Շեքսպիրյան փառատոնը ֆինանսական խնդիր ունի
Երեկ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բացվեց Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որի հանդիսավոր բացումը կայացավ «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացման առաջնախաղով:
Փառատոնը այս տարի նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 15-24-ը եւ նվիրված է հայ մեծ թատերագետ, ակադեմիկոս, ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի եւ Շեքսպիրյան կենտրոնի հիմնադիր Ռուբեն Զարյանի ծննդյան 100-ամյակին: Փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ այս տարի փառատոնը ֆինանսական խնդիրներ ունի: «Մի պահ որոշեցի փառատոն չանել, բայց երկու շատ կարեւոր հանգամանք ինձ ստիպեց արդեն ութերորդ անգամ անցկացվող Շեքսպիրյան փառատոնը կրկին անել: Նախ այն, որ ինձ հնարավորություն ընձեռվեց Հայաստան հրավիրել 20-րդ դարի խոշորագույն բեմադրիչ Փիթեր Բրուկի «VARUM,VARUM» ներկայացումը, որը Բրուկը անցյալ տարի բեմադրել էր Ցյուրիխի դրամատիկական թատրոնում: Եվ երկրորդ՝ Շեքսպիրյան փառատոնը բավական լուրջ լիցք հաղորդեց հայ թատրոններին, ժամանակակից հայ թատերական դաշտին, որպեսզի բեմադրվեն շեքսպիրյան նոր բեմադրություններ, չկոտրվի այդ էնտուզիազմը, շեքսպիրյան ավանդույթները հայ թատրոնում պահելու լուրջ խթան հանդիսանա»,- ասաց Հ. Ղազանչյանը: Նա ասաց նաեւ, որ իր համար շատ անհասկանալի պատճառներով Շեքսպիրյան փառատոնը, ի տարբերություն մյուս փառատոների, այս անգամ պետական բյուջեի ուշադրությանը չարժանացավ: Ըստ Ղազանչյանի, մարդիկ, որոնք կարող էին փառատոնը մշտական ֆինանսավորման արժանացնել՝ այս տարի դա չարեցին. ի դեպ՝ անցյալ տարի փառատոնը ֆինանսավորել է նաեւ Երեւանի քաղաքապետարանը, իսկ այս տարի՝ ոչ:
Բանախոսը ընդգծեց, որ եթե փառատոնը շարունակի ֆինանսապես անտեսված մնալ, ապա ստիպված կլինեն այն փակել: Դառնալով ծրագրին՝ հայտնեց, որ շեքսպիրյան օրերի ընթացքում կլինի մի քանի ներկայացումների պրեմիերա. Մնջախաղի թատրոնի «90-րդ սոնետը», ՀԹԳՄ -ում բեմադրված «Ջուլիետը» եւ Շրջիկ թատրոնի «Խաղո՞ւմ ենք Շեքսպիր» ներկայացումները:
Փառատոնի նախագահը հատկապես կարեւորեց Լվովի «Վոսկրեսենիե» (Ուկրաինա) թատրոնը, որն էլ կեզրափակի փառատոնը:
Արտերկրյա հյուրերի շարքում է նաեւ Ինսթաբիլի Վագանտի թատրոնը (Իտալիա), որը կներկայանա իր «Լենզ» բեմադրությամբ: Հ. Ղազանչյանը հավելեց, որ մուտքը փառատոնի ներկայացումներին անվճար է, բացառությամբ հայ թատրոնների, որոնք իրենց խաղացանկային ներկայացումներով են մասնակցում փառատոնին (Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնը իր «Հուլիոս Կեսար» եւ Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնը՝ «Սխալների կոմեդիա» ներկայացումներով): Նշենք, որ մարզային թատրոններից էլ փառատոնին կմասնակցի Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնը՝ Վ. Շահվերդյանի բեմադրած «Լիր արքա» ներկայացմամբ: