեջանի պատմական տարածքն է, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, նաեւ նշել էր, թե հայերը տարիներ շարունակ ոչնչացրել են ադրբեջանցիների պատմական եւ կրոնական հուշարձանները: Հարեւան երկրի նախագահի կողմից հնչած այս հայտարարություններին պաշտոնական պատասխան չհնչեց: Սակայն «Առավոտի» հետ զրույցում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իզուր է հարեւան երկրի նախագահը իր այդ կարգի հայտարարություններով անհարմար վիճակում դնում եւ իրեն, եւ իր ժողովրդին. «Հուսով եմ՝ Ադրբեջանի սուլթանի շրջապատում ի վերջո կգտնվեն գրագետ մարդիկ, ովքեր վերջինիս խորհուրդ կտան իրեն ու իր ժողովրդին անհարմար դրության մեջ չգցել»:
Էդուարդ Շարմազանովը ծիծաղելի է համարում Ալիեւի հերթական հայտարարությունը եւ հիշեցնում, որ ժամանակին՝ մի այս կարգի հայտարարությունից հետո, խորհուրդ էր տվել հարեւան երկրի նախագահին այցելել Հռոմի Ֆորում հրապարակ եւ ուսումնասիրել Հին աշխարհի քարտեզը, որտեղ նա անպայման կտեսներ, թե Հայաստան (Armenia) անվանման տակ ինչ տարածքներ են ընդգրկված. «Եթե նա չգիտի, ապա հավանաբար հարկ կա եւս մեկ անգամ հիշեցնել, որ դրանից ավելի քան 2 հազար տարի հետո է միայն առաջացել Ադրբեջան կոչվող արհեստական պետությունը: Ինչքան որ Կոստանդնուպոլիսն են թուրքերը ստեղծել, այնքան էլ Արցախն ադրբեջանական տարածք է եղել. կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է»:
Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսող Իլհամ Ալիեւին ԱԺ պատգամավորը մեկ խորհուրդ եւս տվեց՝ ծանոթանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, «որտեղ, մասնավորապես, նշվում է, որ հայտնի երեք սկզբունքներից ոչ մեկը (տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում) չի կարող գերակա լինել մյուս սկզբունքների նկատմամբ: Նման հայտարարություններ անելուց առաջ թող ուշադիր կարդա այդ հայտարարությունները: Էլ չեմ ասում, որ ԼՂ-ն ոչ մի օր, ոչ մի ժամ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Խոսել տարածքային ամբողջականության մասին ու նկատի ունենալ Արցախը, առնվազն անհեթեթություն է: Արցախն ավելի շուտ է ԽՍՀՄ-ից անկախացել, քան նույն Ադրբեջանը»: