ՖԻՖԱ-ն երեկ հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանի հավաքականն ընթանում է 105-րդ հորիզոնականում, տեղեկացնում է armsport.am կայքը: Նախորդ հրապարակման համեմատությամբ մեր ընտրանին նահանջել է 9 հորիզոնականով՝ դուրս մնալով աշխարհի ուժեղագույն 100 հավաքականների շարքից:
«Եվրո-2012»-ի ընտրական փուլի մեկնարկային 2 հանդիպումներում Հայաստանը 1 միավոր վաստակեց. սեփական հարկի տակ Վարդան Մինասյանի թիմը 0:1 հաշվով զիջեց Իռլանդիային, իսկ հյուրընկալվելիս 2:2 հաշվով ավարտեց Մակեդոնիայի հետ մրցավեճը: Վերջինս նախորդ ամսվա համեմատությամբ նահանջել է 5 հորիզոնականով եւ այժմ 71-րդն է: Հայաստանի առաջիկա մրցակից Սլովակիայի հավաքականն առաջադիմել է 11 տեղով եւ ներկայումս 16-րդն է: Սլովակները աշխարհի 20 ուժեղագույն հավաքականների շարքում են հայտնվել սեպտեմբերի 7-ին Մոսկվայում Ռուսաստանի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ: Այդ պարտության պատճառով ռուսներն այժմ 25-րդն են, մինչդեռ նախորդ աղյուսակում գտնվում էին հենց սլովակների զբաղեցրած դիրքում՝ 16-րդ տեղում: Իռլանդիայի հավաքականը 3 տեղով առաջադիմել է եւ 33-րդն է: