Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՉԱՐԱՄԻՏ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 17,2010 00:00

\"\"ՀՀ ՊՆ ՌՈ-ն զբաղվում է սեպտեմբերի 10-ին Այգեստանում տեղի ունեցած «ռազբորկայի» գործով

Օրեր առաջ «Առավոտը» տեղեկացրել էր Երեւանի փողոցներից մեկում տեղի ունեցած հերթական միջադեպի՝ մի քանի երիտասարդների մասնակցությամբ «ռազբորկայի» մասին: Դեպքը կատարվել էր սեպտեմբերի 10-ի երեկոյան, ժամը 18:00-ի սահմաններում: Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասում, Ջոն Կիրակոսյանի անվան (նախկին՝ Ձերժինսկու) դպրոցի աստիճանների մոտ, «Առավոտի» տեղեկություններով, ավելի քան 10 երիտասարդներ, որոնք այդ տարածք էին ժամանել արտասահմանյան մակնիշի մեքենաներով՝ հիմնականում «ջիփեր», իրար մի լավ ծեծել էին ու հասցրել էին մինչեւ ոստիկանության ժամանելը փախուստի դիմել: Դեպքի վայր «պոստ-ֆակտում» ժամանած ոստիկանության Կենտրոնի բաժնի եւ Նորք-Մարաշ բաժանմունքի աշխատակիցները, Երեւանի ճանապարհային ոստիկանության պետը միջադեպի վայրում՝ դպրոցի բակում, իրար հետ հաշիվ պարզող երիտասարդների փոխարեն հայտնաբերել էին նրանց թողած ռետինե մահակներն ու ծեծի հետքերը: Դեպքի վայրում փորձագետներն աշխատանքի էին անցել՝ տեղազննություն էր կատարվել: Ականատեսներից ոմանք ոստիկաններին փոխանցել էին այն մի քանի ավտոմեքենաների համարանիշները, որոնցով ծեծկռտուքի մասնակիցները փախուստի էին դիմել: Ի դեպ, ոստիկանության դեպքի վայր ժամանելու պահին այնտեղ էր եղել նաեւ «Առավոտի» ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը, որը հասցրել էր տեղում լուսանկարել «ռազբորկայի» իրեղեն ապացույց հանդիսացող ռետինե մահակները:

Այս միջադեպը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի ամփոփագրում տեղ չէր գտել, ինչը մեզ արդեն ենթագիտակցաբար հուշում էր, որ ծեծկռտուքի առնվազն մասնակիցների թվում ազդեցիկ մարդկանց զավակներ են եղել: Մեր այս դիտարկումները հաստատվեցին: «Առավոտին» հայտնի դարձավ, որ միջադեպի պատճառը երիտասարդների երկու խմբերի միջեւ դրանից մի քանի ժամ առաջ ծագած կենցաղային վեճն է եղել. ըստ որոշ տեղեկությունների, կողմերից մեկը մյուսին ավտոճանապարհ չի տվել, թե ով՝ ում, դեռ մեզ հայտնի չէ: Մեր աղբյուրների ասելով, «ռազբորկայի» մասնակից երկու կողմերն էլ, իրոք, բավականին ազդեցիկ մարդկանց զավակներ են: Նրանցից մի կողմում նախկին ոստիկան, ժամանակին Խորհրդային շրջանի եւ ապա նաեւ Արաբկիրի քրեական հետախուզության բաժնի պետ, մի խոսքով՝ ոստիկանությունում այլ բարձր պաշտոններ զբաղեցրած, այսօր էլիտար եւ շատ դեպքերում ապօրինի շինարարության բիզնեսով զբաղվող, այգեստանցի Սիմոն Աղազարյանի (թե ով է նա՝ մենք քիչ հետո կհիշեցնենք- Ն. Մ.) որդին՝ Աշոտ Աղազարյանն ու Սիմոն Աղազարյանի՝ ԱՄՆ-ում ապրող եղբոր՝ Ստեփանի տղաներն են եղել՝ Աղասին ու Հակոբը: Մյուս կողմը է՛լ ավելի ազդեցիկ պաշտոնյայի զավակ է՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի կրտսեր որդին՝ Նարեկը, որը ծեծկռտուքի ժամանակ ռետինե մահակներից ստացված վնասվածքներով տարվել է հիվանդանոց, բայց դա էլ՝ ոչ պաշտոնական գրանցմամբ: Մեր աղբյուրների հավաստմամբ, ծեծկռտուքի ժամանակ Աշոտիկ Աղազարյանը գործի է դրել իր օրինական, բայց թույլտվության ժամկետն արդեն անցած գազային ատրճանակը: Ըստ չճշտված տեղեկությունների, «ռազբորկային» մասնակցել եւ ծեծվել է նաեւ Կ. Կարապետյանի եղբոր՝ «Կալուգայի Սամվելի» անչափահաս որդին:

Միջադեպի առնչությամբ ոստիկանության Կենտրոնի բաժնում քրգործ է հարուցվել՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է՝ խուլիգանություն, որը «զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով», կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ: Այս հոդվածով նախատեսված պատիժը չորսից յոթ տարի ժամկետով ազատազրկումն է: Թե չարամիտ այս խուլիգանության գործով ով ինչ կարգավիճակ ունի՝ դեռ հայտնի չէ: Բանն այն է, որ մեզ հասած տեղեկություններով, այս քրգործը տեղափոխվել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարույթ, որովհետեւ, պարզվում է՝ խուլիգանություն կատարելու պահին Աշոտիկ Աղազարյանը գտնվել է զինծառայության մեջ: Ըստ մեր աղբյուրների, նա իր զինվորական ծառայությունն անցնում է Հրազդանի ռազմական ոստիկանությունում, բայց կոնկրետ ժամանակահատվածում նա ինքնագլուխ թողել է ծառայության վայրն ու գտնվել է Երեւանում: Ա. Աղազարյանը կալանավորված է ու, հավանաբար, կպատժվի կամ խուլիգանության, կամ միայն «սամավոլկայի» համար, գուցե նաեւ՝ երկուսը միասին, եթե, իհարկե, ազդեցիկ հայրը չմիջամտի:

Երեկ, երբ այս տեղեկությունները ստացանք, աշխատանքային ժամն արդեն վաղուց ավարտվել էր, բայց «Առավոտը» փորձեց ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից ճշտել ստացված լուրի իսկությունը: ՊՆ-ից մեզ խոստացան խնդրո առարկայի շուրջ տեղեկություն տալ արդեն այսօր:

Թե այս գործով ինչպիսի զարգացումներ կլինեն՝ կհետեւենք:

Հիմա անդրադառնանք Սիմոն Աղազարյանի մասին մեր խոստացած ակնարկին: Ս. Աղազարյանը, որը հայաստանյան չափանիշներով՝ եւս ազդեցիկ մարդ է համարվում, ոստիկանությունում տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել եւ վայելել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի հովանավորությունը մինչեւ այն պահը, երբ տների առուծախի հետ կապված մեքենայությունների համար նրա դեմ գործ է հարուցվել: Ասում են՝ 2004թ.-ին նա անգամ խարդախության հոդվածով դատապարտվել է, բայց այս տեղեկությունը պաշտոնական չէ: Փոխարենը՝ պաշտոնական տեղեկություն է այն, որ նրա անունը դատական դեպարտամենտի պաշտոնական կայքում մշտական տեղ է զբաղեցրել. 2008-ին որպես «Գապբնակշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչ նա հանդես է եկել պատասխանող կողմի կարգավիճակում՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերը որպես կեղծ գործարքներ առոչինչ ճանաչելու մի գործով, 2009-ին՝ քաղաքացի Էմիլյա Մանուչարյանի հայցով՝ որպես պատասխանող, ինչ-որ պայմանագիր ուծելու եւ գումար բռնագանձելու գործով եւ այլն: Բոլոր դեպքերում, սակայն, Ս. Աղազարյանը այդպես էլ պատիժ չի կրել. ընդամենը հեռացվել է իրավապահ համակարգից: Նրա անունը շրջանառվում էր նաեւ Երեւանի Կենտրոնում «պետական գերակա շահ» համարված տարածքներում որպես էլիտար շենքեր կառուցող ընկերության սեփականատիրոջ: Ս. Աղազարյան անունը կապվում է միանգամից մի քանի ընկերությունների՝ «Գապբնակշինի»՝ որպես ՍՊԸ ներկայացուցչի, «Գրադինվեստ» ՍՊԸ-ի հետ՝ որպես փոխտնօրենի ու, վերջապես, «Վիզկոնի» հետ՝ որպես ընկերության գործադիր տնօրենի: Ի դեպ, մինչ այս, վերջին անգամ նրա անունը անուղղակիորեն հիշատակվել է մեկ էլ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի կողմից: Վերջինս խորհրդարանում քաղաքաշինության նախարարին ապօրինի շինությունների վերաբերյալ հարց էր ուղղել՝ մատնանշելով կոնկրետ հասցեներ: Դրանցից մեկը Մուշեղ Իշխանի անվան թիվ 29 միջնակարգ դպրոցին (Սարյան 23) կից կառուցվող բարձրահարկ շինությունն էր, որը կառուցում էր նույն ինքը՝ Սիմոն Աղազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել