Այս մասին փաստեց տնօրենը
Երեկ Համազգային թատրոնում կայացավ Հրանտ Մաթեւոսյանի «Կայարան» ներկայացման պրեմիերան, որին ընդառաջ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը եւ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հանդիպեցին լրագրողների հետ: Ըստ Վ. Մկրտչյանի՝ «Կայարանով» բացվում է թատրոնի 19-րդ թատերաշրջանը: Նա նաեւ նշեց, որ ներկայացումը նվիրված է Հ. Մաթեւոսյանի 75-ամյակին:
Ս. Սարգսյանը ասաց, որ նախկինում ամեն մի թատերաշրջանի բացում դառնում էր հանրապետական եւ համամայրաքաղաքային երեւույթ՝ «այժմ այդ ավանդույթները մոռացանք եւ ամեն ինչ հասարակացավ, իսկ ինչ որ բան երբ հասարականում է՝ արդեն կորցնում է իր արժեքը»:
Վ. Մկրտչյանն ընդգծեց, որ թատրոնի խաղացանկում կան ներկայացումներ, որոնք մեծ ուսումնադաստիարակչական գործ ունեն անելու, հատկապես՝ մատաղ սերնդի համար:
Ի հավելումն տնօրենի խոսքի, հայ մեծ դերասանը նշեց, որ առանց թատրոնի՝ չի լինում ոչ ժողովուրդ, ոչ պետություն, իսկ պետականությունը դժվար է կառուցել. «Թատրոնը վիթխարի ուժ է: Թատրոնը մեծ դեր ունի խաղալու մեր հասարակության կյանքում»:
Ս. Սարգսյանը սրտնեղեց, որ թատրոնն այսօր չի կատարում իր հասարակական դերը՝ «չի օգնում պետական շինարարությանը, չի օգնում հասարակության կազմավորվելուն, չի օգնում շատ պարզ պատճառով` երկար ժամանակ անուշադրության մատնված է եղել իշխանությունների կողմից, իսկ հասարակությունն էլ կորցրեց իր հենքերը…»:
«Թատրոնն առաջին հերթին հանդիսատես է, առանց հանդիսատեսի՝ թատրոն չի լինում: Մենք սկսել ենք չհավատալ հեքիաթներին. դա շատ վատ հատկություն է»,- շեշտեց Սոս Սարգսյանը:
Վ. Մկրտչյանի փոխանցմամբ, Համազգային թատրոնը մտահոգված է հասարակության շրջանում թատրոնի հանդեպ նախկին վերաբերմունքի վերականգնումով. «Նախկին՝ 18-րդ թատերաշրջանի ժամանակ մենք մյուսների պես չաղաղակեցինք, թե ամենալավն ենք, եկեք մեր թատրոն… Այլ խոսեցինք զուտ թատրոն երեւույթի մասին՝ այդկերպ գրանցելով միայն անցյալ կիսամյակում 40% հանդիսատեսի աճ»:
Համազգային թատրոնի տնօրենը խոսեց նաեւ թատրոնի հետագա ծրագրերից. «Հոկտեմբերին Իտալիայի դեսպանության հետ համատեղ Հայաստան է հրավիրվել Անտոնիո Ասլանը, հանդիպումը տեղի է ունենալու Համազգային թատրոնում, որից հետո կլինի իտալական ժամանակակից ֆիլմերի փառատոն»: Տեղեկացրեց նաեւ, որ շարունակվելու է թատրոնի համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի հետ եւ նախատեսված է մեծ թատերական նախագիծ Եվրամիության հետ, որի մասին կտեղեկացվի լրացուցիչ: