Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԲԱՆԱԿՆ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ Է, ՔԱՆ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

Սեպտեմբեր 17,2010 00:00

\"\"Այս կարծիքին է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը

– Վերջին շրջանում բանակում ցավալի դեպքերի աճ է նկատվում, եւ այս ամենի շուրջ աղմուկ է բարձրացել, ձեր կարծիքով՝ ինչո՞վ է դա պայմանավորված:

– Մի մոռացեք, որ ոչ միայն մեր երկրում, այլեւ գրեթե բոլոր երկրներում էլ կան նման խնդիրներ, բոլոր բանակներում որոշ ցավալի դեպքեր են կատարվում: Եվ եթե նայենք այդ ցավալի խնդիրներին քանակական առումով, վերջին 10 տարիների ընթացքում բավականին կտրուկ նվազում են ապրել: Բայց թեկուզ մեկ դեպքն անթույլատրելի է եւ պետք է դառնա քննարկման առարկա։ Ես ուրախ եմ, որ մեր պաշտպանության նախարարն ինքն անձամբ նախաձեռնեց եւ հրապարակային քննարկում կազմակերպեց, եւ նախարարն ի ցույց դրեց այն պատասխանատուներին, ովքեր պարտավոր էին ուշադիր լինել, եւ իրենց անմիջական պատասխանատվության դաշտում էր, որպեսզի նման դեպքեր չլինեն: Նախարարը պատասխանատվության ենթարկեց նաեւ այն հրամանատարական կազմը, որը թերացել էր իր պարտականությունների կատարման գործում: Գտնվեցին եւ մեղավորները, նրանք, ովքեր պետք է քրեորեն պատասխանատվության ենթարկվեն: Այս ամենը նշանակում է, որ պաշտպանության նախարարն անձամբ, նախարարությունը, մեր երկրի ղեկավարությունը գնում են այն ճանապարհով, որ եղած բոլոր թերությունները դարձնեն հրապարակային քննարկման առարկա, եւ պատժելիությունը եւս լինի հրապարակային: Հաճախ հարց է հնչում՝ արդյոք ճի՞շտ է, որ բանակը այսպես հրապարակային քննարկի իր թերությունները: Կարծում եմ՝ այո, ոչ միայն ճիշտ է, այլեւ՝ անհրաժեշտ, եւ ճիշտ է, որ հենց բանակի ներսում քննարկվեն թերությունները եւ ոչ թե աշխատի փչացած հեռախոսի սկզբունքը, եւ հասարակության մեջ սխալ տպավորություն ձեւավորվի: Ցավոք, մեր բանակի թերությունների հանդեպ չարախնդացողները շատ են: Այն, որ բանակում կան թերություններ, եւ մեր հասարակությունը պետք է օգնի բանակին՝ հաղթահարելու դրանք, միանշանակ պարզ է: Բայց կան ոչ միայն չարախնդացողներ, այլեւ այդ չարախնդությունն ուղղորդողներ, այ, սա է վտանգավորը եւ ցավալին: Չպետք է մոռանալ, որ բանակը մեր պետության, մեր անկախության ամենակարեւոր բաղադրիչներից է, մեր անկախ պետության ծնունդն է եւ ամենակայացած կառույցը, եւ բանակի զարգացման ու ամրապնդման համար պատասխանատու ենք բոլորս, որովհետեւ բանակը համալրվում է մեր միջավայրում ծնված պատանիներով, եւ մենք բանակ ենք ուղարկում այդ միջավայրում դաստիարակված երեխաներին: Եթե մի տեղ կան մարդիկ, ովքեր իրենց ձեռքին զենք ունեն, իհարկե, այդ տեղում անհրաժեշտ է խիստ հսկողություն եւ միջամտություն, որպեսզի ցավալի ու ողբերգական դեպքեր չլինեն: Կառավարությունը նախաձեռնել է հայեցակարգ, որը հրապարակավ քննարկվեց, զինվորական կանոնագրքում հստակ սահմանվելու են հրամանատարի եւ զինվորի իրավունքները եւ պարտականությունները: Սա, կարծում եմ, քայլերից մեկն է, որպեսզի բանակում վերանան ոչ կանոնակարգային հարաբերությունները:

– Ինչո՞ւ են այսօր բանակի մասին այսքան շատ խոսում:

– Կարծում եմ՝ այս ամենը կազմակերպված եւ կանխամտածված հակաքարոզչություն է, դիվերսիա մեր բանակի դեմ, մեր անկախության, մեր պետականության եւ սահմանների անձեռնմխելիության հիմնական երաշխավորի, մեր անկախության կայացած կառույցի դեմ:

– Դուք գիտեք նաեւ, թե ո՞ր ուժերն են սա կազմակերպում:

– Չեմ կարող կոնկրետացնել, բայց մի բան հստակ է. որտեղից էլ նրանք լինեն՝ դրսի ուժեր, թե ներսի, դրանք մեր պետության թշնամիներն են, որովհետեւ ձեռք են բարձրացնում մեր սրբության վրա: Իսկ բանակը մեր սրբությունն է: Ոչ մեկի մտքով թող չանցնի, թե ես չգիտեմ մեր բանակի թերությունների մասին: Բայց այն, ինչ կատարվում է բանակի շուրջ, այն, թե թերությունները ինչ ձեւով են շահարկվում՝ ընդհուպ հասցնելով հրաժարականների պահանջի, անթույլատրելի է:

– Դուք համաձա՞յն եք, որ բանակը մեր հասարակության հայելին է:

– Այո, դուք ճիշտ նկատեցիք, բանակը մեր հասարակության հայելին է: Բանակը համալրվում է այն անձանցով, որոնք դաստիարակվում են մեր հասարակության ներսում: Եվ սա հասկանալով՝ բանակից պահանջել իդեալական վիճակ, մենք իրավունք չունենք, որովհետեւ մենք բանակը չենք համալրում իդեալական կադրերով, բանակը այնպիսին է, ինչպիսին մեր հասարակությունն է: Ավելին ասեմ՝ անգամ բանակն ավելի լավն է, քան մեր հասարակությունը:

– Մենք սովոր ենք ասել, որ բոլոր բանակներում էլ լինում են ողբերգական, ցավալի դեպքեր, բայց, համաձայնեք, դա չի մխիթարում:

– Համաձայն եմ, չի մխիթարում, որովհետեւ մենք պետք է ամենից շատ ձգտենք ավելի լավ վիճակի: Մի մոռացեք, որ առաջին քայլը՝ թերությունները վեր հանելու ուղղությամբ, կատարել է պաշտպանության նախարարությունը: Յուրաքանչյուր ծնող պետք է հավատա եւ տեսնի, որ մեղավորները հրապարակային են պատժվելու, ինչը, ըստ էության, արդեն կատարվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել